«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2006-04-13 | #68, 2006-04-14 | #69, 2006-04-15


ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԽԱՂԻ ՎԵՐՋԸ

Մեր ընթերցողները տեղյակ են, որ օրերս Երեւանում լույս է տեսել բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, նկարչական գործերի հավաքածուորդ Կարիկ Պասմաճյանի ստեղծագործություններիՙ «Աւարտախաղ» բազմանշանակ վերնագրով ժողովածուն, բծախնդիր ու բազմագիտակ գրականագետ, արվեստաբան Յուրի Խաչատրյանի խմբագրությամբ, մոսկվահայ գործարար Վալենտին Բագիրյանի մեկենասությամբ, «Փրինթինֆո» տպագրատանը:

Մեր մեջ, հատկապես վերջերս, սովորություն է դարձել անպայման գովերգել, երբեմն լորձնաշուրթն փառաբանանքով, հեղինակներինՙ հանգուցյալ թե ապրող: Այս գրքի կազմող եւ խմբագիր Յուրի Խաչատրյանը սակայն, բարեբախտաբար, զերծ է մնացել անկոչ պաշտպան փաստաբանի մոլորություններից: Որպես լրջախոհ եւ սթափամիտ գրականագետ, նա կարողացել է իր ընդարձակ առաջաբանում ներկայացնել Կ. Պասմաճյան «տաղանդավոր մարդու» ինչ-որ տեղ ողբերգական, ինչ-որ տեղ հակասական կերպարը, բանաստեղծական տողի եւ բառի իրական զգացողությունն ունեցող գրողին, գնահատել նրա տեղն ու դերը 70-ականների հայ գրականության պատմության եւ ընդհանրապես գրական շարժման մեջ:

Ստորեւ եւ հետագա էջերում առանձնացրել ենք «Տարածության հաղթահարումը մինչեւ խաղի վերջը» վերնագրված առաջաբան-վերջաբանից այն հատվածները, որոնք բացառաբար վերաբերում են տարաբախտ Կարիկի գործունեությանը որպես գրող, մշակութային գործիչ եւ հավաքածուորդ:

Խմբ

Բանաստեղծ Կարիկ Պասմաճյանի հայերեն բանաստեղծությունների առաջին գրքի շապիկին, ի թիվս այլոց, տպագրվել էր նաեւ գրականագետ Ալբերտ Կոստանյանի կարծիքը. «Հավատում եմ կարդացածիս: Կարիկ Պասմաճյանը տաղանդավոր մարդ է»: Ժամանակներ անց, երբ մի օր զրույցի ժամանակ վերհիշեցի իր գրածը, Ալբերտ Կոստանյանն ասաց. «Ուշադրություն դարձրու: Ես չեմ ասել տաղանդավոր գրող, բանաստեղծ, թարգմանիչ կամ մի այլ բան: Ես ասել եմ «տաղանդավոր մարդ»:

Հիրավի, Կարիկ Պասմաճյանը 1960-ական թվականների կեսերին Երեւանի փողոցներում, սրճարաններում, գրական մամուլի էջերում, չգրանցվող մշակութային կյանքի ջրապտույտների եւ գրական ստորջրյա հոսանքների հորձանքներում եւ, վերջապես, այն տարիների երեւանյան գրական աննման բոհեմի մեջ հայտնված երիտասարդ տաղանդավոր մարդկանցից մեկն էր...

***

... Բուն անունով Կարապետ էր: Կարապետ Պասմաճյան անունով նշանավոր մտավորական ենք ունեցելՙ բժիշկ, պատմաբան, բառարանագիր... Փառավոր եւ փառահեղ անձնավորություն... Բայց այս մեր Կարապետը վախենում էր իր Կարապետ անունից: Երուսաղեմից եկել էր Երեւան եւ այստեղ տեսել էր, որ արեւելահայերենում Կարապետ անունը երբեմն մի տեսակ հեգնական շեշտ ու երանգ էր ստանում եւ այդ պատճառով էլ խուսափում-զգուշանում էր Կարապետ կոչվելուց: Բայց ես չգիտեմ մի այլ մարդու, որ այդքան Կարապետ լիներ, որքան ինքը: Ինչեւէ, այսպես Կարապետը դարձրեց Կարիկ եւ այլեւս Կարիկ էր ստորագրումՙ Կարիկ Պասմաճյան...

Ուրեմնՙ այսպես:

Բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, ավելի ուշՙ սիրող նկարիչ եւ բարձր պրոֆեսիոնալ նկարչական գործիչՙ հավաքածուորդ Կարիկ Պասմաճյանը ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին` Երուսաղեմում:

Իմ հին աշխարհում արեւ չի ծագում,

տաք ծուխ է բարձրանում քարերի միջից,

սոված ճնճղուկները չեն համարձակվում

ծառերից իջնել:

Նախնական կրթությունը ստացել է Ֆրերների քոլեջում եւ ապաՙ Թարգմանչաց վարժարանում: Առաջին բանաստեղծությունները գրել է անգլերեն: Հայերեն սովորել է Թարգմանչաց վարժարանի վերջին դասարաններում:

Իր ծննդյան եւ հաջորդ տարիների մասին հետագայում բանաստեղծը կգրի. «Յայտնուեցի Դեկտեմբերի 20-ին 1947, Երուսաղէմի Հին քաղաքում փլած պատերի, չպայթած ռումբերի մէջ: Պատերազմ, սով, հիւանդութիւն, Աստուած իմ, ե՜րբ պիտի ազատուինք այս փորձանքէն (յոգնած մօրս ձայնը). խաղաղութիւն, դպրոց, մեծ քթով վարժապետներ, առաջին համբոյր, առաջին բանաստեղծութիւն, սեւ եսասիրութիւն, անհասկացողութիւն, նորից սիրահարութիւն, նորից բանաստեղծութիւն, ինքնագիտակցում, անորոշութիւն, Հայաստան»:

«Ցոլք»ը տպուեց իմ ձեռքերով: Չծախուեց ոչ մի օրինակ: Նուիրեցի ընկերների: Երկու ամիս յետոյ, համոզուեցի որ այդ իմ առաջին եւ ամենավատ արտադրութիւնն էր... Հիասթափութիւն, առողջ սերմերով անբնական ծնունդ, ամենայն բարեխղճութեամբ ոչնչացրի մնացած օրինակները: Հանգստութիւն: Բայց աշխարհում տարածուած քսանհինգ մակագրուած օրինակները անհանգստացնում էին ինձ: Աներեսութեամբ շատերից պահանջեցի մակագրուածները, աներեսութեամբ մերժեցին ինձ բոլորը: Չնեղացայ: Վերջապէս կային մարդիկ, որոնք կանխագուշակում էին գրքի գալիք արժանիքները... Մխիթարութի՞ւն»:

Արանքում ինչ է անցել-դարձելՙ չգիտենք: Ստույգ է, որ 1967 թվականին Կարիկ Պասմաճյանը ընդունվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մեկ տարի հետո, 1968-ին, Երուսաղեմում տպագրվում է նրա բանաստեղծությունների առաջին գրքույկը, անգլերեն լեզվով, «Reflexions» («Ցոլքեր») խորագրով:

Գիրքը նկարազարդել եւ ձեւավորել էր հեղինակը: Առաջին այս գրքում արդեն երեւում է իր ճակատագրական հակումը նկարչության հանդեպ: Իր կյանքին սպառնացող վտանգը, որ հետո դառնալու էր առարկայականՙ նկարչության հանդեպ թաքուն եւ դեռ չգիտակցված սիրո կերպարանք էր առնում:

Հայրենիքում հայոց լեզուն եւ Երեւանը նրա մեջ արթնացնում են հայ բանաստեղծության խանդն ու ձիրքը: Երեւանում ուսանող Պասմաճյանը փորձում է մայրենի լեզվով բախել հայ բանաստեղծության դռները, եւ այդ դռները, ո՜վ հրաշք, բացվում են նրա առաջ: «Որոշեցի մի նաւակ լինել եւ ծովեզերքին նաւարկելով մի քանի խեղդուող, անհանգիստ հոգիներ փրկել, քան ովկիանոսի կեդրոնում ես ինքս խեղդուել հսկայ ալիքների մէջ եւ հեռանալ աշխարհից ո՛չ ինձ եւ ոչ էլ ուրիշին օգուտ տալով...»: Ուսանողության առաջին տարիներից Երեւանի գրական մամուլի էջերում տպագրվում են նրա առաջին հայերեն բանաստեղծությունները: Մի քանի բանաստեղծություն անգլերենից էր թարգմանել-«հայացրել», մյուսները գրել էր հայերեն դեռ անվարժ գրչով: Եվ ճիշտ է, որ դրանց դիպել էր Գուրգեն Մահարու ձեռքը: Հետագա բանաստեղծություններն անցնում են Պարույր Սեւակի գրչի տակով: Շատ քիչ հրապարակումներ ուներ: Եվ դրա համար էլ իր հայերեն առաջին բարալիկ գրքի նախաբանումՙ «Անմիջական երկու խոսք քնելուց առաջ», շտապում էր բացատրե՞լ, թե՞ արդարանալ. «Ճանապարհորդելիս, հյուրանոցներում բանաստեղծություն գրել չեմ կարող. քիչ գրելուս առաջին պատճառը: Ձախ ձեռքով եմ գրում եւՙ միմիայն երբ տխուր եմ. քիչ գրելուս երկրորդ պատճառը»: Կարծում եմ, որ երրորդ պատճառն էլ կար, որ առաջին երկուսին արժեր. արեւելահայ գրական լեզուն դժվար էր յուրացնում, արեւելահայ խոսքի ներքին կառուցվածքը դժվար էր դառնում բանաստեղծական ճկուն խոսքի լեզու:

Երուսաղեմ եւ Երեւան... Հրեաստան-Իսրայել եւ սովետական երկիր... Երկիրը նույնպես դժվար էր տրվում, թեպետեւ էն գլխից հայտնի էր, որ նպատակ ուներ հնարավոր բոլոր միջոցներովՙ թաքուն կամ ակնհայտ, հասնելու դրան: Երբեմն նեղվում էր, եւ ներքին ցանկությունը նրան մղում էր քանդելու բոլոր կապերը եւ վերադառնալու այնտեղ, ուր մի ժամանակ «անգլիական մաղով ոտանավոր էր հավաքում».

Վեր կենամ գնամ մի նոր երկիր,

օտար եմ այստեղ:

Երուսաղե՜մ... Երուսաղե՜մ...

Բայց որովհետեւ այլեւս հոգեւին կապված էր Հայաստանի եւ հայոց լեզվի հետ եւ, ով գիտե, նաեւ ուրիշ ինչ, մեզ անհայտ, կապերի ու կաշկանդումների մեջ էր, նույնիսկ պարզ դարձը դառնում էր անհնարին.

Ես չեմ կարող վերադառնալ Երուսաղեմ:

Եվ, իրոք, նա այլեւս երբեք չվերադարձավ իր ծննդավայրն ու մանկության քաղաքը:

Առաջին հայերեն բանաստեղծությունները մամուլում երեւացին իր ուսանողության առաջին իսկ տարիներինՙ 1967-68 թվականներին: Բախտավո՞ր, թե՞ հաջողակ աստղի տակ ծնված մարդ էր... Առանց որեւէ տող տպագրելու արժանացել էր դժվարահաճ Գուրգեն Մահարու ոչ միայն ուշադրությանը, այլեւ հովանավորությանն ու բարեկամությանը: Դա արդեն ինքնին ինչ-որ բան նշանակում էր... Դրանից հետո եկավ կրտսերական ընկերությունն ու բարեկամությունը Պարույր Սեւակի (որ, ինքնին հասկանալի է, տեւեց շատ կարճ), Համո Սահյանի, Վահագն Դավթյանի եւ այլոց հետ: Ճիշտ կլինի ասելՙ հայ գրականության ու մշակույթի գրեթե բոլոր անվանի ու ճանաչված մարդկանց հետՙ ավագ թե կրտսեր, տարեց թե երիտասարդ: Կարիկ Պասմաճյանի մարդկային նկարագրի այս կողմը այն ժամանակ թվում էր անհասկանալի, զարմանք ու տարակուսանք էր հարուցում, նույնիսկ ընկալվում էր իբրեւ առանձնահատուկ արժանիք եւ վերագրվում իր գրական ձիրքին: Այսօր դա շատ հասկանալի է եւ պարզ բացատրություն ունի. ինքը դրսի աշխարհից եկած մարդ էր, մեզ պատկերվող ազատ աշխարհի մարդ, զերծ կաշկանդումներից, եւ շատ լավ կռահել էր, որ իր անկաշկանդ, ազատ եւ նույնիսկ հանդուգն հասարակական պահվածքը եւ իր անբռնազբոսիկ վարքը մոգական տպավորություն են թողնելու խստագույն կաղապարով ձուլված հասարակության մարդկանց վրա, եւ որ դրանով ինքը դառնում է ոչ միայն ընդունելի իրենից ավագ, արվեստում եւ գրականության մեջ նշանակալից վաստակ ունեցող մարդկանց, այլեւ գերազանցորեն անառարկելի ու տիրականՙ համեմատաբար երիտասարդ կամ իր սերնդի ու իրենից կրտսեր մարդկանց համար:

Այս տարիներին նրա բանաստեղծությունները տպագրվում են «Սովետական գրականություն», «Գրական թերթ», «Հայրենիքի ձայն» (Երեւան), «Սփիւռք» (Բեյրութ), «Անդաստան» եւ «Աշխարհ» (Փարիզ) հանդեսներում եւ թերթերում: Եվ ճիշտ է,- գրավոր վկայություն կա,- որ այդ բանաստեղծություններին դիպել էր Գուրգեն Մահարու ձեռքը:

Մտածում էր հրապարակել հայերեն բանաստեղծությունների առաջին գիրքը: Նախապատրաստվում էր երկար եւ շատ խնամքով: Մինչեւ գրքի լույս տեսնելը կարողացել էր անտիպ գիրքը պարտադրել բոլորին եւ դրական վերաբերմունք ստանալ: Ծավալով ոչ մեծ, ուղղակի դպրոցական տետրակի չափ այդ գիրքը հրաշալի, ուղղակի փայլուն ձեւավորեց տաղանդավոր Վիգեն Թադեւոսյանը: Գիրքն ու հեղինակը շատ բանով են պարտական նկարչին: Կազմի վրա կես խավարի ու կես լույսի մեջ Կարիկ Պասմաճյանի խոշոր դիմանկարն էր, որի հեղինակը լուսանկարիչ Հակոբ Հեքեքյանն էրՙ նույնպես օժտված անձնավորություն:

Գրքի կազմի դարձերեսինՙ շապիկի չորրորդ էջին, տպագրված էին Պարույր Սեւակի, Վահագն Դավթյանի եւ Ալբերտ Կոստանյանի խոսքերը հեղինակի մասին:

Այս առաջին գիրքը կոչվում էր «Լուսատտիկ արեւի մէջ» եւ տպագրվեց Բեյրութում, «Սեւան» հրատարակչական տանը: Համարձակ, ազատ ու անկաշկանդ մոտեցումով ձեւավորված, Էլիոթի եւ Բեքեթի թարգմանություններով զորացված, տաղանդավոր մարդկանց գնահատանքի բարձր խոսքերով զարդարված գիրքը, որի տպաքանակի մի մասը բերվեց Հայաստան, անսովոր էր Հայաստանի մարդկանց համար: Հայաստանում իրոք տաղանդավոր մարդիկ կային, որոնք ամենասովորական դեղնած, հնացած թուղթ-առաջին գրքույկ-բրոշյուր-տետր էին երազում եւ չէին հասնում դրան, էլ ուր մնաց թե առանձնահատուկ ձեւավորում:

Հիշում եմՙ որքա՜ն խոցված ու դառնացած էր Պարույր Սեւակը: Կարիկ Պասմաճյանը գրազ եկավ, թե մի շաբաթում գիրքը կտպվի, թեՙ մի չվերթով կգնա Բեյրութ եւ հաջորդով ետ կգա ու գիրքը կբերի: Գնաց ու բերեց: 1971 թ. մարտի վերջի՞ն, թե՞ ապրիլի առաջին օրերին, «Եղիցի լույս»-ը երկու տարի կալանքի եւ փակի տակ, ուրեմնՙ պատկերացրեք, թե ինչ ապրումներ պիտի ունենար 1963 թվականից իր հաջորդ բանաստեղծական գրքին սպասող բանաստեղծը:

1970 թվականին Կարիկ Պասմաճյանը «Սփիւռք» շաբաթաթերթի էջերում մի նոր շարժում է սկսում, այսպես կոչվածՙ «Գարունականներ շարժումը», որ մեծ արձագանք է ունենում Բեյրութում եւ Հալեպում: Կ. Պասմաճյանը նոր անուններ էր հայտնաբերում սփյուռքի համարՙ ներկայացնելով Հայաստանի երիտասարդ տաղանդավոր բանաստեղծներին: Սա նոր հոսանք էր, թարմ, կենարար հով, որ իր հետքը թողեց սփյուռքի գրականության մեջ:

Մի քանիՙ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեզուների միջեւ դեգերող մարդը, եւ այն էլՙ բանաստեղծը, չէր կարող չհանգել թարգմանության գաղափարի, ապրել առանց թարգմանության, մանավանդ որ հենց սկզբից ստիպված էր ինքն իրեն թարգմանելու: Առաջին լուրջ թարգմանությունները Էլիոթի, Բեքեթի տպագրված թարգմանություններն էին: Դրանց հաջորդեցին Ուիսթըն Օդընի, Ֆիլիպ Լարքնի, Էզրա Փաունդի եւ այլոց թարգմանությունները:

Ահա, թարգմանական գործ ու փորձի այս տարիներն էլ, ավելի ստույգՙ 1970 թվականին Կարիկ Պասմաճյանը «Սովետական գրականություն» ամսագրում (N9) տպագրեց մի հետաքրքրական հոդված, կարելի է նաեւ ասելՙ էսսե, «Ժամանակակից անգլիական պոեզիան» վերնագրով: Երիտասարդ հայ բանաստեղծը, երեւի թե առաջին անգամ արեւելյան իրականության մեջ, ընթերցողին էր ներկայացնում Թոմաս Էլիոթի, Ուիսթըն Հյու Օդընի, Դիլըն Թոմասի, Ֆիլիպ Լարքինի, Թեդ Հյուզի, Ջորջ Մակբեթի, Մայքլ Հորովիցի, Ալֆրեդ Ալվարեզի պոեզիան, խոսելով յուրաքանչյուրի գրականության մասին, բնութագրելով բանաստեղծին եւ թարգմանաբար ներկայացնելով մեկական բանաստեղծություն: Ընտրությունը կատարել է էսսեի հեղինակը, եւ եթե այս ցանկից դուրս են մնացել, ասենք Լոուրենս Դարրելը, Սթիվեն Սփենդերը, Բազիլ Բանթինգը եւ նույն ժամանակների մի քանի այլ անգլիացի հայտնի բանաստեղծներ, ապա դրա պատճառը եղել է Կ. Պասմաճյանի անձնական ճաշակը եւ անհատական վերաբերմունքը:

Նույն ձեւով երկու տարի հետո նա ներկայացրեց ժամանակակից արաբական պոեզիան («Սովետական գրականություն, 1972, N9): Առաջին անգամ արեւելահայ ընթերցողին ներկայացվեցին ժամանակակից ճանաչված բանաստեղծներ Նիզար ալ-Կաբբանիի, Մուհամմադ ալ-Ֆայտուրիի, Ալի Ահմեդ Սայիդ Ադոնիսի, Մահմուդ Դարվիշի պոեզիանՙ բնութագրության հետ թարգմանաբար տալով մեկական բանաստեղծություն: 1971 թվականին Պարույր Սեւակի ողբերգական մահից կարճ ժամանակ անց Կարիկ Պասմաճյանը եվրոպական հայտնի «Encounter» (Լոնդոն) գրական ամսագրում տպագրել էր Պարույր Սեւակի երկու բանաստեղծություններիՙ «Ուղեփակոց» եւ «Խեղկատակը», իր թարգմանությունները, երկու թարգմանություն էլՙ «Բարի իրիկուն» եւ «Հպանցիկություն», «Արարատ» ամսագրում (Նյու Յորք): Ժան-Պոլ Սարտրը իր նշանավոր «Խոսք»-ում մի տեղ ասում է, որ մեծ անհատի անակնկալ մահը, որ նախապես թվում է անհեթեթ, ողբերգական, ժամանակը վերածում է բնութագրական գծի: Այսպես եւ Պարույր Սեւակի եղերական մահվան պարագային:

Կարիկ Պասմաճյանը, բնական է, նույնպես հակված էր բանաստեղծի կերպարի ու գրականության այս ըմբռնումներին եւ բանաստեղծի մահից անմիջապես հետո հանգեց Պարույր Սեւակի գործերի մի թարգմանական հատոր տպագրելու մտքին: 1973 թվականին Երուսաղեմում «Saint Janes Press» հրատարակչությունը անգլերեն լույս ընծայեց Պարույր Սեւակի բանաստեղծությունների ժողովածունՙ Կարիկ Պասմաճյանի թարգմանությամբ: Գիրքն ուներ առաջաբան եւ վերջաբան, որ հեղինակել էր թարգմանիչը: Գիրքը ձեւավորել-նկարազարդել էր չեխ նկարչուհի Յուլիա Սվոբոդովան:

1972-ին Կ. Պասմաճյանը մտնում է Սորբոնՙ դոկտորական թեզ պաշտպանելու համար: «Սորբոնում ընդունեցին ինձ եւ թեզս. «Պարույր Սեւակ եւ եվրոպական իդիոմը հայ պոեզիայում»- մոտավորապես այս վերնագրով- 300 էջ պետք է գրեմ 2 տարվա ընթացքում»,- գրում է նա 1972 թվականի սեպտեմբերի 29-ի նամակում: Բայց այդ աշխատանքը չէր իրականանալու: Մեկ տարի հետո, 1973 թվականի դեկտեմբերի 28-ին արդեն գրում էր. «Պարույրի մասին 40 էջանոց աշախտություն եմ գրել. չեմ տպագրելու: Դարձնելու եմ 200 էջ-զետեղելով Պարույրին 20-րդ դարի հայ բանաստեղծական ֆոնին մեջ: Սա կլինի իմ միակ ու «Վերջին» գրականագիտական աշխատանքը»:

Իր «միակ ու վերջին գրականագիտական» այդ աշխատանքը այդպես էլ չկայացավ: Չգիտեմ, իր արխիվում մնացե՞լ են էջեր այդ շարադրանքից: Բայց դա չեղավ իր միակ ու վերջին գրականագիտական աշխատանքը: 1974-ին Կարիկ Պասմաճյանը դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի շրջանային հանձնաժողովի «Նոր Շինարար» պարբերաթերթի խմբագիրը: Խմբագրի անունը պարբերաթերթի էջերում չէր նշվում: Իր բնույթով գրականության եւ մշակույթի հետ ոչ մի կապ չունեցող այդ պարբերաթերթի էջերում Կարիկ Պասմաճյանը տպագրեց Տիրան Չրաքյան-Ինտրայի ծննդյան 100-ամյակին նվիրված իր կազմած «Ժամանակագրությունը», Տիրան Չրաքյանի «Հողե անոթը», Եղիա Տեմիրճիպաշյանի «Օրագիր»-ըՙ խմբագրի նախաբանով, Եղիայի մի բանաստեղծությունը, Դանիել Վարուժանի, Պարույր Սեւակի եւ այլոց բանաստեղծությունները, Վիգեն Թադեւոսյանի չորս գործերի վերատպությունները, ինչպես նաեւ նոր հրատարակված քիչ թե շատ ուշագրավ գրքերի գրական տեսություն... եւ այլն, եւ այլն...

Բայց այս «Նոր Շինարար»-ի խմբագիր լինելը շատ կարճ ժամանակ տեւեց: Այստեղ էլ նա հաջողության չհասավ եւ չէր էլ կարող հասնել:

Այս նույն ժամանակներում այլ ծրագրեր ուներ. «Սկսել եմ մի վեպ գրել անգլերենով: Ոչ ոքի չասես: Դեկտ. 1975-ին պիտի որ ավարտած լինեմ»:

1974-ին այս վեպի մասին այլ բան է ասում. «Քիչ թե շատ սովորեցի-սորվեցա Արեւելահայերենը, հիմա ետ եմ սովորում-Արեւմտահայերեն եմ գրում վեպս. անշուշտ դասական ուղղագրությամբ: ...20-30 էջ գրել եմ արդեն»: Այս վեպին էլ վիճակված չէր կայանալու:

Դեռեւս 1973-ին ինքն իր մասին դիպուկ նկատել էր. «Այս ընդհանուր ամլության մեջ-ինձ պարփակող սեւության մեջ, թերեւս միակ շահավորը բանաստեղծ Կ. Պ.-ն եղավ: Ե՛վ հրատարակիչ Կ. Պ.-ն, ե՛ւ թարգմանիչը, ե՛ւ երբեմնի քննադատը վնասով ու խեղճացած դուրս եկան փոքերի սեղանից»:

Եվ, իսկապես, միակ շահողը բանաստեղծն էր եւ իր բանաստեղծությունը: 1973-ին Կ. Պասմաճյանը Երուսաղեմում լույս ընծայեց իր նոր ժողովածունՙ «Շթաքարեր» խորագրով: Այս գրքում բանաստեղծը հասել է ինքնարտահայտության մի նոր ու բարձր աստիճանի:

1974-ից Կ. Պասմաճյանը, ի վերջո, հաստատվում է Փարիզում: Այստեղ նա շուտով հայտնվում է գրական-մշակութային կյանքի կենտրոնում: 1975 թվականի հոկտեմբերի 25-ին Փարիզի Շոպեն-Փլեյել սրահի մեջ, Ֆրանսահայ գրողների ընկերակցության, Մշակութային միության եւ ԺԱՖ-ի նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին հանդես է գալիս ընդարձակ բանախոսությամբ, որի մեջ Իսահակյանի գրականության գերագույն արժանիքն է համարում նրա «տոհմիկ, ընտանի, դեպի ժողովրդական ակունքները ձգտող քնարերգությունը»: Նույն տարվա նոյեմբերի 23-ին Տիրան Չրաքյան-Ինտրայի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր օրվա նախագահը բանաստեղծ Կարիկ Պասմաճյանն է:

Ֆրանսահայ գրողների ընկերակցությունն ընտրություններ է անցկացնում եւ 1976 թվականի համար ընտրում նոր վարչական կազմՙ պատվո նախագահներով եւ գործող նախագահով: Կարիկ Պասմաճյանն ընտրվում է ընկերակցության քարտուղար:

1976 թվականի ապրիլի 8-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի սրահում Ֆրանսահայ գրողների ընկերակցությունը եւ Էսայան սանուց միությունը կազմակերպում են բանաստեղծներ Ատոմ Յարճանյան-Սիամանթոյին, Դանիել Վարուժանին եւ Ռուբեն Սեւակին նվիրված հանդիսություն եւ հիշատակի օր: Ինչպես մամուլն է վկայում, «օրվան բանախոսըՙ բանաստեղծ Կարիկ Պասմաճյանը, կուռ եւ խորաթափանց վերլուծումով բնութագրեց երեք մեծ նահատակներուն վաստակը, զայն գնահատելով դաժան իրադրության շրջագիծեն ներս եւ արդի ժամանակներու լույսին տակ»:

1976 թվականին Կարիկ Պասմաճյանը Ֆրանսահայ գրողների ընկերակցության «Արահետ» պարբերականի խմբագրակազմի անդամ է: 1974-75 թվականներին լրջորեն զբաղված է թարգմանությամբ եւ գրահրատարակչական աշխատանքով: 1975 թվականին Ամերիկայում տպագրության է հանձնում Չարենցի ընտիր բանաստեղծությունների ժողովածունՙ անգլերեն լեզվով: Նույն տարում կազմում եւ թարգմանում է «Ամերիկահայ անգլիագիր բանաստեղծներ» երկլեզու ծաղկաքաղը: Այս գրքով շատ էր ոգեւորված. «Գիտե՞ս, որ 30 (հայ) ամերիկացիներ կան, որոնք անգլերեն բանաստեղծություն են գրում եւ որոնցից 5-6-ը լավ են: Թարգմանելու եմ հայերենի, հատորը կազմելու եւ առաջաբան, կենսագրություն) եւ այլն...»,- գրում էր Կ. Պասմաճյանը 1974 թվականի հոկտեմբերի 1-ի նամակում:

1975-ին մտադրությունը իրագործեց: «Ամերիկահայ անգլիագիր բանաստեղծներ. երկլեզու ծաղկաքաղ» ժողովածուն, Վիգեն Թադեւոսյանի ձեւավորումով, լույս տեսավ 1976 թվականին Դետրոյթում (Միչիգան): Գրքում ներկայացված էին քսանմեկ բանաստեղծ: Գիրքն ուներ թարգմանչի ընտրության եւ թարգմանության սկզբունքները ներկայացնող, վճռական շեշտով գրված առաջաբան: Գրքի վերջում տրվում էին համառոտ տեղեկություններ բանաստեղծների, ինչպես նաեւ թարգմանչի մասին: Ժողովածուն լավ ընդունելություն գտավ եւ վերահրատարակվեց 1978 թվականին:

Փարիզում Կարիկ Պասմաճյանը գործուն մասնակցություն է ունենում «Հայ արվեստի զարգացման միության» աշխատանքներին: «Հայ արվեստի զարգացման միության» հրատարակչության համար («Քաթրա»-ի տետրակները») 1976 թվականին նա կազմում եւ հրատարակության է պատրաստում եւ առաջաբան է գրում Բյուզանդ Թոփալյանի «Դաշտանկար», «Իրանահայ բանաստեղծներ» ժողովածուները:

Այս տարիներին իր գրական-մշակութային գործունեության բերումով հանդիպում կամ շփվում է մի շարք նշանավոր մարդկանց հետ: Այդ հանդիպումների հետեւանքով ծնվում է երկու հարցազրույցՙ Վիլյամ Սարոյանի եւ Ժանսեմի հետ, որոնք ավելին են, քան սովորական հարցազրույցը: Առանց չափազանցության վստահորեն կարելի է ասել, որ Վիլյամ Սարոյանի հետ երկխոսությունը մնում է մեզանում իր տեսակի մեջ լավագույնը, լավագույնըՙ իր նուրբ ու բանիմաց հարցադրումներով, Սարոյանի պատասխանների հավաստի ու ստույգ գրանցումով, Սարոյանի գրողական ու մարդկային հոյակապ նկարագրի վերհանումով, Սարոյանի ամբողջական նկարագրի հոյակապ կերպարով, որ հստակորեն ուրվագծվում է երկխոսության տողերի տակ...

Նույնՙ 1976 թվականին էլ լույս է տեսնում Կարիկ Պասմաճյանի բանաստեղծությունների նոր ժողովածունՙ «Բեղմնափոշի» խորագրով: Թեպետեւ գրքի վրա գրված է «Փարիզ», բայց գրքի տպագրությունը կայացել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց տպարանում: Այս գրրքում բանաստեղծի անձնական դրաման ավելի է խորանում:

«Բեղմնափոշի»-ից հետո բանաստեղծությունները սակավանում են: «Բեղմնափոշի»-ից սկսած բանաստեղծը աստիճանաբար հեռանում է, նախ, գրականության իր որդեգրած սկզբունքներից եւ 1979-ից հետոՙ առհասարակ գրականությունից: 70-ական թվականների կեսերին ռուսական գրականության եւ արվեստի տաղանդավոր մի շարք անհատականություններիՙ գրողների, նկարիչների, երաժիշտների եւ այլն, սովետական իշխանությունը արտաքսեց երկրիցՙ այլախոհական գաղափարների եւ տրամադրությունների համար: Արեւմուտքում նրանց հայտնվելը Արեւմուտքի ուշադրությունը դարձրեց դեպի քաղաքացիական-քաղաքական բովանդակությամբ գրականությունը: Պակաս նշանակություն չունեցան այդ տարիներին եվրոպական մի շարք երկրներում լայն տարածում գտած «եվրոկոմունիզմի» («եվրոհամայնավարության») գաղափարներըՙ ի հակադրություն Խորհրդային Միության «ռազմահամայնավարության»: Սովետական Միությունում ապրած երուսաղեմցի բանաստեղծը 1977 թվականին Փարիզի «Աշխարհ» թերթում (N977, N980 եւ N985) տպագրում է հասարակական-քաղաքական հնչողությամբ մի քանի բանաստեղծություններՙ «Գնդակահարում», «Սովամահ», «Քաղաքական բանտարկյալներ» եւ այլն:

Սրանք, թվում է, նոր սկիզբ էին իր գրականության մեջ: Բանաստեղծը պատրաստվում էր ամբողջացնելու դրանք եւ հրատարակելու առանձին գրքովՙ «Մահվան եղանակներ» խորագրով: Իրականում այդ բանաստեղծությունները մեծ շարունակություն չունեցանՙ մի քանի ուզված ոտանավոր, եւ հեղինակը դրանք հետագայում, նախորդ գրքերի մի քանի այլ բանաստեղծությունների հետ, հրատարակեց իբրեւ շարք «Մահվան եղանակներ» խորագրով:

1980 թվականին Կարիկ Պասմաճյանը Փարիզում հրատարակեց բանաստեղծությունների իր ընտրանինՙ «Անավարտ խաղ» խորագրով: Սա դարձավ հեղինակի վերջին բանաստեղծական գիրքը: Գրքի տիտղոսաթերթին գրված էրՙ «Բանաստեղծություններ. 1969-1979»: Կ. Պասմաճյանը հստակ զատորոշում էր իր բանաստեղծության ժամանակային սահմանները: Գրքի վերջում տպագրելով Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի եւ էլի մեկ-երկու հոգու կարծիքներն ու հոդվածներն իր մասին, Կ. Պասմաճյանը հրաժեշտ էր տալիս բանաստեղծությանը:

***

1979-ից հետո նրա կյանքում սկվում է նոր ժամանակՙ նկարչական արվեստի ժամանակը, որը զարմանալի զուգադիպությամբ տեւեց նույնպես տասը տարիՙ մինչեւ 1989 թվականը: Այս տասնամյակը, ենթադրում եմ, հավանաբար նույնքան հետաքրքրական ու հարուստ եղավ իր կյանքում, որքան գրականության ժամանակը: Նկարչական գործի մեջ մխրճվելու իր էպոպեան Կ. Պասմաճյանը սկսեց շատ խորհրդանշական ու իմաստավոր մի քայլով: Այսօր դժվար է այդ արարքը գերագնահատել: 1980 թվկանին նա նյույորքաբնակ Ժակ Կայալովից գնեց Մարտիրոս Սարյանի լավագույն գործերից մեկըՙ «Գեղամա սարերը», 1928 թվականի Փարիզի ցուցահանդեսում ներկայացված բացառիկ կտավներից մեկը, որ հրաշք պատահականությամբ փրկվել էր հայտնի հրդեհից: Ինքն օդանավով բերեց Հայաստան եւ նվիրեց Մարտիրոս Սարյանի թանգարանին:

1979 թվականից ի վեր իմ անձնական շփումները նրա հետ դադարել են, Երեւան կատարած իր այցելությունների ժամանակ մենք այլեւս չէինք հանդիպում, ուստի ես շատ քիչ բան գիտեմ, ավելի ճիշտՙ ընդհանուր բաներ գիտեմ իր նկարչական-արվեստասիրական գործունեության մասին... Այդ գործունեությունը տեւում է ուղիղ մեկ տասնամյակ, մինչեւ 1989 թվականի հուլիսի 29-ը, երբ առավոտյան ժամը 11-ին դուրս է գալիս Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցի իր սենյակիցՙ 703 համարից եւ երկու անձանց ուղեկցությամբ հեռանում է իր բնակած հյուրանոցից եւ այլեւս չի վերադառնում...

Սկսելով բացարձակ անհայտությունիցՙ Կարիկ Պասմաճյանն այս մի տասնամյակում հասցրեց դառնալ նկարչական արվեստի եւ գործի խոշորագույն գիտակներից եւ հեղինակություններից մեկն ամբողջ Եվրոպայում: Այս ասպարեզում նրա գիտելիքներն ու իմացությունն ուղղակի ապշեցնում էին. գիտեր, օրինակ, ռուսական արվեստաբանության լավագույն գրականությունըՙ հարյուրավոր գրքեր եւ հազարավոր հոդվածներ, գիտեր կարծիքները, վարկածները, տեսությունները, վերլուծությունները, տեսական մտքերն ու մտածումները...

Իսկապես, նա սկսեց գրեթե ոչնչից: Եվ կարճ ժամանակում ստեղծվեց ե՛ւ մեծ ու հարուստ հավաքածու, ե՛ւ պատկերասրահ Փարիզի «Ռասպայ» բուլվարում: Ամեն մի հավաքչական գործունեություն նկարչության մեջ խորացման, նկարչական աշխարհի ճանաչողության, նկարչական արվեստի տեսանելի եւ անտեսանելի գաղտնիքների մեջ թափանցելու դժվարին ու բարդ ընթացք է, որ շատ քչերին է տրված հաղթահարելու: Կարիկ Պասմաճյանը այդ սակավներից մեկն էր, որ իր մեծ հաջողության դիմաց վճարեց ամենաթանկ վճարովՙ իր երիտասարդ կյանքով...

Մի կարճ ժամանակում,- հավաքածուի համար 8-10 տարին ոչինչ բան է,- Կարիկ Պասմաճյանն ունեցավ Եվրոպայի լավագույն հավաքածուներից մեկը: Այդ հավաքածուի մեջ կենտրոնական տեղ էին զբաղեցնում ռուսական, հայկական եւ առհասարակ սովետական արվեստի նմուշները: Բազմահարուստ այդ հավաքածուն իր մեջ ընդգրկում էր բացառիկ հարստության գրադարանՙ հնատիպ մեծարժեք հրատարակություններով: Ռուսական եւ սովետական արվեստի նրա հավաքածուն,- գեղանկար, քանդակ, գրաֆիկա,- հասնում էր մի քանի հազար նմուշի: Ռուսական արվեստի նրա հավաքածուի մեջ առանձին տեղ ուներ 16-18-րդ դարերի ռուսական տարազի հավաքածուն, որ նախկինում պատկանել է ժողովրդական արվեստի նշանավոր հավաքածուորդ Նատալյա Շաբելսկայային: Հավաքածուի մեջ ընդգրկված են ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների, կարելացիների, Պովոլժիեի ժողովուրդների, Ղրիմի թաթարների ազգային հանդերձներ, գլխանոցներ, ձեռագործ աշխատանքներ, հյուսվածքներ, ժանյակներ, ոսկեկար եւ մարգարտաշար հյուսվածքներ եւ այլն, եւ այլն: Ռուսական տարազի այս հավաքածուի մասին ժամանակին հիացմունքով խոսել է նշանավոր Վլադիմիր Ստասովը: Հավաքածուն 1900 թվականին ցուցադրվել է Փարիզում, արժանացել է հատուկ դիպլոմի եւ մեդալի: Եվ ահա, այդ հավաքածուի մոտ 500 ցուցանմուշը գտնվում էր Կարիկ Պասմաճյանի հավաքածուում:

Սակայն Կարիկ Պասմաճյանի հավաքածուի զարդը եւ հարստությունը կազմում էր ռուսական գեղանկարչությունըՙ Վլադիմիր Բորովիկովսկին, Օրեստ Կիպրենսկի, Հովհաննես Այվազովսկի, Իվան Կրամսկոյ, Իսահակ Լեւիտան, Կոնստանտին Մակովսկի, Պյոտր Կոնչալովսկի, Կուզմա Պետրով-Վոդկին եւ բազմաթիվ այլ դասական անուններ:

1988 թվականի հունիսի 23-ին «ԼջՉպրՑՌÿ» թերթը գրում էր, որ «այսօր Կ. Պասմաճյանը մեր արվեստի առավելագույն հեղինակություն ունեցող գիտակներից եւ փորձագետներից մեկն է, Ֆրանսիայում չկա մի աճուրդ, որ անցնի առանց նրա մասնակցության»:

Առանձնապես հարուստ էր Կ. Պասմաճյանի հայ արվեստի հավաքածունՙ Մարտիրոս Սարյանից եւ Մինասից մինչեւ մեր օրերի երիտասարդ նկարիչները:

Փարիզումՙ «Ռասպայ» բուլվարում, Կարիկ Պասմաճյանն ուներ մի պատկերասրահ-վաճառատուն, որ անվանել էր «Արշիլ Գորկի»: Այն աստիճանաբար դառնում էր կենտրոն ոչ միայն հայ արվեստի, այլեւ ռուս եւ առհասարակ սովետական արվեստի: Այստեղ նա կազմակերպել էր բազմաթիվ հաջողված եւ ուշագրավ ցուցահանդեսներՙ Երվանդ Քոչար, Նիկոլայ եւ Միխայիլ Ռոմադիններ, Հակոբ Հակոբյան, Վլադիմիր Վեյսբերգ եւ այլն:

1988 թվականի հունիսի 5-ին Մոսկվայումՙ Տրետյակովյան պատկերասրահում բացվեց Կ. Պասմաճյանի ռուսական արվեստի հավաքածուի մոտ չորս հարյուր գործի ցուցահանդեսը: Այն անակնկալ էր, ցնցողՙ իր հարստությամբ, եւ բացառիկ հաջողություն ունեցավ երկրում: Մոսկվայից հետո ցուցահանդեսը երկու ամիս անցՙ օգոստոսին, տեղափոխվեց Լենինգրադՙ Էրմիտաժ: Եվ երեւի թե այս ցուցահանդեսի շռնդալից հաջողությունն էլ նախապատրաստեց կամ թե իրողություն դարձրեց իր տարօրինակ եւ ողբերգական վախճանը...

Իր նկարչական գործունեությունը, իր գրական գործունեության պես, տեւեց ընդամենը մեկ տասնամյակ:

Այս գործունեությունը նրա անունը դարձրել էր համաեվրոպական համբավի ու ճանաչումի անուն, ինչի հաստատումն է այն փաստը, որ, «Լիտերատուրնայա գազետա»-ի վկայությամբ, Ֆրանսիայի ներքին գործոց նախարարը 1989 թվականի դեկտեմբերին հատուկ այցով գալիս է Մոսկվա, հանդիպելու երկրի բարձրագույն ղեկավարի հետՙ Կ. Պասմաճյանի ճակատագիրը պարզելու համար... Ֆրանսիական մամուլում կառավարության առանձնահատուկ վերաբերմունքն է արտահայտում Մոսկվայում Ֆրանսիայի հյուպատոս Նիկոլ Ժերար-Ռեյդեն... Նույն «Լիտերատուրնայա գազետա»-ն վկայում է (1990, փետրվարի 21, թիվ 8), որ ֆրանսիական հայտնի վիպասաններից մեկըՙ Ռոժե Բորնիշը, Ժորժ Սիմենոնից եւ Բուալո-Նարսեժակից հետո դեդեկտիվ ժանրի ամենահայտնի ֆրանսիացի գրողը, Մոսկվա կատարած այցելության ժամանակ խոսում է Կարիկ Պասմաճյանի գործի շուրջ...

Նկարչության մեջ եւ նկարչության միջոցով Կարիկ Պասմաճյանը թեպետեւ հասավ ապահով կյանքի եւ ճանաչումի, այնուամենայնիվ, իր ընթացքը տանում էր դեպի վարՙ սկսելով «Գեղամա սարեր»-ի որդիական նվիրաբերումից եւ ընծայումից գահավեժ անկում մինչեւ դրամական աշխարհի քրեական լաբիրինթոսը...

***

Կարիկ Պասմաճյանի կյանքը իկարուսյան լեգենդի ինչ-որ մաս ուներ իր մեջ: Երուսաղեմից Երեւան տարածության ֆիզիկական եւ հոգեւոր հաղթահարումը ավարտվում է նույն հաղթահարումի բացասումով: «Շթաքարեր»-ի հորիզոնական շարժումը «Բեղմնափոշի»-ում դառնում է վարընթաց, եւ ավելինՙ վար դեպի երկրի ընդերքը, հողի տակՙ նախանշելով կարծես թե իրեն սպասվող ճակատագիրը... «Լուսատտիկ արեւի մէջ» գրքի «Աստ հանգչի» բանաստեղծությունըՙ գրական սեթեւեթանքով իբրեւ սեփական տապանագիր գրված երկու քառատողը դարձավ մարգարեական իրողություն...

Ավանգարդիստական առաջին բանաստեղծություններից մինչեւ պլակատային քաղաքական բանաստեղծությունները իսկապես ապրված ժամանակ են ներկայացնումՙ մեկ տասնամյակ: Գրականության մեջ տասը տարին հարաբերական ժամանակ է. մեծատաղանդ մարդկանց համարՙ երկար, համեստ ձիրքի տեր մարդկանց համարՙ շատ կարճ... Եվ այնուամենայնիվ շատ կարճ ժամանակում էլ հնարավոր է հետք թողնել... «Չէ՞ որ հետք են թողնում մինչեւ անգամ պորտով»,- ասում է բանաստեղծը:

Իր բանաստեղծություններով եւ իր գրական կյանքով Կարիկ Պասմաճյանը, անշուշտ, կարողացավ հետք թողնել իր սերնդի պատմության մեջ: Իր կյանքը եղավ սփյուռքահայ գրական-մշակութային գործչի տիպական օրինակՙ սկսեց իր արմատները որոնելուց, ազգային ինքնագիտակցումից եւ, ցավոք, հասավ ընդամենը մինչեւ անձնական նյութական ապահովությունն ու եսական կյանքը: Ինքն իր մասին դեռ տարիներ առաջ ավելի ընդգծված էր ասելՙ «սեւ եսասիրություն»: Սա հին, հազար անգամ կրկնված պատմություն է, հայերիս ազգային ողբերգությունը: Կարիկ Պասմաճյանի պարագային սա ճակատագրի անդառնալի ու անշրջելի ընթացք էրՙ դեպի մահ, դեպի մահ, դեպի վերջին ծով... Եվ երեւի միայն ինտելեկտը կարող է փրկել ի սկզբանե եւ ի վերուստ դատապարտված մեղսավորին, բայց, ավա՜ղ...

Վերջին մի երկու խոսք կազմողի կողմից

Այս գիրքը կազմելու գաղափարը ծագել էր վաղուց:

Կարիկ Պասմաճյանին ճանաչել եմ դեռեւս համալսարանական տարիներից: Համալսարանի մեծ դահլիճի բեմից ծոր տալով, երգելու պես իր ոտանավորներն էր արտասանումՙ «Ես հյուր չեմ իմ տանը...»: Կարճահասակ էր, խռիվ շեկ մորուքով, մաշված ջինս տաբատով, բեժ գույնի կարճ թիկնոց-անձրեւանոցով, մի ատամը ընկած, խոսելիս երբեմն ֆնչացնելով... Քայլում էր առաջ կռացած, մի տեսակ կծկված, գլուխը ուսերի մեջ, ձեռքերը թիկնոցի գրպանները խրած... Առհասարակ ատամնաթափ սատանայի, այլակերպ արարածի երեւույթ ուներ... Բայց եւ խեղճ ու չարագուշակ մի բան կար իր նկարագրի մեջ: Այն տարիներին շատ քչերն էին մորուք պահում, ինքը բացատրում-արդարանում էրՙ «Առանց մորուքի լման չոճուխ եմ, ոչ մեկը լուրջ չի առներ»: Հետո Պարույր Սեւակի վերաբերմունքը նրան զատեց ուրիշներից: Ընկերացանք, ընդհանուր ընկեր-բարեկամներ ունեցանքՙ Վիլհելմ Մաթեւոսյան, Լեւոն Ներսիսյան, Ալբերտ Կոստանյան, ուրիշներ... 70-ական թվականներին Կարիկ Պասմաճյանն արդեն սերտաճել էր Երեւանի երիտասարդ ու միջահասակ եւ նույնիսկ ավագ սերնդի ընտիր մտավորականների հետ, զարմանալիորեն կարողացել էր շահել իրար հակոտնյա, իրարից տարբեր եւ նույնիսկ միմյանց չհանդուրժող մարդկանց մտերմությունն ու բարեկամությունը, կարողացել էր եւ կարողանում էր ազդել մարդկանց վրա, տարեցների ու ավագների հետ անգամ խոսում էր դու-ով, խոսում էր թելադրանքով ու պարտադրանքով... Եվ այս պահվածքն ու վարքը զարմանալիորեն ընդունելի էին բոլորի համար... Իսկ մեջտեղում բան չկար, լուրջ բան չկարՙ մի երկու ոտանավոր այս կամ այն թերթում եւ 1971-ի մարտին տպած աշակերտական սովորական տետրի չափ գրրքույկըՙ «Լուսատտիկ արեւի մէջ» ... Հաստատ տաղանդավոր մարդ էր: Մեր ընկերությունը սկիզբ առավ եթե չեմ սխալվում 1970 թվականից եւ վերուվարումներով տեւեց վեց-յոթ տարի, մինչեւ 1976 թվականը, մինչեւ «Ամերիկահայ անգլիագիր բանաստեղծներ» գրքի լույս տեսնելը: Ես ձեւակերպել-շարադրել էի գրքի առաջաբանը եւ խմբագրել էի թարգմանությունների լեզուն այն չափով, ինչ չափով որ ինքը հանդուրժեց: Երբ գիրքը լույս տեսավ, տհաճ խոսակցություններ ունեցանք: Ինչեւէ: 1978-ից արդեն մեր հարաբերությունները խզվեցին, ինքն արդեն ուրիշ մարդ էր, բոլորովին այլ անձնավորություն: Հաջորդ մեկ-երկու տարիներից հիշում եմ մեկ-երկու պատահական հանդիպում ընդհանուր ծանոթների մոտ եւ մեկ էլ քաղաքավարական սառը, անհաղորդ «բարեւ, ինչպե՞ս ես»-ը:

Ես իրենից այն ժամանակ ներքուստ շնորհակալ եղա եւ հետո էլ ու հիմա էլ շնորհակալ եմ այդ խզումի համար: Ինքն այլեւս ինձ անծանոթ, անճանաչելիության աստիճան փոխված մարդ էր: Ինչպե՞ս եղավ, Փարի՞զը, հարստությո՞ւնը, փո՞ղը, միջավայ՞րը, թե՞ կապեր ու հանգամանքներ, որ մենք չգիտեինք... Ես որ չգիտեմ:

Տարիներ անցան, ու հասավ իր «անհայտ բացակայում»-ի լուրը: Առաջին պահ, իհարկե, ցավ զգացի: Կարծում եմՙ շատերն են ցավ զգացել իր հետ կատարվածի համար: Փորձեցի ինքս իմ մեջ վերլուծել նրա կյանքը, նկարագիրը, էությունը... Կերպարը անհասկանալի էր, անորսալի... Ապա այդ ժամանակ էլ այս գիրքը կազմելու գաղափարը մտահղացա... Բայց տարակույսներ ունեի: Խորհրդակցեցի Ալբերտ Կոստանյանի հետ, տարակույսներս պատմեցի... Ինքը նույնպես հստակ վերաբերմունք չուներ... Գլուխ չհանեցինք... Իր մասին արդեն լուրեր էին շրջում, պատմություններ էին պատմում, կռահումներ էին անում: Իր ապրելակերպն ու վարքը մարդիկ նոր լույսի տակ էին տեսնում, իր անունը կապում էին զանազան մութ ուժերի, գաղտնի գործակալությունների ու ոստիկանությունների հետ եւ այն էլՙ ոչ մեկ երկրի: Ի՞նչն էր ճիշտ, ի՞նչն էր սուտ, որքա՞նն էր հավաստի, որքա՞նըՙ բամբասանք ու լեգենդՙ ոչ ոք ոչինչ չէր կարող ասել: Եվ ամենեւին էլ հաճելի ու ցանկալի չէր, որ մարդ իր անունը կապի այսպիսի մեկի անվան հետ: «Դու որոշիր»,- մեր հերթական պատվո պտույտներից մեկի ժամանակ ասաց Ալբերտ Կոստանյանը, երկու-երեք ժամ Կարիկ Պասմաճյանի անձն ու վարքը համատեղ քիմիական տարրալուծման ենթարկելուց հետո: 1997-ից առաջ էր, դեկտեմբերի սկիզբը, իր հիսունամյակից առաջ: Այդ ժամանակ էլ չկարողացա կողմնորոշվել: Էլի մի քանի տարի անցավ: 1999 կամ 2000 թվականին էր, երբ Շահեն Խաչատրյանի հորդորանքով եւ Կարիկ Պասմաճյանի ընտանիքի ցանկությամբ հանձն առա կազմելու այս գիրքը: (Ի դեպ, այն այսօր լույս է տեսնում միայն ու միայն շնորհիվ Շահեն Խաչատրյանի): Եվ հենց այդ ժամանակ էլ հայտնաբերեցի, որ հաղթահարել եմ իր անվան ու նկարագրի հետ կապված բոլոր բարդույթներըՙ ուզում է ՊԱԿ-ի գործակալ լինի, ուզում էՙ Մոսսադի, ուզում էՙ Ինտելիջենս սերվիսի, ինձ համար այլեւս մեկ էր... Այսօր ռուսական մամուլն ու գրքերը բացեիբաց գրում են այս մասին: Օրինակ, ասենք, ռուս նկարիչ Վալենտին Վորոբյովը իր «Врагнарода.Воспоминанияхудожника» գրքում («Новоелитературноеобозрение»,Москва, 2005. «Частьвосьмая.Загадочныйармянскиймагазин»,стр. 558-563, «Частьодиннадцатая.Детиразныхнародов»,стр. 691-696)1:

Ճշմարտությունը եկավ հանկարծակի ու հստակ: Իսկ ճշմարտությունն այն է, որ խորհրդային երկրում ռեժիմն ընդունող, ռեժիմին հարմարված, ռեժիմը գովերգող կամ հաստատող միլիոնավոր մարդիկՙ պետականորեն ու ժողովրդյամբ խորապես հարգված, ճանաչված եւ գնահատված գրողներ, գիտնականներ, զանազան գործիչներ, արվեստագետներ եւ այլն, եւ այլն, հավատարիմ լենինյանի իրենց դիրքորոշումով եւ ստրկական ու ճորտական պահվածքով, իրենց խոր խոնարհումով ու հեզ համակերպումով փաստորեն ռեժիմի անպաշտոն գործիչներն ու գործակալներն էին: Բայց չէ՞ որ մենք բոլորս ապրում ենք նրանց հետ նույն իրականության, նույն հասարակության մեջ, խոնարհ ու հարգալից բարեւում ենք նրանց եւ նույնիսկ հանրային պատիվներ ենք մատուցում:

Եվ եթե այդ այդպես է, ուրեմն ինձ համար արդեն իսկապես որ այլեւս մեկ էր, եւ այդ հանգամանքներն այլեւս նշանակություն չունեին: Մարդը բանաստեղծություններ է գրել, իրար հետ ընկերություններ ենք արել. ես էլ գիրքը կազմում եմ...

Ու կազմեցի...

Գիրքը կազմելիս նախապես թվում էր, թե հնարավորություն կունենամ Փարիզի իր արխիվին առնչվելու, այնտեղից նյութեր ստանալու: Չեղավ, չտվեցին: Որոշեցի գիրքը կազմել տպագրված հայերեն նյութերիցՙ բացառություն անելով միայն պահպանված մի քանի տասնյակ նամակների համար: Եվ որեւէ մատենագիտական ցանկ էլ չունեի...

Լեւոն Ներսիսյանի ասածՙ «ողբացյալ թշվառականի» ընտանիքը խոստացել էր հոգալ գրքի տպագրության ծախքերը, բայց չհոգացՙ չուզեցի՞ն, թե՞ ինչ...

Մերձավորներ հայտնվեցին, իր հին ընկերներիցՙ երուսաղեմցի եւ ուրիշներ: Նրանք էլ խոստացան ու չարեցին:

Հանգամանքների բերումով մեջտեղ եկավ եւ տպագրության պատրաստ գրքին ծանոթացավ Կարիկ Պասմաճյանի Երուսաղեմում հրատարակված երկու գրքերի հրատարակիչ իր բարեկամ մի անձը: Շատ ոգեւորվեց: «Մեղք կ՛ըլլայ այս գիրքը հինգ հարյուր օրինակ հրատարակել: Պետք է տպենք շատ շքեղ եւ առնվազն երկու հազար օրինակ»: Սա էլ, իհարկե, ոչինչ չարեց, մինչեւ որ Տիրոջ ձեռքը հասավ նրանՙ չգիտեմ հի՞ն, թե՞ նոր մեղքերի համար...

Եվ նորից գիրքը մնաց, եւ նորից ժամանակ անցավ գրքի վրայով:

Բայց գիրքը լույս էր տեսնելու եւ սպասում էր իր ժամին ու իր հովանավորին: Եվ վերջապես հայտնվեց նա, ով պետք է երկրորդ կյանք տար տաղանդավոր հայ մարդու գրական ժառանգությանը: Ես նրան չեմ ճանաչում եւ միայն այն գիտեմ, որ նրա անունը Վալենտին Բագիրյանց է:

1. «Ժողովրդի թշնամին: Նկարչի հիշողություններ»: «Նովոյե լիտերատուրնոյե օբոզրենիե» հրատարակչություն, Մոսկվա, 2005: «Մաս ութերորդ»: Առեղծվածային հայկական խանութը», էջ 558-563, «Մաս տասնմեկերորդ: Բյուր ազգի որդիներս», էջ 691-696:

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4