«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2006-04-04 | #61, 2006-04-05 | #62, 2006-04-06


ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԵՐԻՆ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԱՐՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀՅԴ-Ն ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՄՇԱԿԵԼ

Հայության համար երկքաղաքացիության հարցի կարեւորությունից ելնելով, ՀՅԴ խմբակցությունը որոշել է երկքաղաքացիության օրինագիծը մշակելուց զատ առաջադրել նախՙ «Արտերկրի հայերին ՀՀ երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» օրինագիծը հայեցակարգային տեսքով հանրությանը ներկայացնել, այդպիսով ապահովել հասարակական քննարկում եւ ապա միայն հանդես գալ օրինագծով: Իսկ հայեցակարգի թիրախը ազգային պետական նպատակների շուրջն աշխարհասփյուռ հայության միավորումը, Հայաստանի հզորացման համար նոր հնարավորությունների ստեղծումը, արտերկրում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությունն են: Հայեցակարգի մշակման հենքը միջազգային փորձը, մեր առանձնահատկություններն ու օրենսդրությունն են: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի եւ Լեւոն Մկրտչյանի համոզմամբ հայեցակարգի հենքն ամուր է, մշակումն էլ իրականացվել է մասնագետների գիտակ խմբի հետ: Խմբակցության առաջարկածը հայեցակարգի աշխատանքային տարբերակն է, որում սահմանված է երկքաղաքացիությունըՙ ՀՀ քաղաքացիության հետ միաժամանակ մարդու պատկանելությունն է այլ պետությունների քաղաքացիությանը: Հիմնականում արտերկրի հայերի երկքաղաքացիության կարգավիճակից բխող իրավահարաբերություններն են կարգավորվելու երկքաղաքացիության օրենքով, հետեւաբար հայեցակարգն անդրադառնում է ընտրական իրավունքին, հարկային պարտավորություններին եւ զինապարտությանը իրավունքների եւ պարտականությունների ամբողջական հավասարակշռման սկզբունքով: Ընտրական իրավունք երկքաղաքացիները, հայեցակարգի համաձայն, կարող են ձեռք բերել միայն ՀՀ-ում առավելապես եւ անընդմեջ բնակություն հաստատելու դեպքում:

Երկքաղաքացիների հարկային պարտավորությունները կարգավորման ենթակա են միջազգային պայմանագրերով: Եվ կարեւոր է, ըստ Լեւոն Մկրտչյանի, երկկողմ միջազգային համաձայնագրերի միջոցով կրկնակի հարկման բացառումը:

Երկքաղաքացիները զինապարտ պետք է համարվեն միայն մշտական բնակության երկրում եւ տվյալ պետությունում սահմանված ժամկետով: Երկքաղաքացին միայն մեկ պետությունում պետք է զինապարտ համարվի եւ այլ երկրում զինվորական պարտավորություն կրած լինելու դեպքում ՀՀ բանակում ծառայելու խնդիր չունի: Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին պարտադիր է զինծառայությունը Հայաստանում:

Երկքաղաքացիների երեխաների քաղաքացիության հարցը, ինչպես ամրագրված է հայեցակարգում, որշվում է 1977-ին ԵԽ շրջանակներում ընդունված բանաձեւերով եւ ծնողների համաձայնությամբ: Ծնողների տարաձայնության դեպքում երեխայի քաղաքացիությունը որոշվում է վերջինիս կամքով, ընտրությամբ չափահաս դառնալու պահից:

Զինվորական եւ հարկային պարտավորությունների կատարման դեպքում, ըստ Արմեն Ռուստամյանի, անարդար է ՀՀ քաղաքացուն պատգամավոր կամ երկրի նախագահ առաջադրվելու իրավունքից զրկելը, իսկ Լեւոն Մկրտչյանը վկայակոչեց այլ երկրների փորձըՙ բազմաքաղաքացիներին այդ պաշտոնները զբաղեցնելու իրավունքից զրկելու մասին: Հայեցակարգը նախատեսում է խնդիրը լուծել օրենքով եւ կառավարության սահմանած կարգով: ԱՄՆ-ում ծնված լինելը երկրի նախագահ առաջադրվելու համար պարտադիր պայմանը մեր դեպքում, Արմեն Ռուստամյանի համոզմամբ, տարբերակ չի կարող լինել, քանի որ այնտեղ գործում է հողի, Հայաստանումՙ արյան սկզբունքը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4