«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2006-04-11 | #66, 2006-04-12 | #67, 2006-04-13


ԱՍՏՎԱԾԱՊԱՀ ԾԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՆԻՍՏ ԴԱԴԻՎԱՆՔ

Քարվաճառի շրջանի Ծար բերդագյուղ բարձրանալիս ակամա սարսռում ես, թե ինչպես են հայերը երկար դարեր ապրել այստեղՙ «Աստվածապահ ամուր Ծարում»: Իսկ որ ապրել են, դրա վկայությունները պահպանվել են ոչ միայն միջնադարյան մատյաններում, այլեւ խորհրդային տարիներին թրքացած քրդերի համար ադրբեջանցիների կառուցած դպրոցում, որի կիսաքանդ պատերից պարզորոշ երեւում են հայկական խաչքարերի ջարդուփշուր արած կտորները: Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը խոշոր չափերի հասավ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ գյուղը հայաթափվեց ու բնակեցվեց թրքացած քրդերով: 1940-50 ական թվականներին հիմնահատակ ավերվեցին 1274 թ. կառուցված 4 եկեղեցիներից երկուսը, խաչքարերով գերեզմանները: Մինչեւ տարածքի ազատագրումը 2 վանքերն օգտագործվել են որպես հարեւան տան օժանդակ մաս, ծածկվել սվաղով ու կցորդումներով:

Ծովի մակերեւույթից 2030-2050 մ բարձրության վրա գտնվող այս գյուղը 1999 թվականից բնակեցվել է 14 հայ ընտանիքներով, որոնց մեջ կան նաեւ Բաքվից, Կիրովաբադից բռնագաղթածներ: Գյուղապետ Սամվել Սիմոնյանն արցախյան պատերազմի ազատամարտիկ է, եկել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից, նրա հետ նաեւ ամբողջ գերդաստանըՙ 12 թոռներով: Հայրըՙ Արտաշ Սիմոնյանը պատմում է. «Դժվարություններ շատ կան, բայց ամենավատն այն է, որ լույս չկա, ճանապարհները քարքարոտ են: Այստեղ խանութ չկա, հասնում ենք Քարվաճառ ոտքով, ձիով, մեկ-մեկ էլՙ «Վիլիսով»: Մնացածըՙ ոչինչ, ապրում ենք, գանգատ չունենք»: Գյուղապետի կինըՙ Գյուլնարա Սիմոնյանը գյուղի դպրոցի տարրական մեկ ընդհանուր դասարանի դասվարն է, 7 աշակերտ ունի: «Դասավանդում ենք մեր միջնակարգ կրթությամբ, մասնագետներ չկան, եթե գոնե 2 մասնագետ ունենայինք, գերազանց կլիներ: Հիմա մեր կյանքն ավելի լավ է, մի քանի տարի առաջ շատ դժվար էր: Ամուսինս ոտքով էր գնում Քարվաճառից սնունդ բերելու, հիմա, փառք Աստծո, մեքենա ունի, շուտով անասնապահական ֆերմա կբացի: Գոհ ենք, մեզ լավ ենք զգում, ուրիշ տեղ ապրելու առավելությունը չենք տեսնում», ասում է նա: Վերաբնակեցվածների թիվը սկզբում ավելի շատ էր, նրանց մեջ եղել են նաեւ երեւանցիներ, գյումրեցիներ, հրազդանցիներ, որոնք չեն դիմացել ու մեկնել են այլ վայրեր: Դրա պատճառներից մեկը եղել է տասնամյա դպրոցի բացակայությունը: Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, գյուղատնտեսությունը:

Ծարում պահպանվել է տիպիկ հայկական տան հազվագյուտ նմուշՙ 1658 թ. ոմն Ավանեսի կառուցած հազարաշեն տունը, որի 4 սյուները սովորական գերանների փոխարեն քարից են: Մեր այցի ժամանակ քարե սյուներն այլեւս կանգուն չէին, դրանք փլվել էին ավերված տան հատակին: «Մտածում ենք այստեղ ստեղծել հայկական հուշարձանների ցեղասպանության թանգարան-համալիր: Աշխատանքները դեռ նախագծային փուլում են, այժմ ուսումնասիրում ենք կիսաքանդ դպրոցի պատերի մեջ տեղադրված խաչքարերը, նախատեսում ենք դրանք թողնել նույն տեսքով, ադրբեջանական վանդալիզմի մասին այցելուներին ճշմարիտ պատկերացում տալու նկատառումով:

Այս գյուղն ունի հիասքանչ բնություն, պատմական հուշարձաններ, իսկ ներքեւումՙ հանքային ջրեր: Լուրջ հոգածության դեպքում կարող է դառնալ Քարվաճառի շրջանի զբոսաշրջության կենտրոնը», ասում է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:

Քարվաճառի շրջանը միջնադարյան աղբյուրներում հիշատակվել է որպես մի առանձին գավառՙ Վայկունիք, որոշ աղբյուրներումՙ Վերին Խաչեն: Մինչեւ 1993 թ. տարածքի ազատագրումը թուրքերը հասցրել էին հիմնահատակ անել եւս մի քանի տասնյակ եկեղեցիների վիմագիր արձանագրություններ: Ի դեպ, ամբողջ շրջանում ոչ մի մզկիթ չկա, չնայած թուրքերն այստեղ սկսել են ներթափանցել XVIII դարի սկզբներին: 1720 թ. վերջից գավառի շատ գյուղեր կամաց-կամաց սկսեցին դատարկվել բնիկ հայ բնակչությունից, հայաթափումը զանգվածային դարձավ հատկապես 1724 թվականից հետո, երբ ռուս-թուրքական պայմանագրից հետո օսմանյան բանակները մտան Արցախի երկրամաս եւ առաջինն սկսեցին պատժել արցախահայությանը, քանի որ ռուսների աջակցության հույսով իրենց մելիքների գլխավորությամբ նրանք համարձակվել էին պայքարի ելնել հանուն անկախության:

Արեւելյան Հայաստանում Քարվաճառի շրջանն առաջիններից է եղել, ուր մուտք են գործել ու տարածվել քրիստոնեական գաղափարները: V դարից եպիսկոպոսանիստ դարձած Դադիվանքն, ըստ Միխայի Ասորու «Ժամանակագրության», հիմնադրվել է մ.թ I դարի 2-րդ կեսին, քրիստոնեական քարոզչության համար նահատակված Թադեւոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկիՙ Դադիի գերեզմանի տեղում: Մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Դադիվանքը տիրել է հսկայական կալվածքների, գոյատեւել սեփական եկամուտներով: Խորհրդային Ադրբեջանի ստեղծումից հետո Դադիվանքն ամայացավՙ զրկվելով իր բոլոր կալվածքներից, իսկ նորաստեղծ Քարվաճառի շրջանը միացվեց Ադրբեջանին: Դադիվանքն ազատագրվեց 1993 թվականի մարտի 31-ին, իսկ մի քանի օրից ազատագրվեց ողջ շրջանը:

Տարիների ընթացքում քայքայված ու ավերված Դադիվանքն այսօր վերականգնվում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» ջանքերով, ամերիկահայ բարերարներ Հովնանյանների հովանավորությամբ: Վանքից քիչ հեռու ապրում են վերաբնակեցվածները, դժվարին կյանքից խաղաղված իրենց հայացքն ամեն օր հառելով վանքի գավիթների ոսկեգույն խաչերին, լցվելով անխափան հույսով ու հավատով: Իսկ ադրբեջանցիները կատաղի թափով շարունակում են 1980-ականներից ծավալած պատմական փաստերի խեղաթյուրումն ու հայկական պատմական հուշարձանների վանդալիզմը Նախիջեւանում եւ այլ վայրերում: Քարվաճառի շրջան այցելած մարդու համար ավելի քան դատապարտելի են Հայաստանի համար պատմահնագիտական եւ ռազմավարական հզոր նշանակություն ունեցող այս շրջանը վերադարձնելու մասին խոսակցությունները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Քարվաճառ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4