«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2006-04-07 | #64, 2006-04-08 | #65, 2006-04-11


ԵՐԲ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ՁԱԽՆ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ

Տեղական ինքնակառավարման խառնաշփոթ

Հայաստանում այնպիսի իրողություններ են արձանագրվում, որ ոչնչով չեն զիջում բաբելոնյան խառնաշփոթին: Ներկայացվող խնդիրը դրա վառ արտահայտություններից է: «Երառսպասարկում» ՓԲԸ-ն դատի է տվել Խորենացի 26 շենքի բնակիչներ Արթուր Վարդանյանին, Արշավիր Մարտիկյանին, Սուրեն Հակոբյանին` վերջիններիս ավտոտնակների օրինականացման Երեւանի քաղաքապետի որոշումները, հողի վարձակալության պայմանագրերը եւ սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Վիճարկվող տարածքը Առեւտրի տան բակում է, ուր տեղավորված է «Երառսպասարկումը», իսկ բնակիչներն ապրում են անմիջապես այդ հաստատության հարեւանությամբ, 5 հարկանի շենքում:

Հիշատակված բնակիչներն իրենց ինքնակամ կառուցած ավտոտնակների լիիրավ սեփականատերեր են դարձել քաղաքապետի 2005 թվականին կայացրած որոշումներով: Մինչ այդՙ դեռեւս 60-ական թթ. նախկին Էրեբունու շրջանի գործկոմի որոշմամբ օրինական կարգով նրանց իրավունք է տրվել օգտագործել տարածքը, եւ մոտ 40 տարի մարդիկ պետական տուրքեր ու վճարումներ են արել: «Այս բնակիչների սեփականությունն ամրագրված է ե՛ւ եվրոպական կոնվենցիայով, ե՛ւ մեր սահմանադրությամբ ու իրավական ակտերով: Եվ քաղաքապետարանի ներկայացուցիչը փոխանակ իր որոշումը պաշտպանելու, դատարանում միջնորդություն ներկայացրեց, թե նիստը դադարեցրեք, որովհետեւ գնալու ենք հարցը քննարկենք, քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչենք: Եթե քաղաքապետն իսկապես անվավեր ճանաչի իր որոշումը, բնականաբար այլընտրանքային այլ հայցադիմում կներկայացվի եվ կքննարկվի դատական կարգով:

Անգամ, եթե «Երառսպասարկում» ՓԲԸ-ի վարձակալած տարածքի մեջ մտնում են ավտոտնակները, սեփականությունն ավելի բարձր կարգավիճակ է: Պարզապես նրանք ուզում են խլել այդ տարածքը», սա սեփականությունը կորցնելու վտանգի առաջ հայտնված մարդկանց պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լեւոն Բաղդասարյանի տեսանկյունն է: Ի դեպ, նույն սպառնալիքի առաջ են եւս 4 ավտոտնակների տերեր, միայն թե սրանց հարցն ավելի բարդ է, քանի որ իրենց բախտակիցների նման չեն հասցրել սեփականացնել ավտոտնակները:

Ըստ շրջանառվող լուրերի, հայց ներկայացնողները ցանկանում են մաքրել տարածքը եւ օտարել: Այս պահին այստեղ ոչինչ չի արվում, նեղվածք է, եւ տարածքը «մաքրելուց» հետո հնարավոր կլինի ինչ-որ բան անել:

Մենք հարցրեցինք նաեւ «Երառսպասարկում» ՓԲԸ տնօրեն Ալիկ Շաքարյանի կարծիքը: «1952 թվականից սա եղել է Առեւտրի տան տարածքը, ունենք քաղխորհրդի գործկոմի որոշումը առեւտրի նախարարությանը հողահատկացում անելու վերաբերյալ: Ունենք հողի գլխավոր հատակագիծը, ուր հստակ նշված են հողային սահմանները: Փաստաթղթերի բոլոր բնօրինակները կան: 2000 թվականին կադաստրով այդ հողը վարձակալական հիմունքներով 99 տարի ժամկետով նորից հանձնվեց մեզ: Այդ գարաժներից մեկը փաստորեն նաեւ պետական գարաժ է, առեւտրի տան սեփականությունը եւ ապօրինիի անվան տակ օրինականացրել են: Հիմա քաղաքապետն իր որոշումը հետդարձ է անում: Կադաստրը չի նայել, որ 2000 թվին այդ հողը մեզ է տվել: Եվ 2005-ին նորից տվել է բնակիչներին` առանց մեզ տեղեկացնելու»:

Փաստորեն, եթե սեփականաշնորհման որոշումը հետողորմեա արվի, բնակիչներն ամենաանհեթեթ եւ տխուր վիճակի մեջ կհայտնվեն: Մենք բոլորս գիտենք, թե ինչ արժե սեփականաշնորհումը` ե՛ւ նյարդերի, ե՛ւ նյութական ծախսերի իմաստով, այն էլ երբ խնդիրը վերաբերում է քաղաքի կենտրոնին: Ո՞վ է փոխհատուցելու այդ կորուստները: Գուցե այս անգամ բնակիչների հե՞րթն է հայց ներկայացնելու տեղական իշխանության այն կառույցների դեմ, որոնց մեղքով, անփութության թե այլ դրդապատճառներով սխալ որոշումներ են կայացվել:

Այս ամբողջ խառնաշփոթի մեջ էական մի մանրամասն էլ կա, որի մասին, ցավոք, չի հիշատակվում: Երեւանի մյուս բազմահարկերի նման այս մեկի բակն էլ ավտոտնակներով է օկուպացված: Վերջերս «Ազգի» կայքէջին տված հարցազրույցում քաղաքապետը հայտարարեց, որ այս տարվանից սկսելու են լրջորեն զբաղվել բակային տարածքներով, հեռացնելու են ավելորդ շինությունները, ընդարձակելու կանաչապատ տարածքները, որպեսզի դրանք իսկապես հանգստի գոտիներ դառնան մեծի ու փոքրի համար: Եվ ըստ քաղաքապետի, ակտիվ աշխատանքներն առայժմ իրականացվում են Կենտրոն համայնքում, հետո նոր միայն կտարածվեն մյուս համայնքներում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4