Արդարության եւ ժողովրդավարության համար Եվրոպահայկական ֆեդերացիայի գրասենյակից (Բրյուսել) հաղորդում են, որ հավանաբար ապրիլի վերջին Եվրոխորհրդարանի պատվիրակությունը ժամանի Նախիջեւանՙ Հին Ջուղայի հայկական գերեզմանատները հրաձգարանի վերածելու մասին տեղեկություններն ու փաստերն ստուգելու: Այս մասին Եվրոխորհրդարանի նախագահն ու քաղաքական խմբավորումների նախագահությունը որոշում են ընդունել ապրիլի 6-ին կայացած խորհրդաժողովի ընթացքում: Խորհրդաժողովը, հիմք ընդունելով փետրվարին Եվրոխորհրդարանի թիվ PG-TA (2006) 0069 որոշումը, որն Ադրբեջանից պահանջում է թույլատրել իր տարածքում դիտորդական առաքելությունների փաստահավաք աշխատանքը հնագիտական եւ հատկապես հայկական հնագիտական վայրերում, պաշտոնապես որոշում է կայացրել ոչ թե ժամանակավոր պատվիրակություն ուղարկել, այլ այդ առաքելությունը վստահել Եվրոմիություն-Հայաստան միջխորհրդարանական հանձնախմբին: Վերջինիս 10 անդամներն արդեն ապրիլի 17-21-ը կլինեն Հայաստանում եւ Բաքվի իշխանությունների համաձայնությունն ստանալուց հետո կմեկնեն Նախիջեւան: