ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանում բնակվող կամ այնտեղ ուղեւորվող ամերիկացիներին նախազգուշացրել է, որ այդ երկրում «պահպանվում է ահաբեկչությունների, այդ թվում քաղաքացիական բնակչության դեմ ուղղված գործողությունների վտանգը»:
Պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայության վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախազգուշացումն ուժի մեջ է մինչեւ 2006 թ. սեպտեմբերի 30-ը:
Փաստաթուղթը մտահոգիչ գործոններ է համարում Ռուսաստանում վերջին տարիներին տեղի ունեցող ահաբեկչությունները եւ պատանդառությունները: Այն պնդումն է արվում, որ ներկա իրավիճակը «հավանաբար, միառժամանակ կպահպանվի»:
Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում զգուշավոր լինել, ինչպես նաեւ հարազատներին, ծանոթներին եւ գործընկերներին զգուշացնել տեղաշարժման վտանգների մասին: «Ամերիկացիները պետք է խուսափեն մարդկանց մեծ կուտակումներից, անվտանգության խիստ միջոցներով չուղեկցվող հավաքներից, անչափ զգոն լինեն ռեստորաններում, խաղատներում, գիշերային ակումբներում, բարերում, թատրոններում» ընդգծվում է փաստաթղթում:
Առանձնապես վտանգավոր է բնութագրվում Հյուսիսային Կովկասի տարածաշրջանը: