«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2006-04-06 | #63, 2006-04-07 | #64, 2006-04-08


ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՀԿ-ՆԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԱՆ-Ը «ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ» Է ԻՆՏԵՐՆԵՏԸ

Թեեւ Ադրբեջանից Հայաստան զանգել հնարավոր չէ

Ադրբեջանի կապի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունը, «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, փաստեր ունի, որոնք վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի հեռախոսային խոսակցությունների իրականացման մասին: Նման հայտարարություն է արել կապի նախարար Ալի Աբասովը: Ըստ ադրբեջանցի նախարարի, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը վերահսկում է այդ խոսակցությունները, դրանք գաղտնալսվում են: Բացի ինտերնետով հեռախոսային խոսակցություններից, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի նամակագրություն, որոշակի հաղորդակցություն: Ալի Աբասովն այդ ամենում մի նպատակ է տեսնումՙ տարվում է քարոզչություն:

Թեեւ քարոզչությունը չի հաստատվում, սակայն Հայաստանի կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը հաստատել է Հայաստանից Ադրբեջան հեռախոսային զանգերի իրականացումը: Ըստ Գրիգորյանի, հակառակ կապն անհնար է: Ինչ վերաբերում է ինտերնետային հաղորդակցությանը, ապա օրական հայկական եւ ադրբեջանական ֆորումներին մասնակցում են հարյուրավոր մարդիկ:

Չնայած Ադրբեջանի նման կեցվածքին լուրջ պետք չէ մոտենալ, բայց, կարծում ենք, անտեղի չի լինի զգուշությունն այսուհետեւ ադրբեջանական կողմի հետ որեւէ տեսակի շփման պարագայում, հատկապես որ Ադրբեջանի կապի նախարարի խոսքերովՙ ազգային անվտանգության նախարարության վերահսկողությունից Հայաստան-Ադրբեջան որեւէ շփում, առավել եւս հեռախոսային խոսակցություն դուրս չի մնում: Այս ամենը հաշվի առնելը հատկապես կարեւոր է հասարակական կազմակերպությունների համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4