Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ «Նարեկացի» կենտրոնում երեկ անցկացվեց «Մշակութային հետազոտությունները սահմանային տարածքներում» գիտաժողովըՙ «Կենաց ծառ» մշակութային հետազոտությունների կենտրոնի եւ ԳԱ ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների մասնակցությամբ: Ներկայացվեցին վերջին 10 տարիներին Արցախում եւ ազատագրված տարածքներում կատարած հնագիտական հետազոտությունների արդյունքները, մասնավորապես Ազոխի քարանձավների, Հանդաբերդի վանքի, Շուշիի, Խաչենի ներքնահովտի, Տիգրանակերտի պեղումների ընթացքը: Խոսվեց նաեւ Արցախի ազատագրված եւ սահմանամերձ տարածքներում պատմամշակութային հուշարձանների պահպանության վիճակի, ինչպես նաեւ Դադիվանքի ու Հանդաբերդի վանքի ամրակայման ու վերականգնման աշխատանքների մասին:
Արդեն 3 տարի «Երկիր» միության աջակցությամբ ազատագրված տարածքներում ընթանում են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման ու պեղման աշխատանքներ: «Մեզ համար անակնկալ չէր անցած տարվա դեկտեմբերի 14-ինՙ Մինսկի խմբի համանախագահների Բաքու ժամանման օրը, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հեյդար Ալիեւի հնչեցրած կոչը: Գիտնականներից ու հասարակական գործիչներից նա պահանջեց ապացույցներ գտնել Արցախում հայերի եկվորության եւ ադրբեջանցիների բնիկ լինելու վերաբերյալ: Վաղնջական ժամանակներից Արցախում հայերի ներկայության ընդունումը պատմագիտության այն հանրահայտ ճշմարտություններից է, որոնք կարիք չունեն ապացուցման: Ալիեւի նման հայտարարությունը հերթական փորձ է պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնելու, քաղաքական զինանոցում մի լրացուցիչ զենք ընդգրկելու, որ հարմար պահին կարող է դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կշեռքի նժարը հօգուտ Ադրբեջանի թեքելու: Ի տարբերություն Ադրբեջանի, մենք ոչինչ չունենք ապացուցելու արտաքին աշխարհին: Հայ հանրությունը պետք է խորապես գիտակցի, որ Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Խաչենը ոչ միայն Հայաստանի անվտանգության գրավականներն են, այլեւ կազմում են մեր հայրենիքի անբաղադրելի մասը: Մենք շարունակելու ենք ուսումնասիրել սահմանային գոտիների պատմամշակութային հուշարձաններըՙ առաջնորդվելով «Հայրենիքը սկսվում է սահմաններից» նշանաբանով», ասաց «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ