ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային միության եւ Լոս Անջելեսի «Նոր սերունդ» մշակութային միության հրավերով գյումրեցի տաղանդավոր վեց պատանի երաժիշտներ օրերս համերգային ծրագրով հանդես եկան Լոս Անջելեսում, Դալլասում, Հյուսթոնում եւ Դետրոյթում: Դետրոյթի դպրոցի ուսուցիչ Սեպուհ Ավետիքյանից տեղեկացանք, որ Հայ Ավետարանական եկեղեցու սրահը լեփ-լեցուն հանդիսականներով խանդավառված լսել է գյումրեցի պատանի երաժիշտների հրաշալի կատարումները: Այդ օրը ԹՄՄ վարչությունը համերգից առաջ պատվել է համայնքի ազգայիններից մեկի` Գյումրիի «Թռչունեան որբանոցի» բարերար, հարգարժան Հերման Խնդիրյանին: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակով բարձր է գնահատվել Խնդիրյանի բարեսիրական ու ազգասիրական գործունեությունը: Վեհափառի կոնդակը ընթերցել եւ բարերարին է հանձնել հատուկ այդ առիթով Դետրոյթ ժամանած Ամերիկայի Արեւմտյան թեմի Հայաստանյայց եկեղեցու առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը: ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի շրջանավարտ Նարինե Մինասյանը իր խոսքում մանրամասն ներկայացրել է Հերման Խնդիրյանի կատարած բարերարությունները եւ նշել, որ նա 70 որբերի կնքահայրն է նաեւ: ԹՄՄ-ի ԱՄՆ-ի Կենտրոնական վարչության փոխատենապետ պրն Երվանդ Ազատյանը Թեքեյան մշակութային միության կողմից հարգարժան Հերման Խնդիրյանին հռչակեց «Տարվա մարդ» տիտղոսակիր: Վերջինս իր խոսքում նշեց. «Այժմ հայության առաջնային պարտականությունն է սատար կանգնել մեր միակ ու անփոխարինելի հայրենիքին, որպեսզի այն ծաղկի ու զորանա»: Այնուհետեւ «Այո» երիտասարդական հանձնախմբի ատենապետուհի Մարկո Տավիտովան շնորհակալություն հայտնեց գյումրեցի պատանի երաժիշտներին սատարողներին ու բարձր գնահատեց նրանց ելույթները:
Անջնջելի տպավորություններ են թողել բոլոր նրանց վրա, ովքեր այս օրերին լսել ու ծափահարել են պատանի երաժիշտներին: Համերգի ավարտին Երվանդ Ազատյանը գոհունակության եւ դրվատանքի խոսքեր է հղել պատանի երաժիշտներին եւ նրանց ուսուցիչ, Գյումրիի պետական երաժշտական դպրոցի դասատու Տիգրան Հովհաննիսյանին նաեւ «Նոր անուններ» երաժշտական խմբի ղեկավար Գուրգեն Հակոբջանյանին: Գ. Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց համերգները կազմակերպած ԹՄՄ-ի վարչությանը եւ նրա ատենապետուհի տկն Նորա Ազատյանին, այն ընտանիքներին, որտեղ հյուրընկալվել են գյումրեցի 6 երաժիշտները: Պատանի երաժիշտները այցելել են նաեւ Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարան, ՀԲԸՄ Մանուկյան վարժարան, որտեղ եւս ելույթ են ունեցել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ