«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2006-04-05 | #62, 2006-04-06 | #63, 2006-04-07


ՈՉ ՈՐՊԵՍ ԶՈՀ

Մայրաքաղաքում Մեծ եղեռնի թեմայով քանդակների թիվը կավելանա եւս մեկով: «Տագնապ» խորագրով արեւմտահայ մտավորականների խմբաքանդակի մտահղացումը ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի մեջ հասունացել էր դեռ անցյալ տարվանից, երբ Ռուբեն Սեւակի անվան դպրոցի բակում տեղադրվում էր քանդակագործի հերթական աշխատանքը` գրողի կիսանդրին:

Մեր մտավորականության Պառնասը խորհրդանշող 1 մետր բարձրությամբ բազալտե պատվանդանի վրա քանդակված Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թլկատինցու, մորը փարված Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սեւակի, Ռուբեն Զարդարյանի ակնհայտ մտահոգության եւ անհանգստության առիթը հայ ժողովրդին սպասվող վերահաս վտանգն է: Կրակից փրկված Ավետարանը ձեռքին մանուկը թերեւս առ այսօր կենդանի մնացած ժամանակի վկան է:

«Ես չեմ պատկերում նրանց որպես զոհի, որոնք թեեւ գիտակցում են զարհուրելի իրողության անխուսափելիությունը, այնուհանդերձ իրենց հպարտ կեցվածքով ընդգծում են սեփական անընկճելիությունը: Ցանկանում եմ, որ նրանք սերունդներին ներկայանան անտարբեր աշխարհի հանդեպ իրենց հզոր կամքով ու արիությամբ»:

Թերեւս այս նպատակով Լեւոն Թոքմաջյանը ցանկանում է խմբաքանդակը տեսնել ոչ թե Եղեռնի բարձունքում, այլ Մայր թատրոնի այգում, որը գուցե թե հետագայում դառնա հայ արվեստագետների Վերնատուն:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4