«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԼՂ ՀԱՐՑԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԻՄՈՂԸ ԿՀԵՌԱՑՎԻ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

«Եթե ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն, ես հնարավոր չեմ համարում Եվրոպայի խորհրդում այն երկրի ներկայությունը, որը ռազմական ուժ է օգտագործում հակամարտության կարգավորման համար: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել ԵԽ-ում տվյալ երկրի անդամակցության հարցը», հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Ինչպես փոխանցում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԵԽԽՎ նախագահը նման հայտարարություն է արել ղարաբաղյան հարցի հնարավոր ուժային կարգավորման բարձրաձայնումների առնչությամբ: Ռենե Վան դեր Լինդենը կոչ է արել հակամարտության կողմերինՙ հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից եւ գիտակցել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով:

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս հայտարարությունը կարելի է բացառիկ համարել այն համատեքստում, որ Ադրբեջանի ռազմատենչ, պատերազմ սկսելու հայտարարությունները ցայսօր որեւէ լուրջ արձագանքի չէին արժանանում, բացի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի «դժգոհությունն» առաջացնելու փաստից: Ռենե Վան դեր Լինդենիՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորմանը դիմող երկրին Եվրոխորհրդարանից հեռացնելու հայտարարությունն առաջին լուրջ գնահատականն է ու թերեւս հնարավոր պատիժը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4