Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել են հեռահաղորդակցության մի շարք շուկաներում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանք իրականացվել էին հանձնաժողովին «Արմենտելի» դիմումի համաձայն, որն առաջարկել էր «ինտերնետ ծառայություններ», «տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայություններ», «տվյալների արբանյակային ստացման միջազգային ծառայություններ» շուկաներում «Արմինկո» ընկերությանը համարել գերիշխող դիրք ունեցող:
Պարզվել է, որ ինտերնետ ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած 213 տնտեսվարող սուբյեկտների գերակշռող մասը մատուցում է միջնորդավորված ծառայություն, այսինքն ինտերնետ ստանում են ոչ թե «առաջին ձեռքից»` «Արմենտելից», այլ միջնորդավորված` 10 խոշոր պրովայդերներից: Հաշվարկվել է, որ 2005 թվականի ընթացքում վերջիններս մատուցել են 1,9 մլրդ դրամի ծառայություն: Ընդ որում, շուկայի 37,1 տոկոսը բաժին է ընկնում «Արմինկոյին», ուստի հանձնաժողովը նրան ճանաչել է գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել համապատասխան մատյանում: Գործունեության ծավալներով հաջորդաբար մյուս սուբյեկտներն ենՙ «Նետսիսը», «Կոռնետ-ԱՄ»-ը, «Էքսոլթը», «Վեբը»:
Ըստ հետազոտության տվյալների, արբանյակային ստացման միջազգային ծառայությունների շուկայում գործող 21 տնտեսվարող սուբյեկտները միասին մատուցել են 454,6 մլն դրամի ծառայություն: Սակայն սրանց մեջ գերիշխող դիրք ունեցող ոչ մի սուբյեկտ չկա: Ամենածանրակշիռ ծառայության ծավալը չի գերազանցում 20 տոկոսը:
Պարզվել է, որ «Արմենտելն» իր հերթին գերիշխող դիրք է գրավում տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայությունների մատուցման շուկայում (որոնցով «Արմենտելը» ինտերնետը հասցնում է պրովայդերներին), քանի որ այս շուկայում միայն նա է նման ծառայություն մատուցում:
Տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշմամբ «Բահագս» ՍՊԸ-ն 100 հազար դրամով տուգանվել է կարագի շուկայում թույլ տված անբարեխիղճ մրցակցության համար, եւ ինտերնետ ծառայություններ մատուցող 4 տնտեսվարող սուբյեկտներ` 500 հազարական դրամով:
Կ.Դ.