Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը երեկ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցած «Իրան. Հայացք Հայաստանից» միջազգային գիտական կոնֆերանսում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է, որ մինչեւ այս տարեվերջ Հայաստանը գազ կստանա Իրանից:
Նախկինում, խոսելով Հայաստանին իրանական գազի մատակարարման ժամկետների մասին, Հայաստանի պաշտոնատար անձինք որպես Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտման ժամկետ նշում էին 2007 թ.-ը: Ինչից կարելի էր ենթադրել, որ Հայաստանը իրանական գազ կարող է ստանալ եկող տարի:
Երեւի թե կարիք չկա վերստին անդրադառնալու Հայաստանի համար իրանական գազի նշանակությանը, հատկապես, եթե նկատի ունենանք ներկայումս մատակարարվող ռուսական գազի գների բարձրացումն ու այդ գործընթացի շարունակման մեծ հավանականությունը: Հիշեցնենք, որ «Գազէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդեւը վերջերս տեղի ունեցած «Գազի գործոնը Ռուսաստանի տնտեսության համար» կլոր սեղանի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի եւ Վրաստանի համար գազի նոր սակագինը վերջնական չէ, սակայն դժվարացել էր նշել, թե երբ կհասնի եվրոպական գնին:
Համենայնդեպս, մինչ այդ, երեկ արդեն ՀՀ նախագահը հայտարարեց, որ մեր ազգաբնակչությունը գազի թանկացման գործոնը իր մաշկի վրա կզգա «ընդամենը» 10-15 տոկոսով:
Ա. Մ.