Դարչինյանի հետ մենամարտից
WBO-ի վարկածով թեթեւագույն քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Օմար Նարվայեսը հրաժարվել է քաշային նույն կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրող Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտելուց: Այդ մենամարտը նախատեսված էր հունիսի 3-ին: Այս մասին տեղեկացրել է Վախթանգի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը: «Նարվայեսն այդ մենամարտի համար բռնցքամարտիկի իր գործունեության ընթացքում ամենախոշոր պարգեւավճարն էր ստանալու: Նրա մենեջերները համաձայն էին պայմաններին: Սակայն Օմարի մենամարտերը կազմակերպող Ակարյե եղբայրները հրաժարվել էին մենամարտն անցկացնելուց` լավ հասկանալով, որ Նարվայեսը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: Եթե Նարվայեսը հաջորդ 3-4 ամիսներին չհամաձայնի մենամարտել Դարչինյանի հետ, բացառված չէ, որ կկորցնի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը ամեն ջանք ներդնում է, որպեսզի մենամարտը կայանա: Նրան դուր է գալիս Վախթանգի մենամարտելու ոճը, ցանկացած բռնցքամարտիկի հետ հանդիպելու վճռականությունը», նշել է Էդուարդ Ղումաշյանը: Այնուամենայնիվ, հունիսի 3-ին Վախթանգը ռինգ դուրս կգա: Նրա հավանական մրցակիցը կլինի մեքսիկացի Լուիս Մալդոնադոն, որը հանդես է գալիս քաշային հաջորդ կարգում եւ առայժմ պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է: Անցկացրած 34 մենամարտերից 33-ում նա հաղթել է (25-ը` նոկաուտով), մեկն ավարտել է ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ