Երկու տասնամյակ է, ինչ հայ թատրոնի բեմից ընդմիշտ հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր, անկրկնելի, հմայիչ ու հրապուրիչ դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը: «1987 թ. օգոստոսի 11-ին, այդ օրը սեւացավ մեր օրը, այդ օրը միանգամից մի քիչ թուլացանք, մի քիչ խեղճացանք, կորավ մեր թատրոնի հմայքը, տգեղացանք շատերս», ահա այսպես արտահայտվեց ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքի անդրանիկ հավաքին: Մետաքսյան հայ թատրոնի բացառիկ դերասանուհիներից էր, որ իր խաղով գերում ու հմայում էր իր հանդիսատեսին, միմյանցից տարբեր դերեր կերտելով ու դերասանական հմտություններին քաջ տիրապետելով: Մետաքսյան այն երջանիկներից էր, որին բախտ էր վիճակվել այնպիսի խաղընկերներ ունենալ, ինչպիսիք էին Վ. Փափազյանը, Հ. Ներսիսյանը, Ավ. Ավետիսյանը, Գ. Ջանիբեկյանը, Դ. Մալյանը, Օ. Գուլազյանը եւ շատ ուրիշներ, որոնցից էլ սովորել էր դերասանական արվեստի գաղտնիքները:
Հոբելյանական օրվա բացման առիթով մեծարանքի խոսքեր հղեցին Գ. Սունդուկյանի անվ. պետական ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյանը եւ բանախոս Վարսիկ Գրիգորյանը: Շահվերդյանը նշեց, որ առաջիկայում անց է կացվելու «Մետաքսյա Սիմոնյան-80» թատերական տասնօրյակ, որին մասնակցելու են ոչ միայն Հայաստանի այլեւ Արցախի ու Թբիլիսիի թատրոնները ու կլինի նաեւ «Մետաքսիս» մրցանակաբաշխություն: Որքան էլ որ այժմ խոսենք մեր Մետաքսյայի մասին, դա քիչ է: Երանի նրանց, ովքեր տեսան նրա խաղը ու սիրեցին նրան հավերժ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ