«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2006-04-12 | #67, 2006-04-13 | #68, 2006-04-14


ՆՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ ԵՎ ՀԻՆ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

1551 գրավոր բողոքՙ 2005 թվականին

Երեկ Ազգային ժողովում սպասված մյուս հարցի քննարկումը մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի տարեկան զեկույցն էր, որը ներկայացրեց Արմեն Հարությունյանը: Իսկ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որին զանգահարել էին կեսօրին (զեկույցը սկսվեց ժամը 16-ի կողմը), մի կերպ, ուշացումով ինչ-որ մարզից եկավ-ուշացած հասավ ու չլսեց, թե ինչպես է երկրորդ պաշտպանն առաջինի մասին ասում, որ լավ կլինի նրան հնարավորություն տրվի ներկայացնելու իր զեկույցը երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին, իր կողմից կատարված համապատասխան վերլուծություններով, հետեւություններով ու գնահատականներով, քանի որ դա իր գործունեության մասին է. «Պետք է արժանին մատուցել ՄԻ առաջին պաշտպանին, իր վրա է վերցրել ինստիտուտի կայացման հետ կապված հիմնական դժվարությունները», այս ոգով էլ մի քանի գնահատական:

Իսկ ինքը, Ա. Հարությունյանը զեկույցի մեջ գնահատականներ տալուց խուսափել էր եւ մարդու իրավունքների խախտման տարեկան պատկերը ներկայացրել էր վիճակագրական տվյալներով:

2005 թ. ընթացքում պաշտպանն ստացել է 1551 գրավոր բողոք, դիմումատուների թիվը կազմել է 1824 (կան խմբակային բողոքներ): Դրանց 34 տոկոսից ավելին ընդունվել է քննարկման (սա դրական ցուցանիշ համարվեց), որը համարժեք է եվրոպական երկրների ցուցանիշին: 1551 բողոքի ոլորտային պատկերը հետեւյալն է. ոստիկանությունՙ 191, սոցապ մարմիններՙ 179, դատարաններՙ 166, քաղաքապետարանՙ 139, ՏԻՄ-երՙ 146, դատախազությունՙ 94, արդարադատության նախարարությունՙ 93, ՊՆՙ 72, մարզպետարաններՙ 73, կադաստրՙ 50 եւ այլն:

Աշխարհագրական պատկերը նույնպես շատ բան է ասումՙ 978 մարդ բողոքել է Երեւանից, 106-ըՙ Շիրակից, 104-ըՙ Լոռուց, մյուս մարզերից ավելի պակաս, երեւում է իրազեկման խնդիր էլ կա:

Ոստիկանության դեմ ուղղված 191 բողոքները վերաբերում են անձին բերման ենթարկելու, անազատության մեջ պահելու, անօրինական խուզարկության, առգրավման եւ նման բնույթի գործողությունների դեմ: Զգալի թիվ են կազմում նաեւ ոստիկանության անձնագրային բաժինների դեմ ուղղված բողոքները:

Դատախազության դեմ ուղղված 94 բողոքները վերաբերել են նրա վարույթում քննվող գործերով ընտրված խափանման միջոցներին, քննության խորթ մեթոդներ կիրառելուն եւ այլն: Հատուկ ուշադրության է արժանացել քաղաքացիների գույքի հարկադիր օտարման ընթացքում իրավունքների խախտումների դեպքերին:

Արդարադատության նախարարության դեմ դիմումները ԴԱՀԿ ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների գործունեությանն են վերաբերում, հատկապես շատ են բողոքողները ԴԱՀԿ ծառայության գործողություններիցՙ Երեւանի օտարման գոտիներում բնակվող քաղաքացիներին դատարանների վճիռներով իրենց բնակարաններից վտարման հետ կապված:

2005-ի մարդու իրավունքների խախտման դեպքերին առավել մանրամասն կանդրադառնանք Լարիսա Ալավերդյանի կողմից իր զեկույցի ներկայացման ժամանակ, որը կրկին խոստացվեց մոտակա շաբաթում (իհարկեՙ ոչ ԱԺ-ում): Իսկ ինքը, Լ. Ալավերդյանն ԱԺ ամբիոնից իրեն ընձեռված հնարավորությունն օգտագործելովՙ իր 7 րոպեանոց ելույթում նախ նկատեց. «Այս գործընթացն այնքան էլ օրինական չէ, եւ իմ գալը չի նշանակում օրինականացնել այն»: Ապա շնորհակալ եղավ, որ Ա. Հարությունյանն իր վրա չի վերցրել ուրիշի գործունեությունը գնահատելը: Իսկ երկրորդ պաշտպանի ներկայացրած զեկույցից էլ եզրակացրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ ունեն եւ ոլորտային նկարագիրՙ իշխանություն, բիզնես-իրավունքներ եւ հատկապես խոսքի եւ քաղաքացիական ազատությունների բնագավառ:

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե նոր պաշտպանը կարեւորո՞ւմ է ՄԻՊ մասնագիտական գիտելիքները, առաջին պաշտպանը հակադարձեց. «Ես, օրինակ, հիմա իրավաբանական կրթություն ունեմ, արդյոք մեծացա՞ ձեր աչքում»: Ըստ նրա ՄԻՊ-ը մասնագիտացված է իր աշխատակազմով, նաեւ իր փորձով եւ գիտելիքներով, որեւէ մեկը չպետք է մտածի, որ ՄԻՊ-ը գալիս է հեղափոխություն անելու: Գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները պետք է առաջին հերթին հասկանան, որ մարդու իրավունքների պաշտպանվածությունը երկրի անվտանգության խնդիր է, հակառակ դեպքում, որքան էլ գրագետ, խելոք եւ ակադեմիկոս լինի պաշտպանը, չի կարողանա պատշաճ ձեւով պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Լրագրողների հետ հարցազրույցներում մի պահ երկու պաշտպանները հաշտ ու խաղաղ իրար կողքի էին կանգնածՙ մինչեւ որ Ա. Հարությունյանն ավարտված համարեց իր առաքելությունը: Մինչ այդ նա ասել էր, թե համաձայն չէ Լ. Ալավերդյանի հետ, որ պետական կառույցներն իրենց ներքին մեխանիզմներով միտված չեն մարդու իրավունքների պաշտպանությանը: Ժամանակ է պետք, որ գործընթացը գնալով դրական բնույթ ստանա:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4