«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2006-04-04 | #61, 2006-04-05 | #62, 2006-04-06


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՅՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՅՐ ԱՌԱԾ ՔՐԴԵՐԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ

Դիարբեքիրում ծայր առած քրդական ընդվզումը լայն արձագանք է գտնում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է սպանության պատճառ դարձած ընդվզման համար PKK-ին եւ պաշտոնապես ցավակցություն հայտնել զոհված քաղաքացիներին:

Այսօր Եվրոխորհրդարանը լիագումար նիստում սկսում է քննարկել անցյալ շաբաթ Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները: «Զամանի» տվյալներով, կընդունվի որոշման խորհրդատվական նախագիծ, որն էլ կդրվի քվեարկության: Բացի Եվրոխորհրդարանի անդամներից, նիստում ելույթ կունենան նաեւ Եվրոհանձնաժողովի եւ Եվրոխորհրդի ներկայացուցիչները:

Ի դեպ, երեկ երեկոյան Ստրասբուրգում նույն հարցի առնչությամբ հրավիրվել էր Եվրոխորհրդարանի եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Դա նախորդել էր Մեջլիսի ապրիլի 4-ի նիստին, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն պատգամավորներին իրազեկել է մարտի 28-ից ապրիլի 4-ը կատարված իրադարձությունների առնչությամբ, որոնք երկրում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի բնութագրմամբ «ընդվզում են, ընդ որում ոչ թե Թուրքիայի կառավարության, այլ թուրքական պետության դեմ»:

Մեջլիսի վերոհիշյալ նիստում Բայքալին գրեթե բառացի հաստատել է ներքին գործերի նախարար Աքսուն: Սակայն դա չի նպաստել, որ «ահաբեկչության դեմ պայքարի հարցում» իշխանությունն ու ընդդիմությունը գան ընդհանուր հայտարարի: Ընդհակառակը, հնչել են փոխադարձ մեղադրանքներ:

Համենայն դեպս, թուրքական պետության դեմ քրդերի ընդվզման փաստի հետ Թուրքիայում հաշտվում են իշխանությունն ու ընդդիմությունը, փաստը միջազգային լայն հնչեղություն է ստանում: Ինչ վերաբերում է թուրքական անվտանգության ուժերի հետ քրդերի բախումներին, ապա դրանք որքան էլ պետականորեն պայմանավորվեն PKK-ի ահաբեկչությամբ, այնուամենայնիվ, երկրի հարավարեւելյան շրջանների մի շարք քաղաքապետներ եւ հատկապես Դիարբեքիրի քաղաքապետը, ինչպես նաեւ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության ներկայացուցիչները հրաժարվում են քրդական այս կազմակերպությունը բնութագրել որպես ահաբեկչական: Ավելին, նրանք չեն խորշում այդ մասին նույնիսկ Մեջլիսի հանձնաժողովի առջեւ արտահայտվելուց:

Եթե PKK-ի նկատմամբ հարավարեւելյան քաղաքների տեղական իշխանության մարմինների վերոհիշյալ դիրքորոշումը համադրենք PKK-ականների զինված պայքարը Թուրքիայի դեմ «քրդական դիմադրություն» որակելու Եվրոմիության մոտեցման հետ, ապա պարզորոշ կդառնա, թե ինչո՞ւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը «թերանում» է ահաբեկչության դեմ պայքարում եւ դրա համար դառնում ընդդիմության քննադատության թիրախ, ինչո՞ւ է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում շրջանառվում «Թուրքիայի մասնատման» սցենարը, ինչո՞ւ թուրքական մամուլն այդ սցենարը պայմանավորում է ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրով, մամուլում հայտնվում են հիվանդագին արձագանքներ այդ սցենարին, եւ վերջապես ինչո՞ւ թուրքական անվտանգության ուժերին չի հաջողվում ապահովել հասարակական կարգուկանոն երկրի հարավարեւելյան շրջաններում:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4