«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


ԲԱԶԵՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին երեկ Ալբերտ Բազեյանը մտահոգություն հայտնեց այն իրադարձությունների վերաբերյալ, որի կենտրոնում հայտնվում են կամավորական ջոկատների ճանաչված հրամանատարներ: Հիշեցնելով ամիսներ առաջ հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին` նա տարօրինակ համարեց, որ իրավապահ մարմիններին հայտնի էր այդ ծրագիրը, բայց անհասկանալի պատճառներով ազատության մեջ մնաց մահափորձը նախապատրաստող պատվիրատուներից մեկը. «Այսօր մենք տեղեկություն ստացանք, որ այս անգամ նա է դարձել հարձակման թիրախ եւ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում»: (Ավելի ուշ Ա. Բազեյանը պարզաբանեց, որ տեղեկություն ունի, թե կրակել են «Կոճե» մականունով այդ անձնավորության վրա, վիճակը կայուն ծանր է, բայց եւ հարցադրում արեց. չէ՞ որ ժամանակին ահազանգել էին, թե ինչո՞ւ կալանքի չի վերցվում այդ անձնավորությունը: Բազեյանը կասկած հայտնեց, թե արդյոք չէի՞ն ցանկանում հրահրել, որպեսզի, ասենք, հակառակ կողմից, ենթադրենք Սասունի կողմնակիցները մի բան ձեռնարկեն «Կոճեի» դեմ, կամ էլ գուցե մի այլ կողմից սադրանք է այդ բոլորը):

Ա. Բազեյանը շեշտեց, որ եթե որեւէ հանցագործություն ամբողջությամբ չի բացահայտվում եւ հանցագործները չեն պատժվում` ունենում է շարունակություն եւ նոր զարգացումներ. «Այն, ինչ տեղի ունեցավ Արմավիրում, նույնպես կապված է մեր ազատամարտի հրամանատարներից մեկի` Ռուստամ Գասպարյանի հետ, նրան հրաշքով հաջողվել է փրկվել, եւ այսօր ապաքինվում է»:

Բազեյանը զավեշտալի համարեց այն, ինչ տեղի է ունենում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պարագայում, որը երեք տարի շարունակ դիմել է Հայաստանի ղեկավարությանը Հայաստանի քաղաքացիություն ստանալու, սակայն մերժվել է, իսկ վերջերս նրան Հայաստանից արտաքսելու սպառնալիքներ են հնչում իշխանությունների կողմից: Այդ փաստն առավել քան տարօրինակ թվաց Բազեյանին այսօր, երբ հակառակորդն անընդհատ պատերազմի վերսկսման մասին է խոսում, իսկ նախկինում ազատամարտիկ եւ հրամանատար եղածների խոսքն այս պահին կարեւոր է: Սեֆիլյանի եւ նրա ընկերների հետ կատարվողը Բազեյանը կապեց իշխանությունների ղարաբաղյան գործունեության վերաբերյալ նրանց տված բացասական գնահատականների եւ պաշտպանության նախարարի հասցեին ասված մի քանի թթու խոսքի հետ:

Բազեյանը կոչ արեց բոլոր ազատամարտիկներին, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումներից, համախմբվել եւ միասնական պայքարել յուրաքանչյուրի իրավունքների եւ օրինական շահերի համար:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4