Գինին «հավակնում է» իսկական պատուհաս դառնալ ոչ միայն ռուս-վրացական հարաբերությունների համար: Եվ այն ժամանակ, երբ ռուսաստանյան ու վրաց իշխանությունները Մոսկվայում փորձում են կառավարական մակարդակի հանդիպումներ իրականացնել ու քննարկել Ռուսաստան վրացական գինու ներմուծման արգելքը վերացնելու հարցերը, շատերն արդեն փորձում են բանակցել` ռուսական շուկայից վրացական ու մոլդովական գինիները հավաքելուց առաջացած բացը լրացնելու նպատակով:
Մասնավորապես առաջիններից մեկը սեփական գինիները վրացականի ու մոլդովականի փոխարեն առաջարկեց Տաջիկստանը` միանգամից արժանանալով Վրաստանի արտգործնախարարության բողոքի նոտային: Այնուհետեւ Ռուսաստան մատակարարելիք գինեգործական սեփական արտադրանքի որակական ու քանակական բարձր ցուցանիշների մասին նշեց Ղազախստանի գինեգործների միությունը: Այս դեպքում անգամ հայտնի դարձավ, որ ղազախստանցի գինեգործներն ինչ-որ գաղտնի բանակցություններ են անում ռուսաստանցի ներկրողների հետ` իրենց գինին վրացական ու մոլդովական գինեգործական արտադրանքի փոխարեն ռուսական շուկա մտցնելու համար:
Ինչ վերաբերում է այս հարցում Հայաստանի գինեգործների դիրքորոշմանը, ապա «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, մեր գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նախ ճիշտ է որակել վրացական եւ մոլդովական գինիներն արգելելու Ռուսաստանի որոշումը: Վստահեցնելով, որ վերջին տարիներին Ռուսաստանում իրացվող գինիների ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը կեղծ ու անորակ արտադրանք է, պրն Հարությունյանը նշում է, որ գինին կեղծվում է ինչպես Վրաստանում եւ Մոլդովայում, այնպես էլ հենց Ռուսաստանում: Միեւնույն ժամանակ Ավագ Հարությունյանը նշում է, որ Ռուսաստանի որոշումը լուրջ հարված էր Վրաստանի եւ Մոլդովայի տնտեսություններին:
Ռուսաստան հայկական գինիների ներմուծման կապակցությամբ Հայաստանի գինեգործների միության նախագահը հետեւյալ իրավիճակն է ներկայացնում: Վրացական գինիները գնային ցուցանիշով ռուսական շուկայում զբաղեցնում էին միջին տեղ` 5-15 դոլար մեկ շիշը, իսկ մոլդովական գինիները` ցածր, 1-3 դոլար: Հայ գինեգործները երբեք չեն հավակնել զբաղեցնելու մոլդովական գինու դիրքը: Հայկական գինիների բարձր գինը նախ եւ առաջ պայմանավորված է զգալի տրանսպորտային ծախսերով, ինչը թույլ չի տալիս մրցել ադրբեջանական, մոլդովական, նաեւ ռուսաստանյան գինիների հետ: Հայկական գինու մրցակից են այնպիսի երկրներում արտադրված գինիները, ինչպիսիք են Ֆրանսիան ու Իսպանիան, որտեղ արտադրված գինու մեծ ավելցուկ կա, եւ այդ երկրների արտադրողները դոտացիաներ են ստանում կառավարությունից` հնարավոր դարձնելով արտադրանքի բավականին ցածր գինը: Պրն Հարությունյանի կանխատեսմամբ, ռուսական շուկայում էժան գինու առաջացած բացը կլրացնեն Ադրբեջանը, Արգենտինան, Չիլին, Իսպանիան, Ավստրալիան, Իտալիան, ընդ որում Ադրբեջանը երկար չի դիմանա, քանի որ երբեք չի բռնում որակի քննություն:
Ամեն դեպքում, թեեւ հայկական գինիները որակով չեն զիջում մոլդովականին, վրացականին, այստեղ կարծես գործում է ստերեոտիպը, թե Վրաստանը հայտնի է գինով, Հայաստանը` կոնյակով, որն, ի դեպ, եւս կեղծվում է հենց Ռուսաստանի տարածքում: Ըստ պրն Հարությունյանի, եկել է այդ ստերեոտիպը փոխելու ժամանակը, ու Հայաստանը կարող է գինիների արտահանությամբ եւս աչքի ընկնել, եթե գինեգործությունն ունենա պետության աջակցությունը:
Ըստ իս, ապրանքանիշների` բրենդների ու նաեւ որեւէ արտադրանքի որակական հատկանիշների ստերեոտիպերի փոփոխման առումով ժամանակն անգամ անցել է, դա պետք է արվեր վաղուց եւ արվեր հիմնավորապես:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ