«Նորմայով» Կոլորադոյի օպերան իր բարձրակետին հասավ» խոսքերով է Կոլորադոյում (ԱՄՆ) լույս տեսնող «Դեյլի կամերա» թերթի դասական երաժշտության քննադատ Ուես Բլոմստերն իր հիացմունքն արտահայտում ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանի մասին: Նրա համոզմամբ կես դար առաջ իրեն այդ ասպարեզում ամրագրած Մարիա Կալասի արժանավոր փոխանորդն այժմ անկասկած Հասմիկ Պապյանն է: «Բելկանտոյի թագուհու գահն այժմ որոշակիորեն պատկանում է Պապյանին, որը վերջերս ելույթ ունեցավ Կոլորադոյի օպերայում առաջին անգամ ներկայացվող Բելլինիի 1831-ին գրված «Նորմայում»: Ելլի Կոլգինի անվան օպերայի լեփ լեցուն դահլիճն ակնածանքով էր շունչը պահել ի տես այն արտակարգ կարողության ու դյուրասահուն անցումների, որով երգչուհին հաղթահարեց Բելլինիի օպերայի դժվարությունները», գրում է նա թերթի փետրվարի 18-ի համարում: «Որոշ առումով Պապյանն իր մեջ պարփակում է երկու երգչուհիների, մեկը` հարուստ, ամրակազմ ձայնով ողբերգական սոպրանոյին, որը տառապյալ Նորմայի զգացմունքային տարողություններն է արտահայտում, մյուսը` լիրիկական քաղցրագույն ձայնային ելեւէջներով օժտվածին, որը նրա ճարպկությունն ու քնքշությունն է ընդգծում», ավելացնում է նա:
Ձմեռային համերգաշրջանի բացումը նախանշող այս ներկայացման մեջ ներգրավված է նաեւ ռուս Իրինա Միշուրան` Նորմայի քրոջ եւ սիրո ախոյանի դերով: Նորման մի խոսքով հաղթանակ է Կոլորադոյի օպերայի համար, եզրակացնում է հեղինակը:
Հ. Ծ.