Թերեւս դրա դիմաց տրվեն խոստումներ Ղարաբաղի հարցի առնչությամբ
Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի նախապատրաստվող այցելությունը Վաշինգտոն փաստ է: Թեեւ ճշտված չէ այցելության կոնկրետ ամսաթիվը, բայց թերեւս տեղի ունենա ապրիլի երրորդ տասնօրյակում: Ադրբեջանական կողմն արդեն իսկ նախապատրաստվում էՙ հանդգնելով Ալիեւի Վաշինգտոն այցելությունը որակել որպես ամերիկա-ադրբեջանական «սերտ» հարաբերությունների սպասված հերթական քայլ:
Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ գործակալությունների պնդումների, թե Ադրբեջանի նախագահի այցելությունը Վաշինգտոն նախ եւ առաջ կապված է ղարաբաղյան հակամարտության հետ, «Ազգը» կարեւորել էր Ադրբեջանի հակաիրանյան կոալիցիայի մաս դառնալու հարցը: Նմանօրինակ վարկածի կողմնակից է նաեւ Ադրբեջանի «Ենի մուսավաթ» թերթը: Ըստ վերջինիս ապրիլի 7-ի հրապարակման, Ադրբեջանի նախագահը հրավիրվել է Վաշինգտոն, որտեղ նրանից պաշտոնապես կպահանջվի միանալ հակաիրանյան կոալիցիային: Թերթի ներկայացմամբ, Ադրբեջանի նախագահը արդեն իսկ կատարել է պատերազմական նախապատրաստությունների շրջանում Մ. Նահանգների տարբեր պահանջների մոտ 90 տոկոսը:
«Ենի մուսավաթը» որպես Ալիեւի այցելության «իրանական հիմքի» վկայություն է բերում նաեւ այն, որ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն այցելության մասին տեղեկացնող աղբյուրը նշել է նաեւ, որ հրավերը բացառապես կապված է Իրանի հետ: Ավելին, այդ մասին են վկայում ոչ միայն վերջերս ամերիկյան տարբեր պաշտոնյաների այցելություններն Ադրբեջան, որոնց մասին մենք գիտենք, այլեւ շատ այլ այցելություններ, որ չեն իրականացվել հրապարակայնորեն:
Ինչ վերաբերում է այն հիշատակմանը, թե Ալիեւն արդեն իսկ կատարել է Իրանի հարցի հետ կապված ԱՄՆ պահանջների մոտ 90 տոկոսը, ապա նույն աղբյուրի վկայությամբ, դա ներառում է ամերիկացիների համար բոլոր գաղտնի տարածքներ անարգել մուտքի, Պենտագոնին ուղարկված Ադրբեջանի պաշտպանության օդային ուժերի եւ զորամիավորումների, թռիչքուղիների մասին տեղեկությունների եւ տեղեկատվական, գիտական գործակալությունների հիմնման տվյալներ:
Նույն աղբյուրը նշել է, որ Ալիեւն արդեն փաստացի Ադրբեջանը դարձրել է հակաիրանական կոալիցիայի անդամ, եւ Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգներին առավել շատ հնարավորություններ է տրամադրել, քան հակաիրանյան կոալիցիայի պաշտոնական որեւէ անդամ: Տարբերությունը միայն այն է, որ Իլհամ Ալիեւը պաշտոնապես չի հայտարարել կոալիցիային Ադրբեջանի անդամակցելու մասին: Այդպիսով, եթե Ալիեւի Մ. Նահանգներ այցելությունը տեղի ունենա, վերադարձին նա կհայտարարի հակաիրանական կոալիցիայում Ադրբեջանի մասնակցության եւ ընդգրկվածության մասին:
«Ներկա պահին Ալիեւից պահանջվում է հայտարարել, որ Ադրբեջանը միանում է հակաիրանական կոալիցիային եւ հստակ ներկայացնել ադրբեջանական դիրքորոշումն այն նպատակով, որ աշխարհը եւ հատկապես իսլամական աշխարհն իմանան, որ սա պատերազմ չէ մուսուլմանների եւ քրիստոնյաների միջեւ: Աշխարհը պետք է տեսնի, որ սա ոչ թե քաղաքակրթությունների բախում է, այլ պայքար միջուկային զենքի արտադրությունը կանխելու նպատակով: Նախագահը (Իլհամ Ալիեւը-Ա. Հ.) հրավիրվել է Վաշինգտոն, որովհետեւ նա Ադրբեջանում Մ. Նահանգների պաշտոնյաների հետ հանդիպումներում հստակ չի ներկայացրել իր կարծիքը Ռուսաստանի եւ Իրանի առնչությամբ: Նրան ամենաբարձր մակարդակով կխրախուսեն հայտարարել այդ մասին», թերթի մեջբերմամբ նշել է Ալիեւի հնարավոր վաշինգտոնյան այցելության մասին տեղեկացրած աղբյուրը:
Առավել հետաքրքրական է, որ սպասելի այն իրավիճակը, թե հակաիրանական կոալիցիայի ներգրավվածությունն ինչ-որ խոստումներով, հատկապես Լեռնային Ղարաբաղի առնչությամբ կփոխհատուցվի, ըստ թերթի, այնքան էլ հավանական չէ: «Ենի մուսավաթի» մոտեցմամբ, թերեւս հնարավոր է, որ Ադրբեջանի եւ Ալիեւի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համեմատաբար լավ պայմանների խոստում լինի, բայց ամեն դեպքում, եթե Ադրբեջանը ներգրավվի հակաիրանական կոալիցիայում, դա երկրի համար աղետ կդառնա եւ հավանական է, որ հասարակությունը լրջորեն բողոքի, երբ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի կոալիցիային միանալու մասին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ