«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


«ԺՈՂՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՉՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՉՆՎԱԶԵՑ

16 անդամ ունեցող Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խումբը երեկ ապացուցեց, որ կարող է տապալել մեծամասնության պաշտպանած օրինագիծը` չմասնակցելով քվեարկությանը: Հենց այդ ճակատագրին արժանացավ սահմանին զրո տոկոսով հարկվող ապրանքատեսակների ցանկի կրճատմանն ուղղված կառավարության ներկայացրած փաթեթը, որն անցած քառօրյայում բավական բուռն քննարկվել էր: Այն ընդամենը հավաքեց 60 ձայն եւ արդեն երկրորդ անգամ հետ ուղարկվեց: Մի անգամ եւս հիմնավորելով իրենց դիրքորոշումը` խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Ազգին» պարզաբանեց, որ իրենք համաձայն չեն տնտեսվարողի նկատմամբ անընդհատ խաղի կանոնները փոխելուն. «Թող բերեն ամբողջական հայեցակարգ, կկողմնորոշվենք` կողմ կլինենք թե դեմ, թե չէ ամեն անգամ մի երկու ապրանք են բերում` թե սահմանի վրա հարկենք, մանավանդ որ խոսքը վերաբերում է հումքի, տարբեր նյութերի, գյուղատնտեսական սարքավորումների ներկրմանը: Հենց սկզբից 20 տոկոսը վերցնում են: Է, առանց շրջանառու միջոցների տնտեսվարողն ինչպե՞ս է գոյատեւելու: Ձախ ձեռքով են քաղաքականություն տանում»: Կ. Կարապետյանը նկատեց նաեւ, որ սովորաբար կառավարության հետ խումբը կոնստրուկտիվ աշխատում է, եւ օրինագծի տապալումն էլ համարեց «կոնստրուկտիվ աշխատանքի արդյունք»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4