Ո՞րին կընտրի Գրիգոր Ամալյանի հանձնաժողովը
Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անցած տարվա դեկտեմբերին հայտարարած Երեւանի տարածքում FM 90.7 ՄՀց եւ FM 90.3 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու մրցույթին երեկ մասնակցեցին «Մելտեքս» ՍՊԸ-նՙ Ա1+-ը, «Ուլիս մեդիա» եւ «Ռադիո պռո» ՍՊԸ-ները: Առաջինի համար սա ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստառադիոկապուղիների 11-12 մրցույթներ են, հայտնի է, որ նախորդներում Ա1+-ը չի հաղթել ու չի հայտնվել ոչ ռադիո, ոչ հեռուստատեսային եթերում: Եթե այս անգամ վերջինիս բախտը ժպտա, կունենանք «Լսեք մեզ, ճանաչեք ձեզ» աշխատող Ա1+ ռադիոընկերությունը, որը, ըստ երեկ ներկայացված բովանդակալից ու բազմաբնույթ ծրագրի, կլինի խիստ ինքնատիպ ու գրավիչ: «Մեր կայանը նախ եւ առաջ կլինի ինֆորմատիվ եւ ժամանակակից: 24-ժամյա եթերի համար մենք ունենք անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները», ասաց Ա1+-ի ներկայացուցիչ Դիանա Մարկոսյանը: Հայրենական հաղորդումները կկազմեն ծրագրի 80 տոկոսը եւ ամբողջությամբ կլինեն սեփական, իսկ լրատվական հաղորդումների ծավալը կլինի 35-40 տոկոս: Գործունեության համար կներդրվի 22 մլն դրամ, իսկ հետագայում դրան կավելանա գովազդներից ստացված գումարը:
«Ուլիս» ռադիոկայանը, ըստ ներկայացված առաջարկների, կլինի գերազանցապես ժամանցային, գլխավոր պրոդյուսեր Նորայր Մխոյանի ասելովՙ «Ժամանակակից երաժշտական շուրջօրյա կայան բոլորի համար»: Հայրենական արտադրության հաղորդումների ծավալըՙ 80 տոկոս, որից սեփականը կլինի 70 տոկոսը: Լրագրողներին հետաքրքրող հարցերին Մխոյանը խիստ ժլատ տեղեկություններ տվեց: Օրինակՙ Ա1+ի թղթակցի հարցին, թե ի՞նչ գործունեությամբ են իրենք զբաղված, Մխոյանը տվեց խիստ «բանաստեղծական» պատասխան. «Ում հայտնի է, հայտնի է, ում հայտնի չէ, հայտնի չէ»: Վերջինս խուսափեց բացահայտել նաեւ իրենց իրավաբանական հասցեն, ինչը հաջողվել է պարզել մեկ այլ թղթակցի: ՀՌԱՀ աշխատակազմից նրան հայտնել են, որ «Ուլիսի» իրավաբանական հասցեն էՙ Ալեք Մանուկյան 5, այսինքնՙ ռադիոտան հասցեն, որտեղ գտնվում է նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության ազգային խորհուրդը:
«Ռադիո-պռո» ՍՊԸ-ի ներկայացրած «Ռադիո-Երեւանի» ծրագրից արդեն կարելի էր ենթադրել, որ ներկայացուցիչներից մեկնումեկը ԿՎՆ-ական է: Վերջում պարզվեց, որ ծրագիրը ներկայացնող մասնագիտությամբ բժիշկ, Հայաստանի բժիշկ ուսանողների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, որը եւս 5 ՍՊԸ-ների նախագահ է, ուսանողության տարիներին ԿՎՆ-ի թիմում է եղել, հիմա էլ «Ուրախների ու հնարամիտների» ակումբի ուսանողական լիգայի ժյուրիի անդամ է: Նրա համար ռադիոն բիզնեսի շահութաբեր ոլորտ է, որը չի ցանկանում ձեռքից բաց թողնել: «Ռադիո Երեւանի» շուրջօրյա եթերում կլինեն «Հայաստանն այսօր», «Ջավախքն այսօր», «Արցախն այսօր», «Աշխարհն այսօր», «Առավոտյան Երեւան», «Երեկոյան Երեւան», «Գիշերային Երեւան», «Հայտնի անհայտը», «Անօգտակար նորություններ», «ԿՎՆ» շոու, «Չար լեզուներ», «Ամեն ինչ գիտեմ» եւ այլ հաղորդումներ:
Ի դեպ, Երեւանի մասին հաղորդումները պատրաստվելու են քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ: Գոնե լրագրողներիս դժվար չէ պատկերացնել, թե մեր քաղաքապետարանը ինչ «անաչառությամբ» կխոսի քաղաքի հրատապ խնդիրների մասին ու ինչքան «բաց» կլինի ռադիոկայանի համար: Իսկ գուցե այս տարեվերջին կզրկվի՞ ամենամյա «Կողպեք» մրցանակից:
Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մայիսի 25-ին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ