Հակառակ դեպքում սպառնում են քաղաքացիական անհնազանդությամբ
«Ազգը» գրել էր, որ դեռ մարտի 17-ին Կոզեռն թաղամասի Պռոշյան 1 նրբանցքի բնակիչները բողոքով դիմել են կառավարություն: Պաշտոնական գրության մեջ նրանք նշել էին, որ դեմ չեն թաղամասում նախատեսված կառուցապատման ծրագրին, սակայն գտնում են, որ պետք է օրինականացնել իրենց սեփականությունը, որից հետո միայն կառավարությունը բնակիչների հետ թող առուծախի պայմանագիր կնքի: Հիշեցնենք, որ կառավարության 2004 թ. 411-Ն եւ քաղաքապետի նույն թվականի 1346-Ա որոշմամբ նշված տարածքը ընդգրկվել է պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում:
Կառավարության պատասխանին սպասող բնակիչներն ալեկոծել է մի հանգամանք: Վերջիններս պարզել են, որ իրենց դիմումը հայտնվել է քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակում (ԾԻԳ): «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքերով, «փաստորեն մենք բողոքում ենք, որ չքանդեն, նրանք մեր գրությունը, կոպիտ ասած, ուղարկում են բուլդոզերանոց»: Այս եւ այլ դժգոհություններ երեկ լրագրողներին ներկայացրին ՀԿ-ի նախագահն ու թաղամասի բնակիչները: Իրենց պահանջները բավարարելու եւ թաղամասի հետագա ճակատագիրը որոշելու համար նրանք կառավարությանը 10 օր ժամանակ տվեցին` հակառակ դեպքում սպառնալով քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել, որի պատասխանատվությունը կմնա իշխանությունների վրա: Իսկ ի՞նչ են պահանջում կոզեռնցիները:
Ամենից առաջ նրանք պահանջում են իրենց սեփականության իրավունքի ճանաչումը, քանի որ, նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքերով, թաղամասում բնակվող 783 մարդկանցից 153-ը հաշվառված չէ: Նախագահի վստահեցմամբ, բնակիչների սեփականության իրավունքը տարբեր պատճառաբանություններով տարիներ շարունակ մերժվել է, որից կարելի է ենթադրել, թե իշխանությունը վաղուց է նպատակներ ունեցել տարածքի հետ կապված: Տարիներ շարունակ նույն տանն ապրող բնակիչները չեն գրանցվել իրենց բնակարաններում, որոնց մեջ են նորահարսեր, ծառայության մեջ գտնվող կամ այն ավարտած երիտասարդներ: «Թաղամասում կան նաեւ մի քանի էլիտար շինություններ, որոնք ընդգրկված չեն իրացման գոտում, դրանց տերերն էլ հայտնի մարդիկ են: Այս երկրում այսպես է. ով ուզում է իրավական ճանապարհով իր հարցերը լուծել, այս օրն է ընկնում, իսկ զոռբաները քեռի-բարեկամներով իրենց հարցերը լուծում են, եւ այսօր մարդիկ հստակ փաստաթղթեր ունեն իրենց ձեռքում», նկատեց նախագահը:
Սեփականության իրավունքի ճանաչման խնդիրը լուծելուց հետո միայն Կոզեռնի բնակիչներն առաջարկում են լուծման 4 տարբերակ. քաղաքացիները կհամաձայնեն իրենց շենք-շինությունները համապատասխանեցնել կառուցապատվող ծրագրին, տեղում կստանան փոխհատուցում շինության տեսքով, ուղիղ առուծախի միջոցով կվաճառեն իրենց շինությունը կառուցապատողին կամ կընդունեն կառավարության առաջարկած փոխհատուցումը:
«Եթե կառավարության առաջարկած փոխհատուցմանը դեմ չեք, այդ դեպքում ինչի՞ համար է այս դժգոհությունը, «Ազգի» հարցին նախագահը պատասխանեց, որ կառավարության առաջարկը բավարար չէ: Այսինքն` իրենք պահանջում են անհատական մոտեցում եւ դեմ են 1 անձի համար կառավարության առաջարկած 3 մլն դրամին, որով, օրինակ, 3 հոգանոց ընտանիքը չի կարողանա քաղաքի այլ հատվածում բնակարան գնել: Բնակիչները դեմ են նաեւ ընդհանուր սահմանված գումարի չափին, որովհետեւ անարդար կլինի, եթե եռահարկի տերը ստանա այնքան գումար, որքան 10 քմ տարածք ունեցողը: Թեպետ, նախագահի խոսքերով, բնակիչները գնային եւ տարածքային որոշակի զիջումների դեմ չեն լինի, եթե ապահովվեն պատշաճ բնակարաններով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ