Ադրբեջանցիների ամենատարբեր սպառնալիքներին, ընդհուպ սպանելու, Անդրեն ժպիտով է վերաբերում: Մարտի 12-ից էլեկտրոնային փոստով վիրավորանքներ եւ շանտաժներ պարունակող բազմաթիվ նամակներ է ստացել ադրբեջանցիներից, սակայն փակել է աչքերն ու ականջները վատ, վիրավորական խոսքերի, անառողջ քննադատության առաջ եւ մրցույթին մեկնելու է հաղթանակի ակնկալիքով: «Չկա մասնակից, որ հոգու խորքում հաղթել չուզենա, երեկ հրավիրված ասուլիսին ասաց Անդրեն: Ինձ համար անսպասելի էր այսպիսի հաջողությունն ինտերնետում»: Իսկ ինտերնետային քվեարկության արդյունքներում առաջին հնգյակում Անդրեն մրցում է Ռումինիայի, Հունաստանի, Անդորրայի մասնակիցների հետ: Ի դեպ, Անդրեն հավանել է Անդորրայի եւ Ռումինիայի ներկայացուցիչների երգերը:
Երգիչը հերքեց այն խոսակցությունները, թե իբր ինքը թեւաթափ է, ընկճված: «Կարծիքներին ուշադրություն չեմ դարձնում, ինձ համար կարեւորն իմ կարծիքն է: Ով չի սիրում, կարող է չլսել երգս: Եթե ես չսիրեի, չէի կատարի: Միջազգային ութ մրցույթներին Կոմիտաս ու «Հորովել» եմ ներկայացրել: «Նարոդնի արտիստ» մրցույթին, որտեղ բոլորը ռուսերեն են երգում, «Հով արեք, սարեր ջան» եմ երգել: Սա (մրցույթին ներկայացվող երգը-Թ. Մ.) մոդեռն ոճի է»:
Մինչեւ մայիսի 18-ըՙ «Եվրոտեսիլ 2006»-ի կիսաեզրափակիչ փուլն Անդրեն «պրոմոտուրերով» հանդես կգա Ռումինիայում, Բելառուսում, Մոլդովայում, Անդորրայում, Մոնակոյում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ Հունաստանում:
Պատասխանելով «Ազգի» հարցին, «Եվրոտեսիլ-2006»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հանրային հեռուստաընկերության արտասահմանյան կապերի բաժնի վարիչ Դիանա Մնացականյանն ասաց, որ վերոհիշյալ երկրներում գործող հեռուստաընկերությունների երաժշտական ալիքները կազմակերպում են շոու ծրագրեր, որոնց ընթացքում Անդրեն կներկայացնի իր երգը, տեսահոլովակը: Դիանա Մնացականյանն ավելացրեց, որ Հայաստանում «պրոմոտուրերով» հանդես գալու ցանկություն են հայտնել Իսրայելի, Կիպրոսի ներկայացուցիչները, հեռուստատեսությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանի պրոդյուսերի հետ:
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մեկն է 38 հեռուստաընկերություններից, որոնք իրականացնում են շոու ծրագիրը: Մնացականյանը չցանկացավ նշել Հ1-ի ծախսերի չափը, սակայն ասաց, որ դա բնականաբար չի համեմատվում BBC-ի, ZDF-ի ծախսերի հետ:
Ասուլիս հրավիրողները չցանկացան մանրամասնել, թե ինչ է ներկայացվելու մայիսի 18-ին, միայն նշեցին, որ պարը բեմադրել է ռուսաստանյան հայտնի պարուսույց Եգոր Դրուժինը, իսկ հագուստը բավականին տարբերվելու է տեսահոլովակում ներկայացվածից:
Հարցին, թե ինչպե՞ս է ընտրվել հենց այդ երգը, Դիանա Մնացականյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել փակ քվեարկություն: 15 երգի առաջարկ էինք ստացել, հիմնականում արտասահմանից, երեքը Հայաստանից, եւ նախընտրեցինք հայկականը»: Երեք հեղինակներից մյուս երկուսը կոմպոզիտորներ Արամ Ավագյանը եւ Մարտին Միրզոյանն էին:
Դիանա Մնացականյանը համոզված է, որ Հայաստանն ունի «Եվրոտեսիլը» մեր երկրում ընդունելու բոլոր հնարավորությունները, ու եթե Անդրեն հաղթի, մենք կկարողանանք հաջորդ մրցույթն անցկացնել մեր երկրում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ