«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2006-04-04 | #61, 2006-04-05 | #62, 2006-04-06


ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏՎԵՑ

Ակադեմիկոսները նրան հորդորեցին չդիմել այդ քայլին

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության երեկվա ընդլայնված նիստն անցավ առանց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցության ու ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի հրաժարականի: Ներկա չէր նաեւ վերջինիս մեղադրանքներ ներկայացրած ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը, որն իր բացակայությամբ բացել էր որոշ ակադեմիկոսների շունչն ու համարձակություն տվել պատշաճության չգծված սահմաններն անցնելու եւ իրեն անվանելու «փսիխոզ», «էքսցենտրիկ», «տարօրինակ», «կպչուն մտքեր ունեցող» եւ այլն: Լավ է, որ գտնվեցին գոնե 2 ակադեմիկոսներՙ Լենսեր Աղալովյանն ու Հրաչիկ Սիմոնյանը, որոնցից առաջինն անմիջապես սաստեց ակադեմիայի նախագահին ներկայացված մեղադրանքները ստուգող հանձնաժողովի նախագահ, պետական համալսարանի ամբիոնի վարիչ Յուրի Չիլինգարյանին, որն իր խոսքն ավարտեց Հանրի Ներսիսյանին հոգեբուժարան ուղարկելով: Կանոնադրական, ֆինանսական հարցերի ու նպատակային ծրագրերի վերաբերյալ մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է եղել նաեւ ակադեմիկոս Ներսիսյանը, արձանագրել է կանոնադրական խախտումների փաստեր եւ նախագահությանն առաջարկել է հետագայում ավելի ուշադիր լինել այդպիսիք թույլ չտալու համար: Ակադեմիայի ղեկավարությունը, ըստ ստուգման արդյունքների, «ոչ անցյալում եւ ոչ էլ ներկայումս ՀՀ օրենքները չի խախտել»: «Մենք գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքների հիմնավորումները հստակ չեն, չնայած հեղինակին տրամադրվեց 10 օր դրանց հստակեցման համար: Ընթացքում պարզվեց, որ չկար ոչ մի հիմնավորված մեղադրանք, այլ կային միմիայն կասկածանքներ:

Ներսիսյանը հիմնականում պնդում է հետեւյալ միտքը. «Տվեք ինձ իմ ուզած փաստաթղթերը եւ ես կասեմ, թե որտե՞ղ եւ ի՞նչ հանցանք է կատարվել»: Իսկ այդ բոլոր փաստաթղթերը նրան ներկայացնելու համար պետք է տրամադրել ակադեմիայի վերջին տարիների գործունեության ամբողջ արխիվըՙ 1993 թ.-ից սկսած նախագահության բանկային հաշիվների գումարների ծագումը, անշարժ գույքի վաճառքի բոլոր փաստաթղթերը, շինարարական աշխատանքների կատարման ամբողջական փաթեթը, վարձակալության հետ կապված փաստաթղթեր, այլ ծախսեր եւ այլն», ասաց Չիլինգարյանը: Հանձնաժողովի եզրահանգմամբ, այդ փաստաթղթերը նրան տրամադրելու անհրաժեշտություն չկար, որովհետեւ ակադեմիան ամեն տարի հաշվետվություն է տալիս պետական մարմիններին, ենթարկվում ստուգման:

Նիստի ժամանակ մի քանի անգամ կրքերը շիկացան հատկապես 60 հազար դոլար «ջուրը գցելու», Ծաղկաձորում ակադեմիային պատկանող հանգստյան տունը վաճառելու, նախկին գրախանութը ամերիկացի բիզնեսմենին վարձակալության տալու, Սեւանի ձկնաբանության մասնաճյուղի շենքը վաճառելու եւ այլ հարցերի պարզաբանման շուրջը: Այդ հարցերին, անշուշտ, հանձնաժողովի նախագահն ու անդամները պարզաբանումներ տվեցին, այլ հարց է, թե որքանով էին դրանք համոզիչ նիստին մասնակցող յուրաքանչյուրի համար: Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանն, օրինակ, ցանկացավ տեղեկանալ, թե փաստարկներից զուրկ մեղադրանքների համար Ներսիսյանի դեմ հայց ներկայացվելո՞ւ է դատարան, որից հետո համոզված ասաց, որ Ֆադեյ Սարգսյանն անպայման կդիմի այդ քայլին: Վերջինս սաստիկ զայրացավ Սիմոնյանի խոսքից. «Դա իմ գործն է, խնդրում եմ չխառնվել իմ գործերի մեջ»: Նիստի ընթացքում ակադեմիայի նախագահը նույնիսկ մի պահ կորցրեց ինքնատիրապետումն ու մի քանի անգամ բղավեց. «Ես ոչ մի բան չեմ վաճառել, ոչ մի բան չեմ վաճառել, հասկանու՞մ եք»:

Ելույթ ունեցողներից մի քանիսը նույնիսկ առաջարկեցին անհապաղ աշխատանքից հեռացնել Հանրի Ներսիսյանին, որն ուրացել է ժամանակին իրեն ձեռք մեկնած նախագահի բարեսրտությունը: Դա անընդունելի համարեց միայն Հրաչիկ Սիմոնյանը. «Առաջարկում եք նրան աշխատանքից հեռացնել քննադատությա՞ն համար: Եթե նրա աշխատանքում թերություններ չկան, ի՞նչ տրամաբանությամբ եք այդպիսի բան ասում»:

Իսկ ակադեմիկոս Կարագյոզյանը ակադեմիայի նախագահին խորհուրդ տվեց դասեր տալ Ներսիսյանին. «Ասա, ախպեր ջան, էդ ինչի՞ չես գալիս նախագահության նիստի: Նրա հետ դաստիարակչական աշխատանք պետք է տանեք», ասաց նա: Իսկ ակադեմիկոս քարտուղար Էդուարդ Ղազարյանին նախատեց Ներսիսյանի հետ բարեկիրթ խոսելու համար. «Կոշտ եղեք, կոշտ, էդ կիրթ ձեւերով ոչ մի բանի չեք հասնի»:

Ֆադեյ Սարգսյանի հրաժարականին դեմ արտահայտվեցին նախագահության գրեթե բոլոր անդամները, պնդելով, որ գիտության ոլորտում բարեփոխումներ կատարելու թոհուբոհում նրանից զրկվելը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, պարզապես նրա աշխատանքը պետք է լինի հասարակության համար բաց ու թափանցիկ: Ֆադեյ Սարգսյանը նրբորեն շրջանցեց հրաժարականի թեման, իր խոսքը սկսելով Հանրի Ներսիսյանի աշխատասիրությունը գովաբանելով. «90-ականների ծանր տարիներին նրան տեսնում էի ցուրտ ու մութ սենյակում նստած աշխատելիս: Մեծ տպավորություն ստացա նրանից եւ, կարծում եմ, չեմ սխալվել նրան հիմնարար գրադարանի տնօրեն նշանակելու համար: Հիմա բոլոր կրքերը դնենք մի կողմ, նրան աշխատանքից հեռացնելու կամ դիտողություն անելու ոչ մի հիմք չունենք», ասաց նա, իր խոսքը շարունակելով ակադեմիայի շենքերի պահպանելու համար կրած դժվարությունների ու ֆինանսական ներկայիս խնդիրների մասին նշելով: «Ես պայմանավորվել էի վարչապետի հետ, որպեսզի այսօր նա պատասխաներ մեր հարցադրումներին, որոնցից առաջինը ֆինանսների մասին պիտի լիներ, բայց նախորդ օրը պետական Հ1-ն ու Հ2-ը վարկաբեկեցին ինձ Հանրի Ներսիսյանի ասուլիսը ցուցադրելով», ասաց ակադեմիայի նախագահը:

Ավելի քան 4 ժամ տեւած նախագահության ընդլայնված նիստն ավարտվեց հանդարտված կրքերով, սակայն ամբողջապես քողազերծելով ոչ այնքան ակադեմիայի նախագահության, այլ մեր գիտության դեմ շարունակվող ներքին դավադրությունը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4