«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2006-04-13 | #68, 2006-04-14 | #69, 2006-04-15


ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ՕԵԿ-ԻՑ

Ազգային ժողովի երեկվա ճեպազրույցներում «Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ նախորդ օրն ուշ երեկոյան տեղի ունեցած կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել կուսակցությունից հեռացնել Արտակ Սարգսյանին, որը հայտնի է «ՍԱՍ-ի Արտակ» անունով եւ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատերն է. «Եվ եթե դուք հիշում եք` մենք բավականաչափ պայքարել ենք նրա ընտրությունների համար, այսօր մենք արդեն ունենք որոշում` նրան կուսակցությունից հեռացնելու մասին»: Սա առաջին ծաղիկն է պետգույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի հաշվետվության քվեարկությունից հետո, որի ժամանակ, հակառակ կուսակցության որոշման, Ա. Սարգսյանը կողմ էր քվեարկել հաշվետվությանը (մենք երեկ գրել էինք ՕԵԿ-ից 2 կողմ քվեարկողի մասին, իրականում միայն մեկն է եղել այդպիսին): Բնականաբար` նա ՕԵԿ խմբակցությունում եւս չի կարող աշխատել եւ առաջիկայում պարզ կլինի, թե ով «տեր կկանգնի» Արտակ Սարգսյանին: Գալուստ Սահակյանն, օրինակ, չգիտեր ՀՀԿ-ում ընդունելություն կա՞, թե ոչ:

Մ. Շահգելդյանն անհրաժեշտ համարեց նաեւ պարզաբանել, որ հաշվետվությունը վերաբերել է ծրագրով նախատեսված բոլոր տարիներին` ամփոփ քվեարկություն է եղել, եւ ՕԵ-ն իր դիրքորոշումը հայտնել է բոլոր տարիների սեփականաշնորհման ամփոփ մոտեցման նկատմամբ, եւ այնպես չէ, թե միայն 2004-ի սեփականաշնորհմանն է վերաբերել հաշվետվությունը:

Ըստ Հովհաննես Մարգարյանի պարզաբանման, երեք տեսակի քվեարկություն կա` կողմ, դեմ, ձեռնպահ. «Եթե կողմ չես, ուրեմն կամ դեմ ես, կամ ձեռնպահ», դեմն ու ձեռնպահը մոտեցնել փորձեց Հովհաննես Մարգարյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4