«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2006-04-04 | #61, 2006-04-05 | #62, 2006-04-06


Ի՞ՆՉ Է ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ

Երեւանյան 4 բուհերում` Հայաստանի պետական ճարտարագիտական, Երեւանի պետական լեզվաբանական, մանկավարժական համալսարաններում եւ Գյուղակադեմիայում սկսվել է կրեդիտային համակարգի փորձնական ներդնումը: Երեկ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի պահանջների կատարման նպատակով կրթության եւ գիտության նախարարը տեղեկատվական առաջին սեմինարն անցկացրեց հայաստանյան բուհերի համար: Նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ նպատակը ՀՊՃՀ-ի վերջին 3 տարիների փորձին տեղեկանալը եւ խնդիրները քննարկելն է: Նա տեղեկացրեց, որ բուհերը հիմնականում կրեդիտային համակարգին կանցնեն 2006-2007 ուս. տարվանից:

«Կրեդիտներՙ նշանակում է միավոր ժամանակահատվածում գիտելիքի նկատմամբ որոշակի գնահատականի իրականացում, որին գումարվելու են լաբորատոր, գործնական, գրավոր, անհատական աշխատանքները, դասախոսությունները, եւ ամբողջը կազմելու է այն անհրաժեշտ կրեդիտը, որը տվյալ պարագայում պետք է ուսանողին, բացատրեց նախարարը: Տարվա ընթացքում միջին հաշվով ուսանողը պետք է կարողանա 60 կրեդիտ ունենալ, մագիստրատուրայումՙ 120»:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի 3 ֆակուլտետներից 2-ի առաջին կուրսեցիների ծրագրում կրեդիտային համակարգը ներդրվել է այս ուսումնական տարվա սկզբին: Բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց, որ այն վարկանիշային համակարգ է, որտեղ «հիմնական գնահատականը ձեռք է բերվում ոչ թե քննության, այլ պարապմունքների ընթացքումՙ բուն քննությանը թողնելով ընդամենը 5-10 տոկոսը»: Նա նշեց, որ այս կիսամյակ քննությունները շատ հանգիստ մթնոլորտում են անցել` պայմանավորելով համակարգի ներմուծմամբ: Պատասխանելով «Ազգի» հարցին` Զոլյանն ասաց, որ առաջին կուրսեցիների առաջադիմությունը կտրուկ աճել է: «Կրեդիտները փաստորեն թվանշաններն են, նայած ինչպես ենք հաշվարկում»: Նա ավելացրեց, որ հիմնական բարդություններն առջեւում են, առաջին կուրսեցիների ծրագրերն ավելի հեշտ է հարմարեցնել նոր համակարգին:

ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը լրիվ հակառակ ձեւակերպումը տվեց. «Կրեդիտային համակարգը բացարձակ կապ չունի գնահատման հետ: Մեր բուհում ավելի քան 10 տարի գործում է գնահատման 100-միավորանոց սանդղակը, սակայն ուսանողների կրեդիտները բացարձակ կապված չեն գնահատականի հետ: Գնահատականի համար կա միջին որակական գործակից, որը հարկավոր է ուսման վերջում` որակավորում շնորհելու համար: Միջազգային չափանիշներով մագիստրոսին 120 կրեդիտ է անհրաժեշտ, բայց դա ոչ բավարար պայման է: Բավարար պայմանն այն է, որ նրա միջին որակական գնահատականը լինի 4 հնարավորից 2.7 միավորից ոչ պակաս»: Նա նշեց, որ կրեդիտային համակարգի ներդրման եւ կրթության որակի բարձրացման միջեւ անմիջական կապ չկա:

Համակարգը նորություն է, ներդրումը`ոչ այնքան հեշտ եւ դեռեւս բոլորին հասկանալի գործընթաց: Բուհական համակարգի ներկայացուցիչների տեսակետներում առկա են հակասություններ, որոնք գուցե ժամանակի եւ փորձի փոխանակման ընթացքում հարթվեն:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4