«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԿԱՐԻԿ ՊԱՍՄԱՃՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ` «ԱՎԱՐՏԱԽԱՂ»

Երկար սպասումներից հետո վերջապես լույս տեսավ բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, նկարչական գործիչ եւ հայտնի հավաքածուորդ Կարիկ Պասմաճյանի երկերի ժողովածուն` «Աւարտախաղ» հատկանշական խորագրով: Գրքի կազմող, առաջաբանի եւ վերջաբանի հեղինակ, արվեստաբան ու գրականագետ Յուրի Խաչատրյանը այդ վերնագիրն է ընտրել հեղինակի կենդանության օրոք հրատարակված գրքերից: Դա ոչ միայն բանաստեղծի վերջին` ինքնագիր քերթվածների հատորի ենթավերնագիրն է, այլեւ խտացումը Կ. Պասմաճյան բանաստեղծի ասուպային կյանքի, հակասական բնավորության, արկածախնդիր նկարագրի եւ, մանավանդ, առեղծվածային անհետացման...

Ժողովածուում ամփոփվել են բանաստեղծի «Լուսատտիկ արեւի մեջ», «Շթաքարեր», «Բեղմնափոշի», «Մահվան եղանակներ» հատորները, «Ամերիկահայ անգլիագիր բանաստեղծներ» երկլեզու ծաղկաքաղը, «Հոդվածներ, թարգմանություններ, էսսեներ» ու «Զրույցներ եւ հարցազրույցներ» հատորները, մի քանի նմուշ նրա ուղարկած եւ ստացած նամակներից, ինչպես նաեւ արվեստաբան Շահեն Խաչատրյանի կարճ հուշագրություն-հոդվածը Կ. Պասմաճյանի մասին:

Նկարիչ Վիգեն Թադեւոսյանի գծանկարներով հարուստ, խնամված, ճաշակավոր այս ժողովածուի մեկենասը մոսկվահայ գործարար Վալենտին Բագիրյանն է, տպագրվել է «Փրինթինֆո» տպագրատանը, լաթակազմ է` սուպեր-շապիկով, 403 էջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4