«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2006-04-12 | #67, 2006-04-13 | #68, 2006-04-14


«ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԱՊՐԵԼՈՒ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանի գրողների միության Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի շուրջ ծավալվող խոսակցությունների եւ մամուլի արձագանքների առիթով ՀԳՄ նախագահության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Գրական հիշատակների անկոչ ջատագովներին հորդորում ենք հանգիստ ու ապահով ապրել, զբաղվել իրենց գործով: Գրողների տունը չի քանդվում, չի վաճառվում, իսկ ՀԳՄ վարչությունը ի զորու է ինքնուրույն լուծելու գրողական համայնքի հիմնախնդիրը»: Արտահայտություն, որ բավական մեծ ռեզոնանս առաջացրեց. մի՞թե գրողները չգիտեն, որ հասարակությունը հատկապես զգայուն է իրենց վերաբերվող հիմնահարցերում, իհարկե թոշակների կամ պարգեւների մասով չէ, անշուշտ: Թե՞ արդեն բոլորին ձեռնտու է ունենալ անդեմ, զոմբիացված հասարակություն:

Որքան «հասկանում» ենք, բոլոր նախագահները ժամանակավոր պաշտոնյաներ ենՙ հանրապետության կլինի, կինոգործիչների, նկարիչների, թե գրողների, միեւնույն է, եւ եթե անգամ նստավայրերը սեփականաշնորհել են, դրանք անձնապատկան չեն:

Եվ բացի այդ, հիշողության պահպանման սրբություն կրող կամ սկզբունք ունեցող մարդիկ, ինչո՞ւ են առհասարակ զայրույթ ու ատելություն առաջացնում: Մի՞թե որեւէ մեկի ազնիվ սրտացավությունը օպերայի շրջակայքի ապականման, նկարիչների միության կասկածելի շինարարության, հանրագիտարանի տեղահանման, բանասիրական ֆակուլտետի արտաքսման, կինոգործիչների միության շենքի վերացման, մի քանի կգ պղնձի համար Ալիշանի կիսանդրու գողացման եւ նման այլ երեւույթների հանդեպ, «հիշատակների անկոչ ջատագովություն է»: Եթե գրողներն իսկապես են այդպես մտածում, ուրեմն սա թող համարվի գրավոր երկխոսություն նրանց հետՙ բարեկամաբար, քանզի միտումը դրական է: Կարելի է չէ՞ հիշեցնել երկակի ստանդարտներ կիրառելու սովորության մասին, երբ անհրաժեշտության դեպքում, դիմել կարելի է մամուլի կամ հասարակության աջակցությանը, օրինակՙ գրողներին պատկանող պոլիկլինիկայի առիթով, երբ վերջինս կեղծ աճուրդով անօրինական վաճառքի էր հանվել: Որքան հիշում եմ ղարաբաղյան շարժման տարիներին, 88-ի ազգային մեծ զարթոնքից մինչ այսօր շատ սակավաթիվ արվեստագետների կարելի էր տեսնել հանրային հավաքներին: Թերեւս այսօր էլ նրանք տեղյակ չեն Երեւանի հնարժեք շինությունների քանդմանը դիմադրող երիտասարդական նախաձեռնող խմբերի մասին: Երբ երկիրը համատարած վաճառքի ու թալանի էր ենթարկվում, ժամանակին դա պայմանավորում էինք անուս խավի իշխանության գալով, հիմա արդենՙ նրանց կատարելագործված տեսակի նենգությամբ: Մեր աչքի առաջ հասարակության շարժիչ համարվող խավը` մտավորականությունը, աստիճանաբար կամ այլասերվեց, կամ հեռացավ երկրից կամ էլ սերտաճեց մաֆիոզ-կլանային համակարգերին: Այսինքնՙ մտավորականությունը կրեց իր թերուս իշխանությունների վարած քաղաքականության ուղղակի ազդեցությունը: Քչերն են դիմադրում ու դժվարը հենց այդ դիմադրությունն է: «Ո՞վ է խոսում հաղթելու մասին. դիմակայել,- ահա ամենը», Ռ. Մ. Ռիլկեի խոսքերը հիշեցնել հարկավոր է արդյո՞ք:

Հուսահատությունը առավելագույնին է հասնում, երբ նահանջում-խարխլվում է վերջին բաստիոնը: Ու երիցս ճիշտ է Եվսեբիոս Քրոնիկագիրը, որը ժամանակի համար մեր այս օրերի պատմությունն է սղագրում` արդարորեն, թե Հայաստանում մտավորականություն չկա, կան հատուկենտ, ճրագի լույսով փնտրվողներ ու հանիրավի վրդովմունք առաջացնում: Նրանք էլ դիմակայում են, բայց ինչ գնով: Նման պարագայում մտավորականի պարեգոտով կեղծ դասեր մեզ այլեւս պետք չեն:

Ինչ վերաբերում է գրողների միության շենքի ճակատագրին, նախագահության հայտարարության մեջ հիշեցվում է տարածքում կցաշենք կառուցելուՙ XIV համագումարի որոշման մասին: Սակայն այս օրերի վրդովմունքը սկսվեց վարչության վերջին նիստին առաջարկված նոր ծրագրերի քննարկման առիթով: Ըստ որոշ շրջանակների, հասարակական տարբեր շերտերի հակազդեցությունը նշանակություն ունեցել է: Սակայն մտավախություն կա շենքի անհրաժեշտ վերանորոգմանը զուգահեռ կառուցվելիք որեւէ կցաշենքի առնչությամբ: Ներդնողն, ամենայն հավանականությամբ, կդառնա հին ու նոր կառույցների սեփականատեր (որոշակի տարածք, մաս, իհարկե, թողնելով գրողներին), քանի որ յուրաքանչյուր ինվեստր փայատիրական 40-60 տոկոսից պակաս ներդրում չի անի. խնդրի էությունը կփոխվի, եթե ներդնողը հանդես գա իբրեւ բարերար:

Նման պարագայում առաջնահերթ համարվում է ՀԳՄ բոլոր անդամների մասնակցությունը շենքի հետ կապված խնդիրներին եւ պահանջվում է բացարձակ թափանցիկություն բոլոր որոշումներում:

Եթե ՀԳՄ 400 անդամների ներքին հարաբերություններն ու շահերը հասարակությանը քիչ են հետաքրքրում, ապա Թամանյանի որդու եզակի հիշատակներից մեկի` գրողների միության շենքի ճակատագիրը իրապես հուզում է: Ու սա լավ է, որովհետեւ ի վերջո, այս ամենը նկարագիր ու պատմություն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4