«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2006-04-06 | #63, 2006-04-07 | #64, 2006-04-08


ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԻՐ ՏԵՂՈՒՄ ՉԷ

ԶԼՄ-ների տեղն էլ առաջին գծում է

Բարձրակարգ մասնագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների բավական մեծ եւ բազմազգ խումբը Երեւանում երկու օր աշխատեց մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը գործնականացնելու համար: Խորհրդարանի հարմարավետ պայմաններում աշխատանքային երկու օրերն անցկացնելուց, խոսել-լսելուց, բանաձեւ, հայտարարություն մշակել-ընդունելուց հետո մեծաքանակ խմբի առաջին դեմքերը արդյունավետ համարեցին իրենց կատարած աշխատանքը «ԱԺ- քաղաքացիական հասարակության համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային համաժողովում: Երեկ համաժողովն ավարտվեց բազմաբանախոս ասուլիսով, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ուղղակիորեն կոչ անելով ԶԼՄ-ներին այսուհետեւ ավելի ակտիվ համագործակցության, որպես համաժողովի գործնական արդյունք ընդգծեց GOPAC-իՙ «Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների գլոբալ կազմակերպության» հայաստանյան կառույցի ստեղծումը: Արթուր Բաղդասարյանի արձանագրմամբ, համաժողովի լինելիությունն արդեն իսկ գործնական քայլ է կոռուպցիայի դեմ պայքարում եւ միասնականության տեսանկյունից ունի մեկ նախադեպՙ նոր ընտրական օրենսգիրքը քաղաքական մեծ միասնականությամբ շրջանառության մեջ դնելը, ինչը վերջին 15-ամյակում նախադեպ չի ունեցել: Չերաշխավորելով բոլոր պատգամավորների կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությունըՙ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ լայն համագործակցությամբ հնարավոր կլինի քաղաքական դաշտում հանդուրժողականություն, կոռուպցիայի դեմ պայքարում անհանդուրժողականություն ապահովել:

Մյուս բոլոր բանախոսները տարբեր ձեւակերպումներով փաստեցին մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին աջակցելու իրենց պատրաստակամությունը եւ հերթով հավաստեցին երկրի զարգացմանը կոռուպցիայի խոչընդոտ լինելը: Համաժողովը «Եվրասիա» հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների համար համագործակցության հնարավորությունները հստակեցնելու առիթ է եղել եւ հիմք այն ընդլայնելու եւ շարունակելու:

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը համոզված է, որ հայ ժողովուրդը գիտի կոռուպցիայի չարիք լինելու մասին, ունակ է դրա դեմ պայքարելու, եւ հույս ունի, որ հասարակական կամք կդրսեւորվի: Քաղաքական կամքի լինելիությունն էլ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի համոզմամբ, կարող է արդյունավետ լինել շատ վայրերում դրսեւորվելու դեպքում, քանի որ կոռուպցիան ինքը շատ տեղերում գտնվող փոքր հրեշների քանակ է եւ լոկալ պայքարը արմատախիլ անելու եղանակ չի կարող լինել: Դեսպանը հավատացած է նաեւ, որ լրագրողները որպես հասարակության ամենաակտիվ մաս իրենց հետաքննական աշխատանքով ամենամեծ արդյունքը կարող են տալ այս խնդրում եւ անհրաժեշտ է լրագրողների անվտանգությունն ապահովել:

Իհարկե, ակնթարթային հաջողություններ ու փոփոխություններ չէինք էլ ակնկալում նշված համաժողովից: Լրագրական աշխատանքի արդյունավետության փաստերն էլ հիմնավորում են կոռուպցիայի դեմ պայքարում ԶԼՄ-ներին նշանակալի դերակատարում շնորհելը: Նաեւ ակնհայտ է, որ նման գլոբալ չարիքի դեմ պայքարը այլ ուղղությունիցՙ վերեւից եւ ոչ միայն համաժողովային տեսքով ու բովանդակությամբ սկսելը կարող է շոշափելի արդյունքի բերել:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4