Նախորդում բաժակի պարունակությունը չավելացավ
Երեկ Երեւանում էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, որը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված Մինսկի խմբի աշխատանքները, այդ համատեքստում գնահատականներ տվեց Ռամբույեում տեղի ունեցած բանակցություններին: Ֆրանսիացի համանախագահի խոսքերովՙ «Ռամբույեում տեղի չունեցավ այն, ինչի հույսն ունեին 3 համանախագահները: Մինչ Ռամբույեն ունեինք կիսով չափ լեցուն բաժակ եւ հույս, որ այն մի փոքր կլցվի: Մեզ չհաջողվեց բաժակը կեսից ավելի լցնել, սակայն այն նաեւ շուռ չեկավ: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, չի մահացել»:
Ինչ վերաբերում է համանախագահների ոչ միաժամանակյա այցերինՙ Բեռնար Ֆասիեն պայմանավորեց երեքի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ եւ վստահեցրեց, որ բոլոր համանախագահների այցերը նախօրոք համաձայնեցված են իրենց մայրաքաղաքների մակարդակով: Նա չբացառեց Զատկի տոներից հետո Սթիվեն Մանի, իսկ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբինՙ իր այցը տարածաշրջան: Մայիսին նախատեսված է 3 համանախագահների խորհրդատվական առաքելությամբ հանդիպումը Մոսկվայում, որից անմիջապես հետոՙ համատեղ այց տարածաշրջան, համատեղ առաջարկներ: «Չի բացառվում, որ մայիսին սրանց հաջորդեն հանդիպումներ մեր մայրաքաղաքներում», ավելացրեց ֆրանսիացի համանախագահը: Նա նշեց, որ այս աշխատանքներն ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կրկին հանդիպմանըՙ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, «եթե հնարավոր է, հունիսին, եթե ոչ, հուսանքՙ հուլիսին»: Նա վստահ է, որ եթե բաժակը լցվելու հնարավորություն չկա, նախագահները չեն համաձայնի հանդիպել:
Բեռնար Ֆասիեն 3 համանախագահների անունից համոզմունք հայտնեց, որ խաղաղությանն այլընտրանք չկա, որ պատերազմը 2 երկրների համար էլ վատթարագույն լուծումն է: «Ազգի» հարցին, թե որն էր Բաքվում ֆրանսիացի համանախագահի նախանշած ելքը, որը «կարող է բավարարել կողմերից յուրաքանչյուրի հույսերի ավելի քան 50 տոկոսը եւ անգամ կողմերի ցանկությունները մոտ 80 տոկոսով բավարարելու պայմաններ է ստեղծում», այն դեպքում, երբ երկու երկրների պահանջները հակադարձ համեմատական են, պրն Ֆասիեն պատասխանեց. «Ես ցանկացել եմ ասել, որ երբեք հնարավոր չէ այնպես կարգավորել հակամարտությունը, որ յուրաքանչյուր կողմ 100 տոկոսով բավարարված լինի, պետք չէ երազել, թե փոխզիջում նշանակում է կողմերից յուրաքանչյուրի 100 տոկոսանոց բավարարվածություն:
Ասել եմ, որ յուրաքանչյուր երկրում 50 տոկոսով բավարարվածություն գրանցելը նվազագույնն է իմ պատկերացմամբ, որպեսզի փոխզիջումը կայանա: Բայց եթե հասնենք 80 տոկոսի, դա բացառիկ մի բան կլինի: Մենք պետք է փորձենք հենց դա իրականացնել»: Պրն Ֆասիեի գնահատմամբՙ մի անպատկերացնելի լուծում է հարկավոր գտնել: Իբրեւ օրինակ նա հիշեցՙ գերմանացի եւ ֆրանսիացի բարի կամք ունեցողների շնորհիվ որոշվեց պղնձի եւ ածխի պաշարները համատեղ շահագործել եւ վերջ դնել երկրների հակամարտությանը:
«Երկու երկրների թանկագին բարեկամներ, կոչ եմ անումՙ նայեք դեպի ապագան, մի նայեք միայն այն հանգամանքին, թե ով է մեղավոր, ով է նախահարձակ եղել, պատմության ընթացքում ով է առաջինը եկել-հասել Ղարաբաղ: Վճռականորեն որոշեք ձեր ապագան կառուցել ձեր հարեւանի հետ», կոչ արեց ֆրանսիացի համանախագահը: Նա նշեց, որ թյուր են խոսակցությունները, թե բանակցային գործընթացի ձեւաչափը կարող է փոխվել: Նա հայտարարեց, որ Ռամբույեից հետո երկու երկրների նախագահները խնդրել են համանախագահներին մինչ օրս մշակված սկզբունքներն ընդարձակել, օրինակՙ ականազերծման, վերակառուցման աշխատանքներ իրականացնել, լուծել փախստականների վերադարձի հարցը, ինչը «հստակորեն Պրահայի գործընթացն է, որ շարունակվում է»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ