ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի աջակցության 2005-2006 թթ. զեկույցի համաձայն, թեեւ Հայաստանի սահմանադրությունը նշում է իշխանությունների տարանջատման մասին, բայց երկրի նախագահն ունի լայն լիազորություններ, որոնք համեմատաբար անվերահսկելի են խորհրդարանի կողմից: Երկրի նախագահն է նշանակում վարչապետին, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասին եւ բոլոր մակարդակների դատավորներին:
Զեկույցում նշվում է, որ 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին: Միեւնույն ժամանակ եղել են որոշ բարելավումներ մի քանի բնագավառներում:
Պետդեպարտամենտի զեկույցը հիշատակում է մարդու իրավունքների պաշտպանության մի շարք խոշոր խախտումներ, մասնավորապես իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիների կրճատված իրավունքների, կալանավորված անձանց ծեծերի, ռազմական միավորներում, բանակում մահվան չպարզված դեպքերի, վարչական կալանքների, բանտային անառողջ եւ վատ պայմանների, քաղաքացիների անձնական իրավունքի սահմանափակ, մամուլի ազատության սահմանափակման, լրագրողների ինքնագրաքննության, կրոնական ազատության արգելքների, կանանց իրավունքների, թրաֆիկինգի, հաշմանդամների նկատմամբ խտրականության, համասեռամոլների հանդեպ հասարակական դժգոհության, աշխատանքում շահագործման եւ ուժի կիրառման առնչությամբ:
Զեկույցի տարբեր գլուխներում մի քանի անգամ շեշտվում է նոյեմբերի 27-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ լուրջ խախտումների մասին: Խոսքի եւ մամուլի ազատության բաժնում կրկին անդրադարձ է կատարվում «Ա1+»-ին եթերից զրկելու պատմությանը եւ հետաքրքրական է, որ զեկույցում «Ա1+»-ի հաճախականությունը ձեռք բերած «Կենտրոն TV»-ին ներկայացնում է կառավարամետ հեռուստաընկերություն:
Լրագրողներին ծեծելու որեւէ դեպք Հայաստանի ոստիկանությունը չի արձանագրել, եղել է մեկ փաստաթուղթՙ կապված նմանօրինակ դեպքի հետ, որը մինչեւ տարեվերջ մնացել է նախաքննական փուլում: Դրա փոխարեն զեկույցում նշվում է, որ չկա պաշտոնական գրաքննություն, բայց հատկապես տպագիր մամուլում որոշ լրագրողներ շարունակում են ինքնագրաքննության պրակտիկանՙ պաշտոնական աղբյուրներից եւ կառավարության կողմից խնդիրներ չունենալու համար:
Ի թիվս այլ ազատությունների խախտումների, զեկույցն անդրադառնում է ընդդիմադիր կուսակցությունների համար ցույցերի անցկացման արգելման փաստերին քաղաքներում: Բայց կառավարությունը չի միջամտել, եւ փոքրաթիվ ցույցեր են տեղի ունեցել առանց թույլտվության: Կրոնական ազատության առումով վերջին օրերի սրբերի եկեղեցու հայտարարությամբ, երկու օտարերկրյա միսիոներներ ծաղրանքի են ենթարկվել, ապա կարճ ժամանակով ձերբակալվել են:
Հետաքրքրական է, որ հասարակական չարաշահումների եւ խտրականության բաժնում զեկույցն անդրադառնում է այն հանգամանքին, որ Հայաստանում առկա է հասարակական խտրականություն Եհովայի վկաների հանդեպ: Մեկ այլ խտրականություն այս անգամ հրեաների հանդեպ եթերից տարածում է «ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավարը, ինչպես նաեւ «Հայ արիների» միությունը, որն, ի դեպ, դատական կարգով ճանաչվել է մեղավոր հասարակական թշնամանք սերմանելու մեղադրանքով:
Տեղաշարժվելու ազատության կտրվածքով, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցն անդրադառնում է Հայաստանում այսպես կոչված անձնագրային վավերացմանըՙ մեկ տարվա համար 1000 դրամ արժողությամբ: Ըստ որոշ քաղաքացիների, իշխանությունները սա օգտագործում են ոչ պաշտոնական վճարներ ստանալու համար, որն, ի դեպ, կարող է հասնել մի քանի հարյուր դոլարի:
Ինչ վերաբերում է կոռուպցիային եւ կառավարության թափանցիկությանը, ապա, ըստ զեկույցի, կոռուպցիան մնում է լայն տարածված երեւույթ: Զեկույցը մեջբերում է 2004 թ. հասարակական կարծիքի հարցման արդյունքներից, ըստ որիՙ քաղաքացիների զգալի մեծամասնությունը գտնում է, որ կոռուպցիան Հայաստանում գոյություն ունի բոլոր ոլորտներում եւ բոլոր մակարդակներում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ