«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2006-04-13 | #68, 2006-04-14 | #69, 2006-04-15


ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ

(ՀԲԸՄ-ի հիմնադրման փառապանծ հարյուրամյակը) (1906-2006)

ՀԲԸՄ-ն հիմնադրվել է 1906 թվի ապրիլի 15-ին Կահիրեում (Եգիպտոս) Պողոս Նուբար փաշայի նախագահությամբ, չափազանց հեռատես ու անսակարկ հայրենասիրությամբ տոգորված տասն ազգային գործիչների նախաձեռնությամբ:

Ուղիղ հարյուր տարի շարունակ հայ ժողովրդի պատմության ամենաբարգավաճ ու ամենածանր տարիներին ՀԲԸՄ-ն ընդառաջ է գնացել աշխարհատարած հայության կարիքներին, նպաստել նոր սերնդի հայեցի կրթության եւ դաստիարակության գործին: Միության ամենօրյա երկու տասնյակից ավելի վարժարաններում, որոնք շարունակում են գործել, ուսանում են մոտ 6000 աշակերտներ: Իսկ շաբաթօրյա 13 դպրոցները ծառայում են հարյուրավոր հայ աշակերտների: Յուրաքանչյուր տարի Միության համալսարանական կրթանպաստների ծրագրից օգտվում են ավելի քան 500 ուսանողներ, որոնք իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում: Միության նախագահներն են եղել Պողոս Նուբար փաշան, Գալուստ Գյուլբենկյանը, Զարեհ Բեյ Նուբարը, Արշակ Կարագյոզյանը, Ալեք Մանուկյանը եւ Լուիզ Սիմոն Մանուկյանը: Ներկայիս նախագահն է Պերճ Սեդրակյանը: Միության բարձրագույն մարմինն է Անդամական ընդհանուր ժողովը, որն ընտրում է գործադիր մարմինՙ կենտրոնական վարչական ժողով: Որոշումներն իրականացնում է կենտրոնական գրասենյակը Միության նախագահի ղեկավարությամբ: 1922-ից Միության վարչական կենտրոնը Կահիրեից փոխադրվել է Փարիզ, իսկ 1942-ից հաստատվել նախ Նյու Ջերսիում, այնուհետեւՙ Նյու Յորքում:

Միությունն աշխարհի 22 տարբեր երկրներում ունի մասնաճյուղեր եւ հրատարակում է ամսական կամ եռամսյա հանդեսներ, որոնք լուսաբանում են հայանպաստ աշխատանքները. Նյու Յորքումՙ «Յուշարար», «ՀԲԸՄ» (տարբեր լեզուներով) եւ «Արարատ» գրականը, Բեյրութումՙ «Խօսնակը», Բուենոս Այրեսումՙ «Լուսաբացը», Կահիրեումՙ «Տեղեկատուն», Ավստրալիայումՙ «Միությունը» եւ այլն: «Հաջորդ սերնդի» խորհրդատվական ծառայությունը, «Երիտասարդ արհեստավարժների» գործունեությունը, մարզական եւ սկաուտական շարժումները, մշակութային ձեռնարկներն ու հրատարակությունները կրթականի հետ զուգահեռ հավերժ երիտասարդ են պահում հարյուրամյա կազմակերպությանը:

Անշուշտ դրան նպաստում է երախտաշատ նվիրատուների անվերջանալի բանակի վստահությունը Միության գործունեության նկատմամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ բարերարների թիվն զգալիորեն ավելացել է: Եթե մինչեւ 1988-ի Հայաստանի ահավոր երկրաշարժը, Միության հիմնական եկամուտը գոյանում էր անդամության տուրքերից, կտակներից եւ նվիրահավաքներից, ապա երկրաշարժի աղետից հետո, ընդառաջելով ՀԲԸՄ-ի կոչին, հայ ժողովրդի առատաձեռն զավակներն աշխարհի տարբեր անկյուններից փութացին նյութապես սատար կանգնելու Միության նոր նախաձեռնություններին առավելապես Հայաստանում: Իսկ 1991 թվին Հայաստանի անկախացումը է՛լ ավելի լայն հնարավորություններ բացեց Միության առաջ, որն առավել կարեւոր դեր ստանձնելով, կամրջող օղակ դարձավ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ:

Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի բարերարների կողմից հովանավորվող հատուկ ծրագրերը, որոնցում ընդգրկվել են բոլոր տարիքային եւ սոցիալական խմբերը, 34 երկրներում ծառայել են ավելի քան չորս հարյուր հազար մարդկանց եւ ապահովել տարեկան ավելի քան 2000 հավելյալ աշխատատեղ: Այդ ծրագրերի իրականացմանը ՀԲԸՄ-ն հատկացրել է 85 մլն դոլարից ավելի:

ՀԲԸՄ-ի Հայաստանում իրագործվող ծրագրերից են.

Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է բարձրագույն կրթության բնագավառում աննախադեպ հնարավորություն ընձեռել ուսանողներին սովորելու Մագիստրոսի կոչում շնորհող գործարար ղեկավարում, ճարտարագիտություն, իրավագիտություն, հանրային առողջապահություն, քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ շրջակա միջավայրի պահպանություն բաժիններում: 2001 թվականից սկսած դրանց գումարվեց նաեւ համակարգչային եւ ինֆորմացիոն գիտությունների բնագավառում Մագիստրոսի աստիճան շնորհող ծրագիրը: Առ այսօր ՀԱՀ-ը ավարտել են ավելի քան 1500 շրջանավարտներ, որոնցից շատերն արագ հաջողության են հասել իրենց ընտրած աշխատանքային գործունեության ասպարեզումՙ շնորհիվ արեւմտյան կրթական համակարգի հետ ծանոթության եւ մասնագիտական ուսումնառության: ՀԱՀ-ի երկամյա ծրագրերում սովորում են տարեկան շուրջ 400 ուսանողներ:

1996 թվականին Թոմաս Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային հետազոտությունների եւ կրթության ինստիտուտի հետ համատեղ ու Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի ռադիոլոգիայի դոկտոր պրոֆեսոր Լեւոն Նազարյանի ղեկավարությամբ ՀԲԸՄ-ն հիմնադրել է ուլտրաձայնային հետազոտության բաժիններ Ուռուցքաբանության եւ Էրեբունի հիվանդանոցներում: Չորս տարի անց դարձյալ համագործակցելով Երեւանի պետական բժշկական համալսարանում, նրանք բացել են նոր ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն ուսանողների եւ բժիշկների համար: Ուլտրաձայնային հետազոտությունը ապահով եւ համեմատաբար էժան մեթոդ է ներքին օրգանների հետազոտության համար եւ բազմաթիվ դեպքերում օգտագործվում է որպես ախտորոշիչ կլինիկական միջոց: Կենտրոնում վերապատրաստվելիսՙ բուժանձնակազմը ստանում է ցուցումներ գերձայնային հետազոտության կիրառումների բոլորՙ վիրահատական, որովայնային, մանկաբարձական եւ գինեկոլոգիական բնագավառներում: Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնում վերապատրաստվել են 50 բժիշկներ եւ 30 ուսանողներ: Դոկտոր Նազարյանի հովանավորությամբ կենտրոնը 2005 թվականին ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆ:

Մեծագույն հավատքով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Սբ. Էջմիածնի հետ միասին ապահովում է մեր ժառանգության պահպանումը ապագա սերունդների համար: ՀԲԸՄ բարերարները ֆինանսավորել են Սբ. Էջմիածնի բակում բացօթյա խորանի, Էջմիածնի միաբանական շենքերի, Երեւանի Սբ. Սարգիս եւ Սբ. Երրորդություն եկեղեցիների, Գյումրիի Սբ. Հակոբ, Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցիների կառուցման աշխատանքները: ՀԲԸՄ բարերարի կողմից ֆինանսավորվել է նաեւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի կառուցումը: Բացի այդ, Հայաստանում քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ վերականգնվել են Սբ. Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների սկզբնական գույները: Աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցուՙ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորչի բացումը տեղի ունեցավ 2001 թ. սեպտեմբեր ամսինՙ իբրեւ 1700-ամյակի տոնակատարությունների խորհրդանիշ: Հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ բարերարները եղել են եկեղեցու շինարարության գլխավոր հովանավորները:

2001 թ. ՀԲԸՄ-ն գնեց 120 տեղանոց Պրոկտոլոգիայի հիվանդանոցը, որտեղ տարիներ շարունակ գործում էր ՀԲԸՄ-ի կողմից հովանավորվող Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը: 2001 թ. վերջին ՀԲԸՄ-ն հիվանդանոցը նվիրաբերեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնինՙ օժանդակելու համար եկեղեցու մարդասիրական առաքելությանը: ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է վերջերս Սբ. Ներսես Մեծ վերանվանված հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները: Հիվանդանոցն ընդգրկում է պրոկտոլոգիայի, վնասվածքային ոսկրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, ընդհանուր եւ վերականգնողական վիրաբուժության, գինեկոլոգիայի, ուռոլոգիայի, ախտորոշման խորհրդատվության եւ այլ բաժիններ:

1993 թ.-ի փետրվար ամսին ՀԲԸՄ-ն եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը միավորեցին իրենց ուժերը Երեւանում երեք հայորդաց տներ կազմավորելու համար: Դպրոցների գերծանրաբեռնվածության եւ դասաժամերի կրճատման պայմաններում Հայորդաց տները կազմակերպում են պատմության, լեզվի, համակարգչային գիտելիքների, արվեստի, երաժշտության, պարի, ձեռքի աշխատանքի եւ սպորտի ամենօրյա դասեր ժամը 14.00-ից մինչեւ 19.00: Բոլոր երեք հայորդաց տներն ունեն մատուռ: Յուրաքանչյուր շաբաթ անց են կացվում եկեղեցական ժամերգություններ եւ Աստվածաշնչի դասեր: Ընդհանուր առմամբ հայորդաց տներում սովորում են 6-ից 16 տարեկան 4000 աշակերտներ, եւ աշխատում են 300 վարչական աշխատակիցներ: Վերջին տարիների ընթացքում հայորդաց տներից յուրաքանչյուրը կապիտալ վերանորոգվել է, եւ արդիականացվել են դասասենյակները: ՀԲԸՄ բարեգործական ճաշարաններից երեքը ներկայումս տեղակայված են Արաբկիր, Մալաթիա եւ Նոր Նորք հայորդաց տների շենքերում:

Վազգենյան հոգեւոր դպրանոցը (անվանված ի պատիվ երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի), որը հիմնադրվել է 1993 թվականին, խոշոր դրամաշնորհ ստացավ ՀԲԸՄ բարերարից Սեւանա լճի բարձրաբերձ տարածքում 100 ուսանողների համար նախատեսված նոր հանրակացարանի եւ առանձին մատուռի կառուցման նպատակով: Նոր հանրակացարանն ունի գրասենյակներ, գրադարան, ինչպես նաեւ սենյակներ աշխատակազմի եւ ուսանողների համար: Հանրակացարանի շինարարությունն ավարտվել է 2002 թվականին:

Առ այսօր Սեւանի հոգեւոր դպրանոցն են ավարտել իննսունից ավելի սարկավագներ եւ քահանաներ: Ներկայումս, պարտադիր զինծառայության շրջանակներում, շրջանավարտների մի մասը նշանակվել է քահանա զանազան ծխերում, իսկ ոմանք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ստանձնել են վարչական պաշտոններ: ԱՄՆ-ից ՀԲԸՄ անդամ հովանավորների մի խումբ վերջին տասներկու տարիների ընթացքում ֆինանսավորել է դպրանոցի տարեկան ծախսերըՙ սահմանելով մշտական նվիրաբերության ֆոնդ:

Ընդունելով կատարողական արվեստի կարեւորությունը Հայաստանումՙ 1992 թվականից սկսած ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է հայուր տասը երաժիշտներից բաղկացած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Տարեկան դրամաշնորհներ են հատկացվում ամենշաբաթյա համերգների, նոր երաժշտական գործիքների, վարչական ծախսերի, հավելյալ աշխատավարձերի, միջազգային համբավ ունեցող հրավիրված երաժիշտների եւ հատուկ տոնակատարությունների համար: ՀՖՆ-ն հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ Միջին Արեւելքում, ինչպես նաեւ թողարկել է ավելի քան հիսուն լազերային ձայնասկավառակ:

ՀԲԸՄ-ն շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել մոտ 1200 թոշակառուների եւ ծնողազուրկ երեխաներիՙ նրանց ամենօրյա ճաշ մատակարարելով Երեւանի, Սեւանի, Էջմիածնի եւ Հրազդանի վեց ճաշարաններում: Մարդասիրական օգնություն ստացողներից շատերն իրենց հետ տուն են տանում առատորեն մատուցվող ճաշի իրենց բաժինըՙ ընկերների եւ ընտանիքի հետ կիսելու համար: Հիվանդների եւ հաշմանդամների համար կերակուրը հասցնում են տուն հատուկ կամավորները:

Հայաստանի գրողների միության համագործակցությամբ ՀԲԸՄ-ն սկիզբ է դրել գրքերի հովանավորչական մի ծրագրի, որի շնորհիվ հայկական պոեզիայի, արձակի եւ դրամատուրգիայի լավագույն նմուշները շուտով լույս կընծայվեն անգլերեն թարգմանություններով: Մինչ այդ, 2004-ին արդեն Հայաստանում հրատարակվեց ամերիկահայ ճանաչված գրող Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» գրքի հայերեն թարգմանությունը: Ընթացքի մեջ է հայազգի մեկ ուրիշ հայտնի գրողի ՙ Լեւոն Զավեն Սյուրմելյանի «98.6 աստիճան» գրքի թարգմանությունն ու հրատարակումը:

Օպերային թատրոնում ՀԲԸՄ-ի հովանավորությամբ վերջին տարիներին իրականացվել են «Կարմեն» եւ «Անուշ» օպերաների, ինչպես նաեւ «Գայանե» բալետի նոր բեմադրությունները, ամբողջովին նոր բեմական հանդերձանքներով եւ զգեստներով:

2001 թվին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, ՀԲԸՄ-ի հովանավորությամբ, վաղամեռիկ Խորեն Աբրահամյանը բեմադրեց Պերճ Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը, ապա նաեւ Կոբեռնի «Ջին խաղը»:

Հեռուստատեսության բնագավառում Բարեգործականը 2003 թվին սկսեց իրականացնել «Օտար ամայի ճամփեքի վրա» վերնագրով աննախադեպ մի ծրագիր, որի հետաքրքրական հաղորդումներին ուշիուշով հետեւում են բազմաթիվ հայաստանցիներ եւ սփյուռքահայեր: Դրանից առաջ Աստծո խոսքը երիտասարդներին հասցնելու նպատակով միությունը ֆինանսավորել է նաեւ եկեղեցական երիտասարդական հեռուստատեսային ծրագրեր, ինչպես նաեւ Արա Շիրինյանի «Մինաս Ավետիսյան» վավերագրական ֆիլմը արվեստագետի եղերական վախճանի մասին:

ՀԲԸՄ-ն երկար տարիներ համագործակցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ, տրամադրել նյութական օժանդակություն ինչպես գիտական աշխատությունների հրատարակման, այնպես էլ հեռահաղորդակցական սարքավորումների ձեռքբերման համար:

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի համագործակցությամբ ֆինանսավորել է մեկ շաբաթյա սիմպոզիում ԱՊՀ երկրների սրտաբանների համար: Դիվանագիտական ասպարեզում աշխատողների համար մշակել է «Հայաստանի առաքելությունը ՄԱԿ-ում» վերապատրաստման ծրագիրը:

Օդափոխության եւ անվտանգության սարքավորումներով ապահովել է Մատենադարանի ձեռագրերի գրադարանը:

Վերանորոգվել են պետհամալսարանի ուսումնական շենքերը եւ հյուրանոցը, ջեռուցման համակարգ է տեղադրվել Երեւանի ճարտարագիտական համալսարանում եւ բոլոր դպրոցներում: ՀԲԸՄ-ն աջակցել է նաեւ Ցեղասպանության թանգարանի հիմնադրմանը:

Կարեւորելով Գյումրիի արվեստասեր ժողովրդի հնարավորություններն ու ընդունակությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով անկախությունից հետո քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ՀԲԸՄ-ն Գյումրիում հիմնեց Գյումրիի Արվեստների Ակադեմիան, որտեղ իրենց մասնաճյուղերն ունեցան Երեւանի Գեղարվեստի ակադեմիան, Կոնսերվատորիան եւ Թատերական ինստիտուտը: 1997 թվին Ակադեմիան ընդունեց իր առաջին սաներին: Բոլորովին վերջերս Միությունն օժանդակեց նաեւ Ակադեմիայի ձեղնահարկում արվեստանոցների ստեղծմանըՙ արվեստի բաժնի ուսանողների համար:

ՀԲԸՄ-ի Լոնդոնի մասնաճյուղը ուշադրության կենտրոնում պահելով Մեծ Բրիտանիայի կառավարության հիմնադրած Լորդ Բայրոնի անվան դպրոցը, տարբեր ժամանակներում դպրոցն օժտել է կաթսայատնով, կազմակերպել երեխաների այցը Լոնդոն եւ բոլորովին վերջերս էլ վերականգնել դպրոցի խաղահրապարակը:

Միության Լոնդոնի մասնաճյուղը օժանդակություն է հատկացրել նաեւ Գյումրիի «Հույս» մանկատանը: Իսկ Շիրակի մարզի Աշոցքի շրջանի գյուղերի անապահով ընտանիքներին տրամադրել խոշոր եղջերավոր անասուններ, սնունդ եւ հումանիտար օգնություն: Ներկայումս ընթացքի մեջ են Գյումրիի թերհաս երեխաների թիվ 3 դպրոցի վերանորոգման աշխատանքները:

Հայաստանի սոցիալական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել են Վանաձորի որբանոցի հարմարությունները, ինչպես նաեւ թիվ 4 պոլիկլինիկան, Եղեգնավանի ոռոգման համակարգն ու Գողթանիկ գյուղի ջրամատակարարման խողովակները:

Վերջերս ՀԲԸՄ-ն բացել է իր գրասենյակը Ստեփանակերտում, որպեսզի վերահսկի ԼՂՀ-ում իրականացվող բազմաթիվ ծրագրերըՙ ներառյալ Ղարաբաղի նորաստեղծ կամերային նվագախմբի (ՂԿՆ) ֆինանսավորումը, Ղարաբաղի պատերազմի վետերանների եւ այրիների համար նախատեսված շինության կառուցումը, ինչպես նաեւ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի վերակառուցումը: ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը նախաձեռնել է Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը: 23 տների, մանկապարտեզների եւ բուժկետի շինարարության աշխատանքներն արդեն ավարտված են: Կապված լինելով հարազատ գյուղինՙ շինարարության ավարտից հետո ընտանիքները հետ են վերադառնում: Ներկայումս ընթանում է Նորաշենի դպրոցի կառուցումը: Ղարաբաղի կամերային նվագախմբի ստեղծումը 2004 թվականի աշնանը վերածնեց հանրապետության մշակութային կյանքը: Նվագախմբի 18 երաժիշտներից 12-ը Երեւանից են: Բացի ՂԿՆ-ում հանդես գալուց նրանք նաեւ երաժշտություն են դասավանդում Ստեփանակերտի երաժշտական քոլեջում, ինչպես նաեւ Շուշիի եւ Լաչինի երաժշտական դպրոցներում: Մյուս 6 երաժիշտները տեղի բնակիչներ են: ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը նախաձեռնել է մի նոր գյուղի վերակառուցում Ղարաբաղի հարավային դարպասների մոտ, Նորաշենից ոչ հեռու: Բարեշեն կոչվող այդ գյուղի վերակառուցման աշխատանքները սկսել են 2005 թվականի վերջերին:

Բազմաթիվ եւ բազմաբնույթ են Բարեգործականի հայաստանյան ծրագրերը: Բոլորը թվել հնարավոր չէ:

Ջերմորեն շնորհավորելով այդ ազգանվեր հաստատության շուրջ բոլորված անձանց, մաղթում ենք հարատեւություն եւ ավելի բարգավաճ ապագա:

Խորին շնորհակալություն անցյալի ու ներկայի բոլոր բարերարներին:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4