«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2006-04-12 | #67, 2006-04-13 | #68, 2006-04-14


ՓՈԽԱԴԱՐՁ ՀԵՐՔՈՒՄՆԵՐ ԵԽԽՎ-ՈՒՄ

Ադրբեջանցիները հերյուրանքներ տարածելու իրենց քաղաքականությանը չեն դավաճանում, սակայն դրանց ծավալներն այս անգամ սահմանափակվել են ադրբեջանաբնակների տարածքում վարկանիշ բարձրացնելու նպատակով:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններն առիթ են ունեցել միմյանց հերքելու: Ինչպես տեղեկացանք Տիգրան Թորոսյանից, Հանիրա Փաշաեւայի պնդումը, թե ռուսաստանյան պատվիրակ Վերա Օսկինայի ելույթն ապահովելու եվրոպական դեմոկրատների անունից Թորոսյանի բոլոր ջանքերը «կանխվել» են ադրբեջանական պատվիրակների ջանքերով, ուղղակի իրականության հետ համապատասխանության եզր չունեն:

Հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն իրականում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլտերին առաջարկել է, որ եվրոպական դեմոկրատների անունից Օսկինան ելույթ ունենա: Սակայն վերջինիս բացակա լինելու պատճառով ելույթ է ունեցել Ուոլտերը: Մինչդեռ Փաշաեւան պնդել է, թե ադրբեջանական պատվիրակությունը պահանջել է, որ ավելի չեզոք պետության ներկայացուցիչը ելույթ ունենա. «Ուոլտերը հայտնի է Հարավային Կովկասի առնչությամբ իր օբյեկտիվ դիրքորոշմամբ»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նաեւ հավաստիացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբրեւ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Այդին Միրազադեն տեղեկանք է ներկայացրել Ադրբեջանի նորագույն պատմության սարսափազդու էջերի մասին, փաստելով, թե Հայաստանն Ադրբեջանի տարածքում ապրող հայերի իրավունքների պաշտպանության նպատակով գրավել է այդ երկրի տարածքները եւ ավելի քան 1 մլն մարդու արտաքսել իրենց բնիկ տարածքներից միայն վերջիններիս ադրբեջանցի լինելու պատճառով:

Այս հերյուրանքները բացի իրականությանը չհամապատասխանելուց, նաեւ չեն բարձրաձայնվել ԵԽԽՎ-ում: Տիգրան Թորոսյանի տեղեկացմամբ. «Նման ելույթ ուղղակի չի եղել»: Փոխադարձ հերքումները չեն խանգարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԽ ենթահանձնաժողովի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների հանդիպման ժամանակ համաձայնության գալու, որպեսզի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում կայանալիք հանձնաժողովի ընդլայնված նիստի շրջանակներում կազմակերպվի երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների հանդիպումը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4