«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԼՅՈՒԲԻՉԻՉԸ ՓԱԿԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Մայամիում վերջնագիծը հատեց 3,5 մլն դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամով թենիսի միջազգային մրցաշարը: Մրցաշարում բավական հաջող հանդես եկող Դավիթ Նալբանդյանին, ցավոք, չհաջողվեց եզրափակիչ մտնել: Կիսաեզրափակիչում նրա ճանապարհը փակեց խորվաթ թենիսիստ Իվան Լյուբիչիչը, որը երկու խաղափուլում առավելության հասավ 6-1, 6-2 հաշվով: Կիսաեզրափակիչի մյուս մրցախաղում Դավիթ Ֆեռերի նկատմամբ իր առավելությունը հաստատեց թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերը (6-1, 6-4): Հենց վերջինիս էլ ուղեկցեց հաջողությունը վճռորոշ խաղում: Իվան Լյուբիչիչի հետ եզրափակիչ մրցաշարում շատ համառ պայքար ծավալվեց: Բոլոր երեք խաղափուլերում էլ հաղթողը որոշվեց թայմ բրեյքում եւ ավարտվեց Ֆեդեռերի առավելությամբ միեւնույն 7-6 հաշվով:

Տղամարդկանց զուգախաղում հաջողությունն ուղեկցեց Բյորկման-Միրնի զույգին, որը միեւնույն 6-4, 6-4 հաշվով հաղթեց Բոբ եւ Մայքլ Բրայան եղբայրներին:

Կանանց մրցաշարում մեծ հաջողության հասավ ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան: Նա ռուսաստանցի առաջին թենիսիստուհին է, ում հաջողվեց հաղթող ճանաչվել Մայամիի միջազգային խոշոր մրցաշարում: Եզրափակիչի ճանապարհին Կուզնեցովան պայքարից դուրս մղեց Մարտինա Հինգիսին ու Ամելի Մորեսմոյին, իսկ վճռորոշ խաղում ուժերը չափեց իր հայրենակցուհի Մարիա Շարապովայի հետ: Ընդհանրապես, 2004 թ. աշնանից հետո առաջին անգամ էր, որ եզրափակիչում ուժերը չափում էին ռուսաստանցի երկու թենիսիստուհիներ: Կուզնեցովան հաղթեց 6-4, 6-3 հաշվով եւ առաջին անգամ արժանացավ գլխավոր մրցանակին:

Մարզական իր երկարակեցությամբ պարզապես հիացնում է Մարտինա Նավրատիլովան, որն այժմ բացառապես հանդես է գալիս միայն զուգախաղում: Նա ընկերակցելով Խուբերին, հասավ մինչեւ եզրափակիչ: Սակայն անվանի թենիսիստուհուն չհաջողվեց զուգախաղում իր 175-րդ տիտղոսը նվաճել: Ռայմոնդ-Ստոսուր զույգն առավելության հասավ 6-4, 7-5 հաշվով:

Մայամիի մրցաշարից հետո որոշակի փոփոխություններ կատարվեցին թենիսիստուհիների դասակարգման ցուցակում: Հաղթանակն էլ ավելի ամրապնդեց Ռոջեր Ֆեդեռերի առաջատարի դիրքը (492 միավոր): Այժմ նա 306 միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականը զբաղեցնող կիպրոսցի թենիսիստ Մարկոս Բագդատիսին: Եզրափակիչի մասնակից Իվան Լյուբիչիչը 225 միավորով 5-րդ տեղում է: Դավիթ Նալբանդյանը վաստակել է 150 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Կանանց մրցաշարում Սվետլանա Կուզնեցովան զգալի առաջընթաց է ունեցելՙ 332 միավորով տեղ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականում: Իսկ դասակարգման ցուցակը գլխավորում է ֆրանսիացի Ամելի Մորեսմոն (1283 միավոր):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4