«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2006-04-11 | #66, 2006-04-12 | #67, 2006-04-13


ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ

Ինչպես տեղեկանում ենք Տանը Կիլիկիո կաթողիկոսության մամլո հաղորդագրությունից, Գրողների համահայկական 3-րդ համաժողովը եզրափակիչ նիստը գումարեց շաբաթ օրը, փակման հանդիսությունը Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հաջորդ օրըՙ ապրիլի 9-ին: Նախընթաց օրերին համաժողովի նիստերն անցան բազմաբովանդակ ելույթներով` եզրափակվելով քննարկումներով: «Համաշխարհայնացումը եւ արդի հայ գրականությունը» թեմայով առաջին զեկուցումը ունեցավ գրականագետ Գառնիկ Անանյանը, ներկայացնելով ժամանակի ամենավտանգավոր շարժման` համաշխարհայնացման դեմ պայքարի հնարավոր մեթոդները` ազգային ինքնության եւ մշակույթի պահպանման դիրքերից: Նմանաբնույթ ելույթ ունեցավ նաեւ Սարգիս Կիրակոսյանը` Բեյրութից: Կարծիքների փոխանակումը անցավ Հենրիկ Էդոյանի եւ Հրանտ Մարգարյանի (ԱՄՆ) ատենապետությամբ: Հաջորդ նիստին` «Նոր կենսափորձ եւ նոր գրականություն» եւ «Ինքնության տագնապը սփյուռքահայ գրականության մեջ» թեմաներով զեկուցումներ կարդացին Ժենյա Քալանթարյանը եւ Վեհանուշ Թեքյանը (ԱՄՆ): «Սփյուռքի գոտիներուն վրա լույս սփռող գրականությունը արժանի է ոչ թե պարագայական, հետամնաց կամ հետմահու ընդունելության, այլ լուրջ` հարատեւ ուշադրության», ասաց վերջինս: Կարծիքների փոխանակման ընթացքը ատենապետեցին Հովհ. Գրիգորյանը եւ Հակոբ Միքայելյանը (Սիրիա):

Սփյուռքահայ գրականությանը նվիրված առանձին նիստի բանախոսներն էին Սուրեն Դանիելյանը եւ Հիլդա Գալֆայան-Փանոսյանը (Փարիզ): Կարծիքներ փոխանակվեցին` ատենապետությամբ Վազգեն Գաբրիելյանի եւ Արամ Սեփեթճյանի (Լիբանան): «Հայկական ցեղասպանությունը եւ արդի հայ գրականությունը» թեմայով հանդես եկավ Ազատ Եղիազարյանը, «Հայ գրականության միջազգայնացումը» նյութի շուրջ բանախոսեցին Ալեքսանդր Թոփչյանը եւ Հարություն Քյուրքչյանը (Հունաստան): Ըստ Ալ. Թոփչյանի, հայ գրականության միջազգայնացումը պետք է նախեւառաջ դառնա պետական քաղաքականության անբաժան մասը: Վերջին երկու նիստերը ատենապետեցին Ռուբեն Հովսեփյանը, եւ Արշակ Գազանճյանը (ԱՄՆ), Պերճ Զեյթունցյանը եւ Հարություն Բերբերյանը (Կանադա): Շաբաթ օրվա նիստինՙ ատենապետությամբ Արեւշատ Ավագյանի եւ Թորգոմ Փոստաջյանի (ԱՄՆ), «Արդի մանկապատանեկան գրականությունը եւ ազգային դպրոցը» թեմայով ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը եւ Գրիգոր Շահինյանը (Լիբանան), որն առաջարկեց սփյուռքի հայակենտրոն քաղաքներում ստեղծել գրական խմբակներ, հաստատել մանկագրության կրթաթոշակ` հայերենի լավ իմացության եւ ստեղծագործական ունակությունների համար:

Հետագա նիստերն ընթացան զանազան քննարկումների եւ առաջարկների հունով` վերաբերող Հայաստան-սփյուռք գրական կապերի եւ գրողական հարաբերությունների առավել սերտացմանը, հաջորդ 4-րդ համաժողովին եւ այլաբնույթ խնդիրների:

Եզրափակիչ նիստինՙ ատենապետությամբ Հենրիկ Բախչինյանի եւ Հակոբ Պալյանի (Ֆրանսիա), ներկայացվեց համաժողովի պաշտոնական հաղորդագրությունը:

Համաժողովին ներկա երիցագույն անդամի` բանաստեղծ Ժակ Ս. Հակոբյանի վաստակը բարձր գնահատեց Արամ Ա կաթողիկոսը:

Արամ Ա-ի հետ հանդիպումներ ունեցան գրողները, ինչպես առանձին, նաեւ խմբակային:

Սա գրողների` արտերկրում անցկացվող առաջին համագումարն է, որին մասնակցում էին 140 պատվիրակներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից: Մեր նախորդ հրապարակման մեջ նշված մասնակիցների թվի կրկնակի չափազանցումը` 300-ը, ըստ Անթիլիասից ստացված առաջին հաղորդագրության էր:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4