«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2006-04-07 | #64, 2006-04-08 | #65, 2006-04-11


ԵԿԵՂԵՑՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՀԱՐԱԶԱՏ ՕՋԱԽՈՒՄ

Այլեւս փաստ է, որ հեռուստատեսային եւ ռադիո եթերի 99 տոկոսը, ժամանակակից ֆիլմերի, նույնիսկ մուլտֆիլմերի մեծ մասը անբարո եւ հոգեբանությունն աղճատող «չարվեստի» տեսակներ են: Դրանք խաթարում են նախ եւ առաջ երեխաներին: Շարժարվեստի մյուս տեսակները եւս կրում են անամոթության ու գռեհկության կնիքը: Ասել է թե, երեխաները բարձրակարգ արվեստ տեսնելու խնդիր ունեն, եթե նրանց ծնողները հետեւողական չեն նրանց գեղագիտական ճաշակի եւ աճի նկատմամբ: Հարցի մասնակի լուծում է տիկնիկային թատրոնը: Հատկապես, երբ այն շրջիկ է:

Արդեն հինգերորդ անգամն է, որ ամեն հինգշաբթի կամ ուրբաթ օրերին Սբ. Երրորդություն եկեղեցու նկուղային դահլիճը լցվում է ցածր դասարանի մանուկներով: «Հայ եկեղեցու պատմության» ուսուցչուհիների ուղեկցությամբ նրանք եկեղեցի են գալիս ոչ միայն նոր սովորած «Հայր մեր»-ը հնչեցնելու, այլեւ տիկնիկային ներկայացումներ դիտելու: Դրանք պարբերական բնույթ են կրում եւ սիրով ներկայացվում են Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի «Կարապետ» թատրոնի դերասանների կողմից: Կենտրոնի նախագահ եւ թատրոնի գեղ. ղեկավար Արմեն Սաֆարյանն ասում է, որ իրենք ցուցադրում են «Բարի սամարացին», «Անմիտ մեծահարուստը», «Անառակ որդու», «Մշակների» առակները, ինչպես նաեւ Չ. Դիկկենսի «Սուրբ ծննդյան երգը» եւ իր հեղինակած «Ազատություն» ներկայացումները: Ամեն առակ ընդմիջվում է քննարկումով, որին ակտիվորեն մասնակցում են երեխաները եւ բավականին ուսանելի եզրակացություններ անում:

«Այս ներկայացումներն անվճար են, քանի որ մեր թատրոնը երբեք տոմս չի վաճառել», ասում է Ա. Սաֆարյանը եւ իր գոհունակությունն է հայտնում ինչպես միջազգային մի շարք կազմակերպությունների, բարերարների, այնպես էլ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի, սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւորականների բարյացկամ վերաբերմունքի եւ աջակցության համար: «Եկեղեցին գնահատում է տիկնիկային արվեստի հնարավորությունը, որի շնորհիվ եւս երեխաներին է հասնում Աստծու խոսքը», ասում է նա:

«Այս ճանապարհով առաջին հերթին քրիստոնեական եւ մշակութային դաստիարակության խնդիր ենք լուծում, ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների, նույնիսկ ուսուցիչների համար, ասում է սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյանը: Երեխան հասկանում է, որ եկեղեցում ոչ միայն աղոթում են, այլեւ կարող են զգալ ինչպես հարազատ տանը, որին կից դահլիճում կարելի է ներկայացում դիտել, ծափ տալ, արտահայտել իրենց զգացումները: Հաջորդ քայլը շատերի համար կարող է լինել այցելությունը մեր կիրակնօրյա դպրոցին, եկեղեցական միջոցառումներին եւ այլն: Դրա համար մեր հանդիսատեսներին բաժանում ենք փոքրիկ աղոթագրքեր եւ մեր կիրակնօրյա դպրոցի մասին ծանուցումներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4