Եվրոպական եւ միջերկրական երաժշտությունների համադրումով զուտ հայկական ու ինքնատիպ ստեղծագործություն են հորինել հայկական «Էլեմենտ բենդ» նվագախմբի տղաները, որոնց թվում են Արա Դաբանջյանը (գործիքավորող), Սարո Քուչակյանը (բառերի հեղինակ), Կուրս Շերբեթջյանը (վոկալ), Շանթ Մասերեջյանը (ջութակ) եւ Ջերեմի Միլլադոն (բաս), հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 25-ի համարը:
«Եւօֆ» վերնագրված նրանց նոր խտասալիկը «ջերմ, գունեղ եւ էկզոտիկ» երաժշտության եզակի համադրություն է, որտեղ ջութակի, կիթառի, ակորդեոնի, մանդոլինի, բուզուքիի եւ համակարգչային ստեղների հնչյունները միախառնվում են հայկական հին ու նոր երաժշտության մասունքների հետ: Խմբի անդամների մտահոգությունը հայկական ոգին պահպանելն է, որը նրանց հաջողվում է: Նրանք առաջին անգամ ուշադրության են արժանացել անցյալ տարի մայիսին «Ջոն Էնսոն ֆորդ» թատրոնում ֆրանսիական գնչուական նվագախմբի համերգի բացմանը նվագելիս: Նոյեմբերին էլ հաջողությամբ հանդես են եկել «Կոդակ» թատրոնում Դեմիս Ռուսոսի համերգից առաջ, գրում է թերթը:
Հ. Ծ.