13 տարեկան մի մանչուկ, սիրունատես, աշխույժ: Երկանունն է` Արմեն-Լեւոն, ազգանունը` Մանասերյան: Երազում է դաշնակահար, կոմպոզիտոր դառնալ: Պապից` անվանի վիրաբույժ Արմեն Մինասյանից լրջության եւ անմիջականության հազվագյուտ միասնություն է ժառանգել, տատի` վարպետ գեղանկարչուհի Աիդա Բոյաջյանի կտավներով, գրքերի ձեւավորումներով ոգեւորված, նկարում է, զարմացնում գույների, թվում է, միայն իրեն հատուկ խաղով: Մայրը` Մարի Մինասյանն էլ է նկարում, բայց կոչումով եւ կրթությամբ դաշնակահարուհի է, ու որդուն անցած այս գենն առայժմ գերակշռում է: Վերջապես, Արմենը գեղեցիկ, զրնգուն ձայն ունի, երգելով` մի շարք մրցանակների է արժանացել: Հիմա մուտացիոն շրջանն սկսվել է, պիտի սպասենք հասունացմանը, եւ երգով ձեռքբերածը` երգայնությունը, առայժմ փոխանցվում է նվագին:
Երեւանի Չայկովսկու անվան դպրոցում ականատես եւ ունկնդիր ենք մանկավարժ-աշակերտ ջերմ, բնական մի համագործակցության: Մանկավարժը դոցենտ Շուշանիկ Բաբայանն է` չպարտադրող, այլ համոզող, չսովորեցնող, այլ դեռատի աշակերտի իսկական բնությունը բնականորեն բացահայտող:
Ընտանեկան հայեցի դաստիարակությամբ առանձնացող երեխան հայեցիորեն էլ պարզ է, վճիտ, եւ նման պարզությունը, ասենք, բարդագույն մի կոնցերտի, սոնատի կամ պիեսի մամլակի տակ գցելը, ըստ նվագուսույց Բաբայանի, հակամանկավարժական է: Ամուր, ճկուն ձեռքեր ունի, փայլուն տեխնիկա, բայց անհրաժեշտ խոհազգացմունքայինը դեռ պիտի հասունանա: Ծիրանհասուկը, իրավ, գեղեցիկ միջատ է, բայց մեկ-երկու ամսվա կյանք ունի, մինչդեռ ծնունդով անհատականությունը պիտի կատարելագործվի ամբողջ կյանքի ընթացքում:
Փարիզի «FLAME-2006» միջազգային մրցույթի հանձնախումբը պրոֆեսոր Ջորջ Քերնի գլխավորությամբ Առաջին մրցանակով Արմեն-Լեւոն Մանասերյանի նախ անհատականությունը, նրա բողբոջող արվեստի բնականությունը գնահատեց ու ոչ համաշխարհային բարդ մեծակերտերին ձեռք մեկնելը: Գնահատեց եւ հոտնկայս ծափահարեց:
Տիրոջ կամքով ամեն ինչ խաղաղ լինի` մի քանի տարի անց գուցե խոսենք դաշնամուրի ազգային դպրոցի վեր խոյացող աստղի՞ մասին, որին առանց վերապահումների պետականորեն կհովանավորեն, իսկ առայժմ` շնորհակալություն ՀՀ արտգործնախարարությանը, «HSBC» բանկի, «Ինեկոբանկի» եւ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինություններին:
Մեծարգո պարոնայք, ձեր փոքրիկ հովանավորյալը պարզերես արեց բոլորիս: Նման կողմնորոշումը եւ աջակցությունը պատիվ են բերում ազգի հայրենասիրությանն ու բարեկրթությանը:
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ