«Ծխելը վնասակար է առողջությանը» կարգախոսին
Ծխող մարդը երբեք չի մտածում իր առողջության պահպանման մասին: Եվ չնայած ծխախոտի տուփերի վրա գրված է բոլորիս վաղուց հայտնի «Ծխելը վնասակար է առողջությանը» նախադասությունը, այնուամենայնիվ շատ քչերն են կարեւորություն տալիս դրան:
Ծխախոտ օգտագործելու դրդապատճառները տարբեր են: Ոմանք ծխում են սովորամոլությամբ: Ոմանք «հանգստացնում են» նյարդերը, իսկ մի մասն էլ պարզապես ընկնում է ձեւականության հետեւից: Այս տարբերակներից եւ ոչ մեկում չկա առողջ տրամաբանություն:
Եվ չնայած 2005 թվականի մարտի 2-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, այնուամենայնիվ, այդ խնդիրը դեռեւս կարգավորված չէ: Օրենքի 11-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, ծխելն արգելվում է կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, բոլոր հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ռեստորաններում, սրճարաններում եւ հանրային սննդի այլ վայրերում (4-րդ կետ):
Բայց այսօր էլ ծխող մարդկանց կարելի է հանդիպել ամենուրեք. ե՛ւ կրթական հաստատություններում, ե՛ւ տարբեր կազմակերպություններում, ե՛ւ առավել եւս քաղաքային տրանսպորտում: Փաստորեն մարդիկ դեռեւս չեն զգում օրենքի ուժը, եւ որ ամենամտահոգիչն է, շատերը պարզապես անտեղյակ են այս օրենքի գոյության մասին: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ սույն օրենքի խախտման համար դեռեւս ոչ մի իրավաբանական կամ ֆիզիկական անձ չի ենթարկվել պատասխանատվության (12-րդ հոդված, 1-ին կետ):
Բժշկական գիտությունների թեկնածու, թերապեւտ Տաթեւ Հովհաննիսյանի կարծիքով, ծխելը կախյալ հիվանդություն չէ, ինչպես, օրինակ, թմրամոլությունը: Դա պարզապես վնասակար, նույնիսկ հիմար սովորություն է, որը կանխելու համար պետք են պատասխանատվություն սեփական անձի առողջության նկատմամբ եւ կամքի մեծ ուժ:
Ծխող մարդկանց 70-80 տոկոսը տառապում է խրոնիկական բրոնխիտ հիվանդությամբ: Բացի դրանից, ի հայտ են գալիս սրտանոթային, ստամոքսաաղիքային, թոքային, բերանի խոռոչի հիվանդություններ: Մեծանում է քաղցկեղի եւ ինֆարկտի հավանականությունը: Ծուխը, ազդելով ուղեղի վրա, թուլացնում է մարդու ռեակցիան, առաջացնում է թթվածնային քաղց եւ այլն...
Տկն Հովհաննիսյանը հիվանդությունների այս շարքը կարող էր շարունակել, սակայն հարկ համարեց ավելացնել, որ ծխախոտը վատ ազդեցություն է ունենում ոչ միայն ծխողի, այլեւ շրջապատի մարդկանց վրա: Վերջիններս նույնպես կարող են ձեռք բերել նշված, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդություններ:
Ամենացավալին այն է, որ այսօր անչափահասները ծխախոտը չարաշահում են: Օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետն ասում է, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է 18 տարին չլրացած անձանց: Բայց որքանո՞վ է դա վերահսկվում:
«Անպայման հետեւեք ձեր առողջ ապրելակերպին: Զբաղվեք սպորտով, կյանքում այլ հետաքրքրություններ գտեք: Եթե դա էլ չի նպաստում չծխելուն, ապա դիմեք բժիշկների օգնությանը, մասնակցեք ծխելու դեմ ուղղված միջոցառումներին, դիտեք համապատասխան ֆիլմեր, հաղորդումներ, հետագայում այդ ամենը ճիշտ ազդեցություն կունենա ձեր որոշման վրա», ասում է Տաթեւ Հովհաննիսյանը:
ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի