Ստամբուլում հրավիրված համաժողովը հարցի առնչությամբ որեւէ որոշում չի կայացրել
Երեկվա համարում «Ազգն», անդրադառնալով Իսլամական կոնֆերանս կազմակերպության խորհրդարանների միության Ստամբուլում գումարված 4-րդ համաժողովին, տեղեկացրել էր, որ Թուրքիան «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» անվանափոխելու նախաձեռնություն է ցուցաբերել: Նախաձեռնության մասին, ըստ որի ինքնակոչ այս հանրապետությունը պետք է կոչվի «Կիպրոսի թուրքական պետություն», թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից անձամբ արտահայտվել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչը: Ավելին, նա միաժամանակ ընդգծել էր, որ անվանափոխության հարցին դրական մոտեցում են ցուցաբերում կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները:
Համաժողովը երկօրյա էր: Դրա աշխատանքներին իսլամական 47 երկրներից մասնակցում էին խորհրդարանի 18 նախագահներ եւ ավելի քան 400 պատվիրակներ: Այսինքնՙ համաժողովն, անկախ թուրքական վերոհիշյալ նախաձեռնությունից, բավականին լուրջ միջոցառում էր: Սակայն դա չի խանգարել թուրքական կենտրոնական թերթերին, որ շրջանցեն համաժողովը: Ինչ վերաբերում է հանրային հեռուստատեսությանը, ապա դա էլ շրջանցում էր համաժողովի երկրորդ օրվա նիստերը: Այսպիսով, անորոշ էին մնում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» անվանափոխելու թուրքական նոր նախաձեռնության արձագանքները:
Համենայն դեպս, համաժողովը բացել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Նա ելույթում դիմելով իսլամական երկրներին, կոչ էր արել փոխադարձ այցերով հնարավորություն տալ Կիպրոսի թուրքերին, որ դուրս գան մեկուսացվածությունից, միաժամանակ աջակցել նրանց ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես: Սեզերն իր կոչը պատճառաբանել էր Կիպրոսի թուրքերի բոլոր նախաձեռնությունները վիժեցնելու եւ Եվրոմիությանն անդամակցության փաստը չար նպատակով օգտագործելու հունական վարչակարգի նկրտումներով:
Համանման ելույթով հանդես է եկել նաեւ Մեջլիսի նախագահ Արընչը, այն տարբերությամբ, որ Կիպրոսի թուրքերին աջակցելու կոչով Իսլամական կոնֆերանսի երկրներին դիմելիս խստագույնս քննադատել է նրանց: Արընչը, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, ասել է. «Իսլամական երկրները պարտավոր են ընտրություն կատարելՙ իրենց կամքով որոշումներ կայացնող հզոր պետություննե՞ր են դառնալու, թե՞ ենթարկվելու են աշխարհի հզորների կամքին: Պատմության մեջ մեր քաղաքակրթությունը երբեք այսքան ծանր կացության մեջ չէր հայտնվել: Ինքներս մեզ պետք է հարց տանք, թե առ այսօր ո՞ւմ ենք սպասում եւ ինչո՞ւ ջանք չենք գործադրում վերադառնալու քաղաքակրթության այդ փայլուն օրերին»:
Արընչի քննադատական խոսքը հիմք է տալիս ենթադրելու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունն» անվանափոխելու Անկարայի նախաձեռնության ձախողման մասին: Այլ կերպ, որքան էլ համաժողովի նախօրյակին Մեջլիսի նախագահ Արընչը հայտարարի, որ նախաձեռնությանը դրական մոտեցում են ցուցաբերում իսլամական երկրները, այնուամենայնիվ, համաժողովի մասնակիցներն այդ հարցում չեն աջակցել Թուրքիային:
Ըստ երեւույթին նախապես հայտարարելով դրական մոտեցման մասին, Արընչը նախ փորձել է շոշափել համաժողովի մասնակիցների տրամադրությունները, ապա եւ օգտվելով, որ միջոցառումը հրավիրվում է Ստամբուլում, ճնշում է գործադրել նրանց վրա:
Իսլամական երկրների զգալի մասը ներկայացնում է Մերձավոր եւ Միջին Արեւելքը: Տարածաշրջանում առկա քաոսի օրեցօր խորացումը, լարվածության մշտական սրումը, Պաղեստինում «Համասի» իշխանության նկատմամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բացասական վերաբերմունքը, ինչպես նաեւ Սիրիայի ու հատկապես Իրանի նկատմամբ ռազմական ներխուժման սպառնալիքներն ու քաղաքական զարգացումների անկանխատեսելի ընթացքն այդ երկրների համար ունեն ճակատագրական նշանակություն:
Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ նրանց առաջին հերթին հետաքրքրեն տարածաշրջանի համար ճակատագրական նշանակությամբ քաղաքական զարգացումները, քան Կիպրոսի հարցի առնչությամբ Թուրքիայի նախաձեռնությանը պահանջվող աջակցությունը: Թեեւ Կիպրոսում Արեւելյան Միջերկրականի վերահսկողության համար անհաշտ մրցապայքար է ծավալվում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ, Թուրքիան ոչ թե մրցակցող կողմ է, այլ կողմերից մեկի դաշնակիցը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ