ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությանը չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը` գազի սակագնի բարձրացման եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի օտարման հետ կապված հարցերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծն օրակարգ ընդգրկելու համար: Ստորագրահավաքին միացել էր 20 պատգամավոր` «Արդարություն», «Ազգային միաբանություն» խմբակցություններից եւ երեք անկախ խորհրդարանական: Երկու խմբակցությունները միասին ԱԺ-ում 22 պատգամավոր ունեն: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ընդդիմադիր պատգամավորների պասիվությունը պատճառաբանեց նրանց գործուղման մեջ լինելով: