«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2006-04-12 | #67, 2006-04-13 | #68, 2006-04-14


ՔՎՈՐՈՒՄԻ ԽԱՂԵՐԸ

Մենք երեկ պետգույքի մասնավորեցման 2001-2003 ծրագրի կատարողականի հաշվետվության քննարկումն անվանել էինք փորձաքար կոալիցիայի համար: Բայց հաշվետվության քվեարկությունը հենց փորձաքար դարձավ ՕԵԿ-ի համար միայն, քանի որ երկու օր շարունակ մասնավորեցման «խայտառակ» օրինակների մասին խոսող կուսլիդերներին հակառակՙ նրա անդամները փաստորեն չանսացին նրանց հորդորներին եւ քվեարկեցինՙ ով ոնց ուզում էր. 2 ՕԵԿ-ական կողմ էին քվեարկել, 6-ը ձեռնպահ էին եւ միայն 7-ն էին դեմ, բացականեր եւս կային: Այդպիսով, ապահովվեց այն քվորումը, որը հարկավոր էր հաշվետվության հաստատման համար, եթե կանոնակարգով նախատեսված 66 կողմ ձայնը չապահովվեր: Հենց այդպես էլ կարՙ կողմ էր միայն 65-ը: Եվ հենց այդ մասին էր զգուշացնում «Արդարություն» դաշինքից Վիկտոր Դալլաքյանը, երբ ասում էր, որ հաշվետվությունը տապալելու համար պետք է ոչ թե քվեարկությանը մասնակցել, այլ բոյկոտել այն եւ, անգամ «դեմ»-երին բոյկոտել համոզելու համար, 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց քվեարկությունից առաջ: Մինչդեռ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը քվեարկությունից առաջ պնդեց, թե քննարկումները, անկախ քվեարկության արդյունքից, ունեին կարեւոր նշանակություն, նոր մասնավորեցման ծրագրում այլեւս չկան կրթական-գիտական-մշակութային օբյեկտներ եւ պնդեց, որ ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու:

Քվեարկության արդյունքները, սակայն, ցույց տվեցին մեր ներկա քաղաքական կյանքի իրական որակն ու միտումները. կամ ՕԵԿ նախագահի խոսքը բոլոր կուսակից պատգամավորները չեն կարեւորում, կամ էլ «հավերժական արժեքները»ՙ սեփական շահը միշտ էլ վեր է ամեն տեսակ գաղափարներից: Իսկ լրագրողներս ուղղակի հերթական տեսարանի ականատեսն էինք. «Տեսարաններ եւ հաց» բանաձեւից:

Այսպես թե այնպեսՙ մասնավորեցման աղմուկ հանած ծրագիրը հաստատված է, հանրապետականներից բացի հաշվետվությանը կողմ են քվեարկել ՀՅԴ-ն, ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավորի» մի մասը:

Անդրադառնալով քվեարկության արդյունքինՙ Վ. Դալլաքյանն այսպիսի ակնարկ արեց. «Ուշադրություն դարձրեք, երկրի երրորդ դեմքըՙ վարչապետը մի օր առաջ ասաց, որ կան բազմաթիվ կոմպրոմատներ նաեւ ԱԺ-ի կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի վրա, եւ հարցին, թե ինչո՞ւ չեք հրապարակում, խոստացավ. «Դեռ կհրապարակեմ»: ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը լրագրողների դիմակա հարցերին պատասխանելով նկատեց, որ եթե անցած տարիների հաշվետվություններին առանձին-առանձին կողմ են քվեարկել, ինչու պիտի 2004 թվականին, որ ավելի հաջողված է, դեմ լինեին: Երեկ նշել էինք, թե չնայած անվանման մեջ նշված 2001-2002-ինՙ հաշվետվությունը վերաբերում էր 2004-ի ընթացքում կատարված մասնավորեցումներին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4