Հայաստանը կամաց-կամաց դառնում է կլանող գործոն
Ամենատարբեր դրդապատճառներով Հայաստանից մեկնած քաղաքացիների մեծամասնությունն օտար երկրներում իր ներկայությունն օրինականությանը մոտեցնելու համար դիմում է այդ երկրների կառավարություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Հայաստանի միգրացիոն գործակալությունը համագործակցում է եվրոպական երկրների էմիգրացիոն իշխանությունների հետ: Վերջերս նրանցից ստացվել է բավական հետաքրքրական հետազոտություն հայ քաղաքացիների` փախստականի կարգավիճակ ստանալու համար հորինած լեգենդների մասին: Անօրինական կարգավիճակն օրինականով փոխարինելու միակ միջոցը շատերի համար մնում է հալածյալի, քաղաքական, կրոնական համոզմունքների պատճառով ճնշումների ենթարկվածի լուսապսակը: Լեգենդների տեսականին մի քանի բաղադրամաս ունի: Առաջին տեղում խառն ամուսնությունների լեգենդն է: Այս դեպքում, որպես կանոն, ներկայացվում է հայ ամուսնու եւ ադրբեջանցի կնոջ ողբերգությունը: Եվ քանի որ կինն ադրբեջանցի է, Հայաստանում նեղում են նրանց: Հաջորդ լեգենդի մեջ ներկայանում են հալածվող եհովականները, երրորդ խմբում իրենց սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ ներկայացնողները: Լեգենդների մի հատվածում էլ Հայաստանի իշխանությունների կողմից հավանական ու անհավանական բռնությունների ենթարկվող անձինք են: Ընդ որում, հստակորեն նշվում են կուսակցությունների, քաղաքական գործիչների, իշխանավորների անուններ, որոնք այդ սցենարներում այս կամ այն դերակատարումն ունեն, դրական կամ մռայլ, նայած ֆաբուլայի: Շատ-շատերը կապշեին, իմանալով, թե հայրենիքից հեռացած մարդկանց ճակատագրում ինչպիսի վճռորոշ դերակատարում են ունեցել: Ընդ որում, հավաստիություն հաղորդելու համար օգտագործվում են հայաստանյան մամուլում ներկայացվող իրադարձությունները: Հստակ ժամանակագրությամբ ու կարգով քաղվում է այն, ինչ կարող է հումք ծառայել երեւակայական իրադարձությունների համար:
Եվրոպական էմիգրացիոն կազմակերպություններն արդեն սովորել են այս պատմություններին, այնպես որ հայ արտագաղթողներից շատ քչերին է հաջողվում փախստականի կարգավիճակ ստանալ: Ընդ որում, կարգավիճակի քննարկման ընթացակարգը տեւում է բավական երկար` 0,5-1 տարի: Մերժում ստանալուց հետո էլ դիմողը կարող է վիճարկել որոշումը, դա էլ տեւում է եւս 1 տարի: Այսինքն, ընդհանուր առմամբ 2-3 տարի: Այդ ողջ ժամանակում Հայաստանի քաղաքացին մնում է այդ երկրում եւ եթե կարողանում է ինչ-որ բան էլ ուղարկել Հայաստան, հայրենակիցներին թվում է, թե իրենց ծանոթ-բարեկամի վիճակը վատ չէ: Սա սովորական պատմություն է, խաբուսիկ դրախտի պատրանք: Դրսում հայտնվածը չի ուզում պատմել կոտր ընկնելու մասին, ներսինն էլ չի պատկերացնում նրա վիճակը:
Ներգաղթի երկրների աշխարհագրության մեջ չափազանց ուշագրավ մանրամասներ կան: Տարբեր ժամանակներում այդ երկրների տեսականին խիստ խայտաբղետ է: Արտագաղթողներն սկսել են Բենիլյուքսի (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ) երկրներից եւ այդպես շարունակել մինչեւ 2000 թվականը: Այնուհետեւՙ Գերմանիա, Ավստրիա եւ անցած ու այս տարի` Ֆրանսիա: Հիշատակված վերջին երկրներ դիմողների քանակը 3-4 անգամ աճել է: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի պաշտոնակատար Գագիկ Եգանյանի, երկրների տեսականու որոշակի ու հստակ փոխակերպումները խոսում են այն մասին, որ երեւույթը կառավարվում է հանցագործ խմբավորումների կողմից: Սրանք իրենց ներկայացուցիչներն ունեն որեւէ երկրի ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում եւ հարմար պահերին մարդկանց ուղղորդում են դեպի այդ երկիրը: Որոշիչ հանգամանքն այդ երկրում կարգավիճակ ստանալու առավել հավանական հնարավորություններն ու միջոցներն են: Այսինքն, եթե տեսնում են, որ ինչ-որ երկիր թափանցելու հեշտ ուղիներ կան, անմիջապես իրենց խողովակներով տարածում են տեղեկատվությունը: Եվրոպական երկրների տնտեսական մակարդակների միջեւ խոր տարբերություններ չկան, այնպես որ ժամանակ առ ժամանակ որեւէ երկրի նկատմամբ հետաքրքրության արթնացումը պայմանավորված է հիմնականում այս գործոնով:
Միգրացիայի շնորհիվ կազմակերպված հանցագործ տարրերը հսկայական գումարներ են աշխատում: Եվ աշխարհի մակարդակով միգրացիոն շահութաբերությունը համեմատվում է միայն զենքի առեւտրի եւ նավթի արտահանման եկամուտների հետ:
Աշխարհի 43 զարգացած երկրների կառավարություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմած հայերի թիվը 2000-2001 թվականներին հասել է 9 հազարի: Անցած տարի, սակայն, այդ թիվը խիստ նվազել է` իջնելով մինչեւ 6 հազարի: Դա բացատրվում է նաեւ նրանով, որ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններն ավելի են հստակեցրել խնդիրն իրենց համար եւ կարգավիճակ շնորհելիս առաջվա առատաձեռնությունը չեն դրսեւորում: Մշտապես կայուն է փախստականի կարգավիճակ ստանալու համար ԱՄՆ կառավարությանը դիմած հայ քաղաքացիների թիվը` տարեկան 300-400 մարդ:
Միգրացիոն գործակալության տվյալներով, 2002 թվականից հանրապետության ելքի ու արտահոսքի պատկերում կտրուկ փոփոխություններ են եղել: Մինչեւ 2002 թվականն արձանագրվում էր կայուն բացասական սալդո, մեկնողների թիվը միշտ գերազանցում էր ժամանողներին տարեկան 40-60 հազար անձով: 2002-ից հետո այդ բացասական սալդոն կրճատվել եւ գրեթե զրոյացվել է: 2004 թվականին առաջին անգամ արձանագրվել է դրական սալդոՙ մարդիկ ավելի շատ եկել են Հայաստան (118 մարդ), քան մեկնել: Իսկ անցած տարի այդ թիվը 5 անգամ աճել է: Ժամանողների թիվը մեկնողներին գերազանցել է 12 հազար 500-ով: Եվ այս թվերն արձանագրվել են ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալների աճի պարագայում: Այդ թվերի միջոցով դժվար է տարբերել, թե ինչ նպատակներով են մարդիկ գալիս կամ գնում:
Ընդհանուր առմամբ, եթե ուղեւորահոսքերի թիվն աճում է, նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրության մակարդակը մեծանում է: Մարդկանց վերադարձի վրա մի քանի գործոն կարող են ազդած լինել: Բնականաբար, առաջինը Հայաստանում վիճակի փոփոխությունն է: 10 տարի առաջ եւ հիմա Երեւանը նույնը չէ: Դեռեւս պահպանելով ասիական քաղաքի ախտերը, Երեւանն այնուամենայնիվ փորձում է եվրոպական քաղաքի հագուստ հագնել` շքեղ զվարճավայրերով, առանձնատներով, սպասարկման կետերով: Իհարկե, Հայաստանի հանկարծակի հարուստներն այդ ամենն իրականացնում են գիշատչի նման` ճանապարհին ոչնչացնելով Երեւանի հին կերպարի բոլոր խորհրդանիշները, կանաչազերծելով քաղաքը, բայց խաբուսիկ հարմարավետության ու շքեղության պատրանքը կա: Եվ դա է սկսել ձգել դրսի հայերին ու զբոսաշրջիկներին: Մյուս կողմից, 10-15 տարի առաջ արտերկիր գաղթած մեր հայրենակիցներից շատերի գործերն իսկապես լավ են ընթացել, եւ կլորիկ գումար գրպաններում, շատերը փորձում են Հայաստանում վերահաստատվել: Այն պարզ ճշմարտությամբ, որ օտար միջավայրը հազվադեպ է հոգեհարազատ դառնում, եթե չես ծնվել ու մեծացել այնտեղ: Մյուս կողմից, աշխարհի սարսափ դարձած ահաբեկչությունն ու անօրինական միգրանտների հետ մշտական խնդիրները շատ երկրների մղում են խստացնել միգրացիոն օրենսդրությունը: Եվ հայ պանդուխտների համար հավելյալ պրոբլեմներ են առաջանում: Այս հանգամանքը շատերին ստիպում է հայացքը շրջել դեպի Հայաստան: Հանրապետությունում տների աննախադեպ եւ օր-օրի թանկացումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ հատկապես Ռուսաստան գաղթած հայերը զանգվածաբար սկսել են սեփականություն գնել Հայաստանում:
Իհարկե, ուղեւորահոսքերի ծավալների մեծացումը որոշակի չափով խոսում է նաեւ նյութական ապահովվածության մակարդակի մասին: Մարդիկ պարզապես նման ուղեւորությունների հնարավորություն ունեն:
Սովորաբար երկրից արտամղող լծակները երկրում առկա անմխիթար իրողություններն են` սոցիալական, քաղաքական, տնտեսական` պատերազմներ, էկոլոգիական աղետներ եւ այլն: Եվ եթե մի տեղ կա արտամղողը, մի այլ տեղ առաջանում են կլանող, ձգող գործոնները` բարձր կենսամակարդակ, կայունություն եւ այլն: Այս գործոնների քաշից կախված միգրացիոն հոսքերի վեկտորներն ուղղվում են կամ երկրից դուրս, կամ դեպի երկիր: Ըստ Գագիկ Եգանյանի, մինչեւ 2000 թվականը Հայաստանում գերակշռել են արտամղող գործոնները, որովհետեւ ամեն տարի բացասական սալդոն եղել է 40-60 հազար:
Եթե դրական սալդոն մի քանի տարի (մի տարին քիչ է կլանող գործոնների առաջացման մասին խոսելու համար) պահպանվի, մենք կարող ենք ասել, որ արդեն երեւան են գալիս ձգող գործոններ:
Իհարկե, այս բոլորից զատ չպետք է անտեսել նաեւ հայրենիք վերադարձի անհատական հոգեբանական դրդապատճառները: Երբ մարդն այդպես էլ չի կարողանում հարմարվել օտար կենսամակարդակին ու սովորույթներին, չի բուժվում համազգային հիվանդություն դարձած կարոտից եւ պանդուխտի ցուպը նետելով հայրենիք է վերադառնում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ