«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2006-04-05 | #62, 2006-04-06 | #63, 2006-04-07


«ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԴԱՐՁՆԵԼՆ ԱՅԴ ԵՐԿԻՐԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ Է»

Ամերիկային հրավիրելու ժամանակը

Մամուլի ազգային ակումբում խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ քննարկում էին հայ-ամերիկյան հարաբերությունների խոչընդոտների ու զարգացման հնարավորությունների խնդիրները: Դրանք այժմեական են հատկապես հիմա, «Հազարամյակի մարտահրավերները» Վաշինգտոնում հորով-մորով անելուց հետո: Հրավերքի բոլոր մասնակիցները բավական բարյացակամ վերաբերմունք արտահայտեցին ԱՄՆ հայաստանյան քաղաքականության հանդեպ, գտնելով, որ այս ոլորտում խոչընդոտներ գրեթե չկան: Միակ խոչընդոտը, թերեւս, Հայաստանի իշխանությունների ժողովրդամերժ քաղաքականությունն է:

ԱՄՆ-ը անկախացումից հետո եղել է Հայաստանին հումանիտար, վարկային ու դրամաշնորհային ամենապատկառելի օգնություն ցուցաբերող երկիրը: «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը հետաքրքրական զուգադրում արեց: Նրա կարծիքով, այդ գումարներն ու օգնությունները Հայաստանի սոցիալական ենթակառուցվածքներն ամրացնելու հետ բացասաբար ազդեցին նաեւ ժողովրդավարության զարգացման վրա, քանի որ միաժամանակ ամրացրին ու առույգացրին հակաժողովրդական ռեժիմը: Սակայն ընդհանուր առմամբ, ըստ «ՍԻՄ»-ի նախագահի, մեր երկրի կյանքին միջամտության ամերիկյան մեթոդներն ավելի նուրբ ու ընդունելի են, քան մյուս հզորներինը:

ՀՅԴ ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գնահատում է նախ եւ առաջ իբրեւ հզոր երկրի հետ հարաբերություններ, որոնցում մշտապես կարեւոր է եղել հայկական համայնքի մասնակցությունը: Եվ ոչ միայն Կիրո Մանոյանը, այլեւ մյուս բանախոսներ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ու Խոսրով Հարությունյանը Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների հեռանկարը կապում են նախ եւ առաջ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հետ: Անկախ Հայաստանի հանդեպ իր որեւէ վերաբերմունքից, ԱՄՆ-ը 2 հստակ նպատակ ունի այս տարածաշրջանում` նվազեցնել ռուսական ազդեցությունը եւ խոչընդոտել իրանական ազդեցության տարածմանը: Նուրբ իրավիճակում հայտնված Հայաստանը պիտի կամենա եւ փորձի (եթե կարող է), որ այդ հարաբերությունները միայն նվազագույնս սրվեն: Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, Հայաստանը ԱՄՆ-ի համար տարածաշրջանի ամենակայուն երկիրն է: ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ անմիջական օժանդակություն է տրամադրում Արցախին: ԱՄՆ-ը շահագրգռված է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հունի մեջ մտնեն: Այս հարցում նա, իհարկե, հետապնդում է սեփական շահը, քանի որ այդ դեպքում Հայաստանում ռուսական զորքերի ներկայությունն այլեւս անիմաստ ու ավելորդ կդառնա: Տարածաշրջանային հարաբերությունների մի հետաքրքրական նորույթ էլ առանձնացվեց: Վերջին ժամանակներս ի վնաս Թուրքիայի ԱՄՆ-ը ամրացնում է հարաբերությունները Վրաստանի հետ, եւ Վրաստանը կարծես թե միտում է դառնալ Թուրքիայի այլընտրանքը: Եվ «Քանի դեռ Թուրքիան հարաբերություն չի հաստատել Հայաստանի հետ եւ չի բացել սահմանը, չի վերագտնի նախկին նշանակությունը»:

Կիրո Մանոյանը համոզված է, որ առաջիկա մի քանի տարիներին Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը որեւէ կոնկրետ միջամտություն չի ցուցաբերի: Այս տարեվերջին այստեղ սպասվում են Կոնգրեսի ընտրությունները, 2 տարի անց` նախագահական ընտրություններ են լինելու, մի խոսքով այս երկիրն զբաղված է լինելու իր հոգսերով եւ ժամանակ չի ունենա մեզնով զբաղվելու:

«ԱՄՆ-ի համար որեւէ երկիր ժողովրդավար դարձնելը ռազմավարական նպատակ է, այդ երկիրը կանխատեսելի դարձնելու խնդիր», ասում է Կիրո Մանոյանը: Շավարշ Քոչարյանի գնահատմամբՙ ժողովրդավարության իմաստով «Հայաստանը ճողված վիճակում է»` ոչ ժողովրդավար, ոչ բռնատիրական երկիր: Հետխորհրդային երկրներից մեկ էլ Ադրբեջանն է, որ գտնվում է նման երկակի վիճակում:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարյացակամորեն ներկայացնելով մոտավոր ու հեռավոր ժամկետների շրջանակում, մասնակիցներից ոչ մեկը, այնուամենայնիվ, դրանք չդիտարկեց մեր ներկա երկարաժամկետ դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, քանի որ «դեռ չի եկել Ռուսաստանին մերժելու եւ ԱՄՆ-ին հրավիրելու ժամանակը»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4