Բագրատ Եսայանը ԱԺ-ին կոչում է չքնեցնել հակակոռուպցիոն բնույթի օրինագծերը
ԱԺ-ում անցկացվող կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովի ընդմիջմանը լրագրողներին տված հարցազրույցների ընթացքում մի տեսակ կարծես հեռակա բանավեճի բռնվեցին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՀՀ նախագահի հակակոռուպցիոն խորհրդական Բագրատ Եսայանը: Առաջինը որպես կոռուպցիայի դեպքերի գործնական բացահայտման քայլ դիտեց ԱԺ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները, որոնց հիման վրա դատախազությունը քրեական գործեր հարուցեց, մեծ թվով գումարներ վերադարձվեցին պետական բյուջե եւ խոստացավ, որ մոտակա քառօրյայում վերահսկիչի նոր հաշվետվությունում նույնպես նոր բացահայտումներ կլինեն, եւ չի բացառվում, որ քննարկումների արդյունքում նորից նյութեր ուղարկվեն իրավապահ մարմիններին. «Կոնկրետ անուններ եք ուզում` վերցրեք-կարդացեք վերահսկիչ պալատի տեղեկանքները, միջազգային կառույցների եւ Համաշխարհային բանկի զեկույցները», պատասխանեց նա լրագրողների հարցադրմանը` ավելացնելով, թե պետական ապարատի որոշ օղակներում հատկապես տարածված ձեռքը ձեռք է լվանում արատավոր գործելակերպի դեմ պետք է պայքարել, որ դրանցում բյուրոկրատական քաշքշուկը նվազի:
Մինչ այդ Բագրատ Եսայանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հենց քար էր նետում Ազգային ժողովի կողմը, ասելով, թե կոռուպցիայի դեմ պայքարի երեք բաղադրիչների շարքում Ազգային ժողովի դերն օրենսդրական առումով գերագնահատելն անհնար է, քանի որ 2003-2006 թթ. կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով նախատեսված միջոցառումներից կարեւորագույններն օրենսդրական են: Նկատելով, որ այս համաժողովով ԱԺ-ն իր հավաքական կամքն արտահայտեց եւ այսուհետեւ կառավարության այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հակակոռուպցիոն շրջանակում են, այլեւս ամիսներով չեն մնա ԱԺ դարակներում, այլ առաջնահերթ կդրվեն նիստերի օրակարգում: Նա թվարկեց այդ կարգի մի քանի օրինագիծ` «Քրեական հետախուզության մասին» օրենքը, որը մի քանի տարի արդեն ԱԺ-ում է, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքում անձեռնմխելի 6 կատեգորիաների սահմանափակման այն նախաձեռնությունը, որը ԱԺ-ում լռվել է. «Քաղաքական ինչ-ինչ շահերից ելնելով` անձեռնմխելիների ցանկը չի սահմանափակվում, սա նաեւ մեր միջազգային պարտավորությունն է»:
Այս խոսքին էր արձագանքում Ա. Բաղդասարյանը` ասելով. «Բագրատ Եսայանը փաստերով չի խոսում. ԱԺ օրակարգում չկան հարցեր, որոնք երկար չեն քննարկվել, չկան օրենքներ, որ երկար մնում են ԱԺ-ում` թեկուզ միայն այն պատճառով, որ մեր օրակարգը գերհագեցած չէ: Եթե Բ. Եսայանն ունի որեւիցե առաջարկ, նա կարող է դիմել ԱԺ-ին»:
Իսկ թե այս կարգի համաժողովներն իսկապես կարող են օգնել կոռուպցիայի դեմ պայքարին` ԱԺ նախագահն ամփոփեց. «Նման կարգի կոնֆերանսները եւս մի անգամ հանրային ու քաղաքացիական հարթության մեջ կարեւորում են խնդիրը, իսկ կոնկրետ արդյունքը GOPAC-ն է, ընդունվելիք բանաձեւերն ու որոշումները»:
Կոնկրետ կոռուպցիայի համար մեղադրված պաշտոնյաների անուններ ստանալու լրագրողների ջանքերին ի պատասխան Բագրատ Եսայանը հիշեցրեց իր նորերս հրապարակած 2005 թվականի վերաբերյալ տեղեկատվությունը` 371 բացահայտված կոռուպցիոն հանցագործություն, որոնց արդյունքում 97 պատժված պաշտոնյա, անունների մասով էլ տրվեցին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսների վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ Լեւոն Շահինյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Մաթեւոսյանի անունները, նույն մարզի դատախազի օգնականի անունն էլ չհիշեց եւ խորհուրդ տվեց. «Անուններ տալն իմ գործառույթը չէ, իմ հիմնական աշխատանքը չէ, անուններ կարող եք իմանալ քրեական ավարտված գործերից, դիմեք դատախազություն, իմացեք այդ 97 պաշտոնյաների անունները»:
Մ. Խ.