ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների հերթական վարկանիշային ցուցակը: Վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ ցուցակում բացակայում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Անցյալ տարվա մարտի 10-ին Լինարեսի մրցաշարում հաղթելուց հետո Կասպարովը պաշտոնապես հայտարարել էր շախմատից հեռանալու իր որոշման մասին: Եվ, քանի որ անցած մեկ տարում Կասպարովը պաշտոնական ոչ մի պարտիա չի անցկացրել, ուստի ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, նրա ազգանունը հանվել է դասակարգման ցուցակից:
Եվ այսպես, առաջին անգամ ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակը գլխավորում է աշխարհի ներկայիս չեմպիոն, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը: Հունվարի համեմատ, նա իր վարկանիշն ավելացրել է 3 կետով: Զգալի առաջընթաց է ունեցել օրերս Մոնակոյում ավարտված մրցաշարի հաղթողներից մեկըՙ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը դարձավ աշխարհում 2800-ի սահմանագիծը հատած 2-րդ շախմատիստը:
3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լեւոն Արոնյանը, որն իր վարկանիշն ավելացրել է 4 կետով: Հունվարին Լեւոնը 5-րդն էր, իսկ եթե Կասպարովին հաշվի չառնենք, փաստորեն 4-րդ տեղում էր: Արոնյանը հաջող մրցելույթների շնորհիվ շրջանցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, որն իր վարկանիշը նվազեցրել է 22 կետով: Մոնակոյի մրցաշարի մյուս հաղթողըՙ Ալեքսանդր Մորոզեւիչն ընդգրկվել է լավագույն տասնյակում: Բացի Լեւոն Արոնյանից, աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում Հայաստանից ընդգրկված են նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը: Հակոբյանը 2 կետով ավելացրել է վարկանիշը (2706) եւ 18-րդ տեղից տեղափոխվել է 16-րդ հորիզոնական: Ցուցակում իր տեղն ու վարկանիշը պահպանել է Կարեն Ասրյանը (2646, 61-րդ տեղ): Սմբատ Լպուտյանը 2619 վարկանիշով 94-րդ տեղում է:
Կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը, որը վաղուց ի վեր մասնակցում է միայն տղամարդկանց մրցաշարերին: 50 լավագույնների ցանկում Հայաստանը ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանը (2453, 21-րդ տեղ) եւ Էլինա Դանիելյանը (2422, 38-րդ տեղ):
Մինչեւ 20 տարեկան պատանի շախմատիստների դասակարգման ցանկը գլխավորում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2717), իսկ աղջիկների ցուցակի առաջատարը հնդիկ գրոսմայստեր Հումպի Կոներուն է (2548): Երկու ցուցակներում էլ 20 լավագույնների թվում բացակայում են Հայաստանի ներկայացուցիչները:
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակները (փակագծերում նշված է նախորդ ցուցակում զբաղեցրած տեղը):
Տղամարդիկ
1(2). Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2804 |
2(3). Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2803 |
3(5). Լեւոն Արոնյան | Հայաստան | 2756 |
4(4). Պյոտր Սվիդլեր | Ռուսաստան | 2743 |
5(7). Պետեր Լեկո | Հունգարիա | 2738 |
6(10). Ռուսլան Պոնոմարյով | Ուկրաինա | 2738 |
7(11). Ալեքսանդր Մորոզեւիչ | Ռուսաստան | 2730 |
8(6). Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2729 |
9(9). Բորիս Գելֆանդ | Իսրայել | 2727 |
10(8). Վասիլի Իվանչուկ | Ուկրաինա | 2723 |
Կանայք
1. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2711 |
2.Հումպի Կոներու | Հնդկաստան | 2548 |
3. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2540 |
4. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2520 |
5.Հու Յուհուա | Չինաստան | 2517 |
6. Մայա Չիբուրդանիձե | Վրաստան | 2504 |
7. Անտոանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2502 |
8. Տատյանա Կոսինցեւա | Ռուսաստան | 2489 |
9. Հուանգ Տրանգ | Հունգարիա | 2487 |
10. Չժու Չժեն | Չինաստան | 2483 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ