Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական եւ թուրքական ծագման կասկած հարուցող քաղցրավենիքի շուրջը ծագած սպառողների անհանգստությունը կարելի է թերեւս արդարացի համարել, քանզի փորձաքննության ուղարկված թուրքական ապրանքատեսակներից շատերում հայտնաբերվել են թերություններ:
Օրերս «Սպառողների միություն» հասարակական կազմակերպությունից տեղեկություններ ստացանք ՀՀ որակի պետական տեսչության 2006 թ.-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում թուրքական արտադրության ապրանքների ստուգումների վերաբերյալ: Այս ամիսներին շուրջ 42 տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել է թուրքական արտադրության 45 անվանում ապրանքների տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողություն, որի ընթացքում ընտրվել է 103 փորձանմուշ: Պարզվել է, որ թուրքական սննդամթերքի որոշ ապրանքատեսակներ թեեւ անվտանգության ցուցանիշներով համապատասխանում են սանիտարահիգիենիկ պահանջներին, այդուհանդերձ դրանցում հայտնաբերվել են մի շարք թերություններ: Փորձաքննության են ուղարկվել թուրքական կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, ծամոններ, մարգարիններ, ինչպես նաեւ կենցաղային պարագաներ` լվացքի փոշի, օճառ եւ այլն: Ըստ շոկոլադե սալիկների վրա կատարված մակնշումների, պարզվել է, որ «Սաֆարի», «Դերբի», «Նուսս», «Շոկ», «Տոյ տոյ» եւ մի շարք այլ սալիկներ պատրաստված են եղել բուսական յուղով եւ շոկոլադ համարվել չեն կարող, քանի որ չեն համապատասխանում ԳՕՍՏ ստանդարտի պահանջներին: Շոկոլադի պատրաստման ժամանակ չի թույլատրվում օգտագործել կակաոյի յուղի փոխարինիչներ, իսկ «Աերո-Շոկ» շոկոլադե սալիկի մեջ հայտնաբերվել է ալյուր, որը նույնպես չի թույլատրվում օգտագործել շոկոլադ պատրաստելիս: Կենցաղային պարագաներից որոշ ապրանքատեսակներ եւս ֆիզիկա-քիմիական ցուցանիշներով չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Դրանցից, օրինակ, «Թարա» օճառում խախտում է նկատվել ճարպաթթուների զանգվածաբաժնի ոչ բավարար կշռի պատճառով: Այդ զանգվածաբաժինը օճառում չպետք է 64 գրամից պակաս լինի, իսկ փորձաքննության արդյունքում փաստացի ստացվել է 7,5 գ: Կերակրատեսակներից անորակ է համարվել պահածոյացված «Ֆրեշ-պեաս» տեսակի ոլոռը, որը չի համապատասխանել համային եւ որակական մի շարք չափանիշների: Տեխնիկական տեսանկյունից շեղումներ են նկատվել նաեւ «Ավտա», «Օնուր», «Շոկուր», «Կոկոս», «Տոֆիտո» եւ այլ կոնֆետներում, որոնք մակնշման ցուցանիշներով չեն համապատասխանել տեխնիկական պահանջներին: Նույն խախտումն է նկատվել նաեւ թուրքական ծամոններում, մասնավորապես «Գոլֆրեշ», «Պենսիլ-գում», «Բուլ-գում»: Իսկ «Լա-մոնտ» վաֆլու վրա ընդհանրապես մակնշված չեն եղել էներգետիկ արժեքը, արտադրության եւ պիտանելիության ժամկետները: Նույնատիպ մակնշման թերություններ են նկատվել նաեւ մի շարք ապրանքատեսակներում, հատկապես «Սոկել» շոկոլադե կրեմում: Ստուգման արդյունքով կազմված ակտերի հիման վրա տրվել են կարգադրագրեր հետեւյալ պահանջներին չհամապատասխանող վերոնշյալ արտադրանքների իրացումը կասեցնելու եւ արգելելու վերաբերյալ: Իսկ մեծածախ առեւտուր իրականացնող եւ թուրքական «Էլվան» ֆիրմայի արտադրանքը ներմուծող «Հասմիկ Մանուկյան» ԱՁ-ին տրվել է կարգադրագիր շոկոլադե սալիկների եւ պահածոյացված «Ֆրեշ-պեաս» ոլոռը շրջանառությունից հանելու, ինչպես նաեւ սպառողներին այդ մասին իրազեկելու եւ նրանցից արտադրանքը հետ վերցնելու մասին: Պատասխանատու անձանց նկատմամբ էլ կիրառվել են վարչական տուգանքներ շուրջ 2,3 մլն դրամի չափով:
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը երեւույթը որակում է որպես «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: Դեռեւս 2001 թ-ին իրենք հանդես են եկել հետեւյալ կոչով` ո՛չ, թուրքական ապրանքներին, նախաձեռնելով «հարգենք մեզ, գնենք մերը» ակցիան: «Չպետք է թուրքական արտադրանքի սննդամթերք գնել, ոչ այն պատճառով, որ թուրքականը վտանգավոր է, այլ միայն այն բանի համար, որ թուրքական է: Մեր մոտեցումը սա է», ասում է միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ի դեպ, որոշ առեւտրային կետերում դեռեւս առատորեն իրացվում է «Էլվան» թուրքական շոկոլադը, այն էլ` բավական էժան, մինչդեռ կարծում էինք, որ արդեն դրանց վաճառքը կասեցնելու միջոցներ են ձեռնարկվել: Պարզվում է, որ նման մեխանիզմ Հայաստանում գոյություն չունի: Այլ խոսքով, ներկրողը տուգանքները վճարելուց հետո կարող է ապրանքը շրջանառությունից հանել կամ չհանել. դա բացառապես իր քմահաճույքից է կախված, մինչ սպառողները, հատկապես երեխաները, կշարունակեն գնել վտանգավոր սննդամթերքը:
ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ