Անթիլիասից տեղեկանում ենք, որ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանը Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայրապետական գրով նշանակվել է կաթողիկոսության մշակութային եւ կրթական հարցերի խորհրդատու. ըստ որում, ինչպես նշվում է օրհնության գրում, նման նախադեպ չի եղել «Սուրբ աթոռի ժամանակակից պատմութեան մէջ»:
Նկատելով, որ հայ մշակույթին եւ հայ դպրոցին վերաբերող խնդիրները մշտապես են եղել կաթողիկոսության ուշադրության եւ խնամքի ներքո, Արամ Առաջինը կարեւորել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միջեւ ծավալվող մշակութային եւ կրթական համագործակցությունըՙ ընդգծելով մասնավորաբար դոկտ. Զ. Եկավյանիՙ հայ մշակութային արժեքների տարածմանը եւ զարգացմանը նպաստող աշխատանքային նվիրումըՙ հուսալով դրա հետագա առավել արդյունավետությանը Հայաստանում եւ սփյուռքում:
Հիշեցնենք, որ «Ազգի» ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկությամբ, Անթիլիասում այսօր սկսվող Գրողների համահայկական համաժողովի ֆինանսավորումը նույնպես կատարել է Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը:
Մ. Բ.